Մատչելիության հղումներ

Բանակում բարեփոխման մասին խոսք լինել չի կարող, ոչ մի բան չեն անում պատասխանատուները. իրավապաշտպան


Եվս մեկ զոհ ոչ մարտական պայմաններում

9 ամսվա ծառայող էր 18-ամյա Աղասի Դալլաքյանը, ում մահվան գույժը երեկ հաղորդեց Պաշտպանության նախարարությունը կարճ մեկնաբանությամբ՝ դին հայտնաբերվել է հրազենային վնասվածքով։

Շիրակի մարզի Բասենից տարեսկզբին զորակոչված տղային վերջին անգամ գյուղում տեսել էին մի քանի ամիս առաջ։ Կարճատև արձակուրդի էր եկել, «Ազատությանը» փոխանցեց գյուղի վարչական ղեկավար Հայկ Մնացյանը՝ ավելացնելով՝ համեստ ընտանիքի երեխա էր, ոչնչից չէր դժգոհում։

«Նույն տան մեջ բնակվել են ինքը, իր փոքր եղբայրը, հայրը, մայրը, տատը, պապը։ Իրենց ընտանիքը շատ համերաշխ, գյուղի մեջ հարգանք վայելող, աշխատասեր ընտանիք է։ Մի քանի ամիս առաջ արձակուրդ էր եկել, ես էլ եմ հետը շփվել։ Նորմալ, գոհ էր ինքը ծառայությունից», - ասաց նա։

Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել՝ սպանության հոդվածով, այլ մանրամասներ չեն հաղորդվում, կասկածյալների կամ մեղադրյալների մասին տեղեկություն չկա։

Ժամկետային զինծառայող Աղասիի մահը երկրորդն է մեկ շաբաթվա ընթացքում. 6 օր առաջ՝ հոկտեմբերի 7-ին էլ, դիրքում հայտնաբերվել էր Սյունիքի Ագարակ համայնքի զինծառայող Վահե Հարությունյանի մարմինը՝ դարձյալ հրազենային վնասվածքով։ Այս դեպքով քրեական գործ էր հարուցվել հրամանատարի կողմից զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածով։

Ինքնասպանություններ, սպանություններ, առողջական խնդիրներ, ավտովթարներ, հրդեհ. բանակային խնդիրներով զբաղվող իրավապաշտպանները մտահոգիչ վիճակագրություն են ներկայացնում՝ տարեսկզբից 32 զինծառայող է մահացել, նրանցից 4-ը զոհվել էն հակառակորդի կրակոցից, փաստացի 28 զինվոր 10 ամիսների ընթացքում մահացել է ոչ մարտական պայմաններում։ Նախորդ տարի այդ թիվը կազմում էր 53, միայն 15 զինվոր անցած հունվարին զոհվեց Ազատի գյուղի կացարանի հրդեհից։ 2022-ին ևս ոչ մարտական պայմաններում գրանցված մահերի թիվն անցել է երեք տասնյակը՝ 38 զոհ։

Այս ընթացքում բարձր ամբիոններից շարունակում են խոսել բանակում իրականացվող բարեփոխումների մասին։ Պաշտպանության նախարարությունից էլ վերջերս «Ազատությանը» փոխանցել էին, թե բարեփոխումներ կան, և դրանց մասին հրապարակումներ են անում պարբերաբար, նախարարությունը մշտական կապի մեջ է զինվորների ծնողների հետ։

Պաշտպանության նախարար գոյություն ունի՞, թե՞ չունի. Ալեքսանյան

«Բանակին հռչակում են ինքնասպանների բանակ, 7-8 դեպք է արդեն, որ ինքնասպանության թիվ են հայտարարում իրենք։ Բարեփոխման մասին խոսք անգամ չի կարող լինել այն, ինչ մենք տեսնում ենք», - ասում է «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» կազմակերպության ղեկավար Ժաննա Ալեքսանյանը։

Իսկ պաշտպանության նախարար գոյություն ունի՞, թե՞ չունի, հարց է բարձրացնում նա։

Տևական ժամանակ է՝ տարբեր իրավապաշտպաններ թվարկում են պաշտպանական կառույցում առկա բազմաթիվ խնդիրների մասին՝ հարուցված քրեական գործերով քննությունները շատ հաճախ թափանցիկ չեն, զոհված զինծառայողների ընտանիքներն անտեսված են նախարարության կողմից, բանակում շարունակում են գործել քրեական բարքերը։ Ու ո՞վ պետք է այս ամենի համար պատասխանատվություն կրի, հարց է բարձրացնում իրավապաշտպան Ալեքսանյանը։

«Ի՞նչ է արել Պապիկյանը, բացի տոների մասնակցելուց, անկենդան մարմինը վերադարձնում են ծնողին, իրենք գնում են, նշում են տոնակատարություն «Էրեբունի-Երևան»։ Ոչ ընդունում են ընտանիքներին, ոչ մի բացատրություն չեն տալիս, իսկ Պապիկյանի գոյության մասին ես, օրինակ, ոչ մի տեղեկություն չունեմ, ասենք՝ որևէ դեպքով խոսի։ Դու գնաց՞իր այնտեղ, ասացի՞ր՝ ինչ է կատարվում։ Դուք ի՞նչ եք անում, որ չկրկնվեն դեպքերը, ոչ մի բան։ Ոչ Փաշինյանին է դա հետաքրքրում, ոչ Պապիկյանին, ոչ էլ հանրությանը», - նշեց նա։

Ըստ Տիգրան Աբրահամյանի՝ պատասխանատուներին այլևս ներքևի օղակում պետք չէ փնտրել

ԱԺ Անվտանգության և պաշտպանության հանձնաժողովի անդամ, ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ բանակում տեղի ունեցող բացասական երևույթների, առավել ևս սպանության, ինքնասպանության դեպքերի մասով անգամ հայտարարություններ չեն արվում։ Հիմնական խնդիրը կարգապահության բացակայությունն է, կարծում է ընդդիմադիր գործիչը, ավելացնելով՝ պատասխանատուներին այլևս ներքևի օղակում պետք չէ փնտրել։

«Խնդիրը ոչ այնքան տարբեր բանակային օղակներն են կամ նույնիսկ Պաշտպանության նախարարությունը, սա, կարծում եմ, շատ ավելի բարձր է և ըստ էության խոսում է այն մասին, որ կառավարությունն իր ծրագիրը չի իրականացրել, կառավարության գլխում կանգնած անձը խոստացել է, բայց խոստացածը մնացել է թղթի վրա։ Էլ չեմ խոսում այն մասին, որ քաղաքական իշխանության բառապաշարը զինված ուժերի և բանակին վերաբերող այս տեսանկյունից որևէ ձևով չի բխում բանակում այնպիսի մթնոլորտի կամ միջավայրի ապահովմանը, որի դեպքում կարգապահության հետ առնչվող հարցերը գոնե որոշակի առումով հետ կնահանջեին», - ասաց պատգամավորը։

Իսկ արդյոք իշխող ուժը մահվան դեպքերից հետո քննարկո՞ւմ է իր քաղաքական պատասխանատվության հարցը. խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները ողջ օրվա ընթացքում «Ազատության» հեռախոսազանգերին չպատասխանեցին։

«Մենք թույլ չենք տալու, որ սա ուղղակի դառնա լրահոսի վերնագիր։ Ամեն զոհի ետևում կա կոնկրետ մեղավոր, կոնկրետ պատասխանատու, և մենք պետք է գտնենք նրանց։ Սա է այս հրեշավոր լրահոսի առաջն առնելու տարբերակը», - դեռ 6.5 տարի առաջ՝ 2018-ի հունվարի տոնական օրերին, բանակում երկու զոհից հետո դեռ ընդդիմադիր պատգամավոր Փաշինյանն էր Ֆեյսբուքում այսպիսի գրառում արել։

Այսօր վարչապետի ֆեյսբուքյան էջը Երևանի երկնքով ճախրող օդապարիկներն էին զարդարում։

XS
SM
MD
LG