Մատչելիության հղումներ

Լրագրողները դիմելու են ԱԺ խմբակցություններին՝ Անդրանիկ Քոչարյանի վարքը քննելու համար ստեղծելու էթիկայի հանձնաժողով


Լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանը, արխիվ
Լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանը, արխիվ

Լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանը հիմա ստորագրություններ է հավաքում, որպեսզի վաղը լրագրողների միասնական դիմում
ուղղի Ազգային ժողովի երեք խմբակցություններին, որ նախաձեռնեն էթիկայի ժամանակավոր հանձնաժողով՝ իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքը քննելու համար:

«Ստորագրությունները այս պահի դրությամբ 158-ն են և դեռ ավելանում են, վաղը առավոտյան մուտք եմ անելու», - «Ազատության» հետ զրույցում ասաց լրագրողը:

Վերջին միջադեպը տեղի է ունեցել մարտի 20 -ին. լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Անդրանիկ Քոչարյանը կոշտ տոնով պահանջել է լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին հեռանալ իր կողքից, հայտարարել, որ նա իրեն խանգարում է, սպառնացել է չհեռանալու դեպքում հարցազրույց չտալ նաև այլ լրագրողների, իսկ վերջում մեկնաբանություն արել լրագրողի շուրթերի մասին:

Անդրանիկ Քոչարյանը հետո նաև հայտարարել էր, որ չի պատրաստվում ներողություն խնդրել, իսկ հաջորդ օրը իր գլխավորած հանձնաժողովի նիստում հավելել, որ իր ասածի մեջ վիրավորական ոչինչ չի տեսնում, և որ ինքը պարզապես հղում է արել Բագրատ սրբազան Գալստանյանին:

«Ընդամենը ես արձանագրել եմ, որ պետք է խոսքը օգտագործելուց լինի մաքուր», - ասել էր իշխանական պատգամավորը:

«Ինքը հանձնաժողովի նիստում հայտնել է, որ չի պատրաստվում ներողություն խնդրել, հայտնել է, որ մենք բոլորս մտածել ենք մեր փչացածության աստիճանով, այսինքն՝ բոլորը, հասարակությունը, որ այսքան աղմուկ է բարձրացրել տեսանյութը դիտելով, բոլորը փչացած են, և Անդրանիկ Քոչարյանն է միայն ամենասուրբ մտքերն ունեցել, որոնք մենք այդպես էլ հասու չենք հասկանալ», - շեշտեց Հռիփսիմե Ջեբեջյանը:


Էթիկայի հանձնաժողով ստեղծելու գործընթացը գործող Սահմանադրությամբ և օրենքներով այժմ խոչընդոտների հաղթահարման վազքուղի է հիշեցնում: Նախ՝ որևէ խմբակցություն պետք է նախաձեռնի հանձնաժողով ստեղծելու գործընթաց, բայց մինչև հանձնաժողով ստեղծելը պատգամավորական էթիկայի հարցերով դիմումը պետք է ուսումնասիրի ու եզրակացություն տա Ազգային ժողովի աշխատակազմի փորձագետը, ապա հանձնաժողով ստեղծելու օգտին պետք է քվեարկի Ազգային ժողովի մեծամասնությունը, և միայն դրանից հետո հանձնաժողովը կստեղծվի:

Ստեղծվելու դեպքում էթիկայի հանձնաժողովը գործելու է մինչև երկու ամիս՝ անհրաժեշտության դեպքում ևս մեկ ամիս երկարաձգման հնարավորությամբ: Այս գումարման խորհրդարանում էթիկայի ժամանակավոր հանձնաժողով դեռ չի ստեղծվել, չնայած սկանդալային միջադեպեր էլի եղել են:

Արդյոք խմբակցությունները կնախաձեռնե՞ն էթիկայի հանձնաժողով ստեղծելու գործընթաց, մանրամասները՝ «Ազատության» ռեպորտաժում.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG