Մատչելիության հղումներ

Եթե ՔՊ-ն տապալի հանձնաժողովի ստեղծումը, ուրեմն «հովանավորում է Քոչարյանի պահվածքը». Թովմասյան


ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյան, արխիվ
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյան, արխիվ

Ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանը պատահական չի համարում, որ Ազգային ժողովի աշխատակազմը դրական եզրակացություն է տվել իշխանական Անդրանիկ Քոչարյանի հարցով էթիկայի հանձնաժողով ստեղծելու իրենց դիմումին: Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» ու «Հայաստան» խմբակցություններն արդեն ստացել են աշխատակազմի խորհրդատվական կարծիքը:

«Ակնհայտ է, որ քաղաքական որոշում է եղել տալ մասնագիտական եզրակացություն փորձագետի կողմից, որ անհրաժեշտություն կա ձևավորել էթիկայի հանձնաժողով», - ասաց Թովմասյանը:

Աշխատակազմի եզրակացությունից պատգամավորը ենթադրում է, որ իշխող մեծամասնությունը չի տապալի հանձնաժողով ստեղծելու ընդդիմադիրների նախաձեռնությունն ու կնպաստի, որ Պաշտպանության հանձնաժողովի նախագահի վարքը քննեն:

«Անդրանիկ Քոչարյանի վարքագիծն ակնհայտորեն հակասում է պատգամավորի երաշխիքների մասին օրենքին երկու մասով՝ մեկ, որ հանրության բարոյական նորմերն է խախտել, և երկրորդ՝ լրագրողի հետ խտրական վերաբերմունքի դրսևորման արդյունքում նա ցուցաբերել է անընդունելի խտրական վերաբերմունք», - հայտարարեց Թագուհի Թովմասյանը:


Իշխող մեծամասնության պատգամավոր Քոչարյանը յոթ տարի է՝ խորհրդարանում աչքի է ընկնում ոչ պատշաճ վարքով, վիրավորում է լրագրողներին, ակնհայտ խտրական ու բացասական վերաբերմունք ունի կանանց նկատմամբ, ասում է ընդդիմադիր Թովմասյանը: Հանձնաժողով ստեղծելու առիթը լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի հետ միջադեպն էր: Պատգամավորը պահանջում էր, որ լրագրողը կանգնի իր ուզած տեղում, հակառակ դեպքում սպառնում էր մյուսներին էլ հարցազրույց չտալ, հետո էլ վիրավորեց Ջեբեջյանին:

Լրագրողական կազմակերպությունները պահանջեցին, որ Անդրանիկ Քոչարյանը ներողություն խնդրի, ներողության փոխարեն նա արդարացավ, թե իրեն սխալ են հասկացել. «Դրա մեջ որևէ վիրավորական բան չկա, որևէ, ես ընդամենը արձանագրել եմ, որ պետք է խոսքը օգտագործելիս լինի մաքուր, թե դուք դրա մեջ ինչ եք պատկերացնում, ձեր պրոբլեմն է, եթե սխալ բան եք հասկացել, ամեն մարդ մտածում է իր փչացվածության աստիճանով»:

Իշխող ՔՊ-ն էլ Անդրանիկ Քոչարյանի պահվածքին չանդրադարձավ: Իշխանականներից Քրիստինե Պողոսյանը համարձակվեց իր կարծիքն ասել՝ տգեղ ու վատ որակեց թիմակցի պահվածքը: Պատգամավորը կողմ է, որ էթիկայի հանձնաժողովը ձևավորվի. «Կողմ եմ, որ հանձնաժողովը առհասարակ մշտական լինի, և անհրաժեշտության դեպքում բոլորիս վարքը քննեն»:

Պատգամավորը չմեկնաբանեց հարցը, թե կո՞ղմ է, որ անընդհատ սկանդալի կենտրոնում հայտնվող գործընկերը մանդատը վայր դնի ու հեռանա խորհրդարանից, ինչպես եղավ ՔՊ-ական Վիլեն Գաբրիելյանի դեպքում, ով լքեց Ազգային ժողովը անսթափ վիճակում լրագրողին հայհոյելուց հետո:

Պատգամավոր Թովմայսանը հույս ունի, որ Անդրանիկ Քոչարյանի հարցը կհասնի առաջիկա լիագումար նիստին: Նախ Քոչարյանի վարքը քննելու մասին էթիկայի հանձնաժողով ստեղծելու նախագիծը Պետաիրավական հանձնաժողովում կքննարկեն, որից հետո լիագումար նիստում: Միայն ընդդիմադիրների ձայները բավարար չեն, որ նախագիծն ընդունվի, Անդրանիկ Քոչարյանի թիմակիցներն էլ պետք է կողմ քվեարկեն:

Հարցին՝ իսկ եթե տապալե՞ն, Թովմասյանը պատասխանեց. «Նշանակում է, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հովանավորում է այդ վարքագիծը, ինչը ցուցաբերում է Անդրանիկ Քոչարյանը, անընդունելի, լկտի վարքագիծ լրագրողի նկատմամբ»:


XS
SM
MD
LG