Մատչելիության հղումներ

«Մարտի 1-ի» գործով դատավորը դուրս հրավիրեց Yerevan Today-ի լրագրողին


«Մարտի 1»-ի գործով դատական նիստ Հակակոռուպցիոն դատարանում, արխիվ
«Մարտի 1»-ի գործով դատական նիստ Հակակոռուպցիոն դատարանում, արխիվ

«Հարգելի լրագրողներ, Yerevan Today-ից լրագրող մենք ունե՞նք։ Դուք ե՞ք». - «Մարտի 1-ի» գործով հերթական դատական նիստն առանց միջադեպ չանցավ. գործը քննող Հակակոռուպցիոնի դատավոր Սարգիս Պետրոսյանը դահլիճից հեռացրեց նիստը լուսաբանող Yerevan Today-ի լրագրողին՝ իր հարցին պատասխանելուց հետո։ Դատավորը լրագրողից հետաքրքվել էր՝ արդյոք նրան ուղղորդում են՝ ինչ գրել, ակնկարկելով «Մարտի 1»-ի գործով անցնող երկրորդ նախագահի թիմին։

«Ձեզ ամեն անգամ վերնագրեր գրելուց հուշում ե՞ն, հուշում ե՞ն ինչ վերնագրեր գրեք», - հարցրեց դատավորը:

«Կարծում եք՝ մենք ձեր նման չենք կարողանում ինքնուրույն աշխատե՞լ», - պատասխանեց Yerevan Today-ի լրագրողը:

«Այսի՞նքն», - արձագանքեց դատավորը:

«Այսինքն, եթե դուք ինձ մեղադրում եք նրանում, որ ինձ ուցե հուշում են վերնագիր գրելուց, ես նույն կարծիքը կարող եմ ունենալ ձեր մասին՝ մտածելով, որ ձեզ հուշում են ինչպես նիստ վարել», - ասաց լրագրողը:

«Դուրս գնացեք», - հայտարարեց դատավորը:

Սարգիս Պետրոսյանը վրդովվել էր, որ լրատվամիջոցն իրեն անվանել էր ՔՊ-ական, պնդեց՝ ոչ մեկ անգամ. - «Ընդգծումներ, ընդգծումներ: Իհարկե, նաև ասեցին, թե Yerevan Today-ի լրատվականը չգիտեմ ում է պատկանում, կամ, ես տեղեկություն չունեի, բայց չի կարելի, էլի»:

Հետո դատավորն ուղիղ Հայաստանի երկրորդ նախագահին դիմեց՝ անկարկելով, թե հենց նրա նախաձեռնությամբ է ընդդիմադիր լրատվամիջոցում իրեն իշխող ուժի հետ ասոցիացնող նյութեր հրապարակվում. - «Պարոն Քոչարյան, դուք տեսնում եք, որ էստեղ հնարավորինս, մաքսիմալ ձեր իրավունքը նախագահող դատավորը ապահովում է, որ չխախտվի: Բայց ամեն անգամ չի կարելի»:

Երկրորդ նախագահի պաշտպաններն էլ հերքեցին, թե որևէ կերպ իրենք կապ ունեն ընդդիմադիր լրատվամիջոցի ձևակերպումների հետ։ Նիստից հետո արդեն փաստաբան Արամ Վարդևանյանը դատավորի քայլը խոսքի ազատության սահմանափակ որակեց:

«Բոլոր դեպքերում, այն, ինչ տեղի ունեցավ հենց ձեր նկատմամբ, բնականաբար, որևէ մի մասնակցին դատավարության ընդունելի չէր կարող լինել, քանի որ խոսքի ազատության նկատմամբ որևէ սահմանափակումը ինքնին, գիտե, ծայրահեղ միջոց է հանդիսանում», - հայտարարեց Վարդևանյանը:

Դատավորն էլ այսօր, իր հերթին, հերքեց, թե որևէ կապ ունի իշխանության հետ։ Ավելի վաղ՝ այս դատավարության մեկնարկին, Սարգիս Պետրոսյանն ընդունել էր, որ դեռ տարիներ առաջ «Իմ քայլը» դաշինքին անդամակցելու առաջարկ է ստացել ու ընդգրկվել ցուցակում, ինչից կարճ ժամանակ անց դուրս է եկել։ Պետրոսյանը, սակայն, չէր պարզաբանել՝ ինչու։ Այսօր, ի դեպ, նա պաշտպանական կողմին առաջարկեց՝ եթե կասկածում են իր անաչառությանը, ապա կարող են բացարկի միջնորդություն ներկայացնել. - «Ամեն անգամ ընդգծելը՝ «նախին ՔՊ-ական», «նախկին ՔՊ-ական», ի՞նչ եք դրանով ասում»:

Արամ Վարդևանյանը, մինչդեռ, լրագրողների հետ զրույցում հայտարարեց. - «Քանի որ փաստացի չկա մեղադրանք, ապա այդ իմաստով նաև ամբողջական բացարկի միջնորդության հնարավորությունն էլ չկա: Բայց այդ հանգամանքի վերաբերյալ դատական նիստերից մեկի ընթացքում հենց անձամբ ես եմ բարձրաձայնել»:

Հակակոռուպցիոնը քննում է «Մարտի 1»-ի վերաբացված գործը։ Սահմանադրական դատարանը դեռ տարիներ առաջ հակասահմանադրական էր ճանաչել Ռոբերտ Քոչարյանին և նրա նախկին երեք ենթականերին առաջադրված մեղադրանքը՝ սահմանադրական կարգի տապալումը: Դրանից հետո արդեն առաջին ատյանի դատարանն արդարացրեց նրանց, բայց արդարացման որոշումն այդպես էլ ուժի մեջ չմտավ: Վճռաբեկ դատարանը երկուսուկես տարի քննելուց հետո գործը ուղարկեց հետ՝ նոր քննության, արդեն Հակակոռուպցիոն դատարան: Նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին նոր մեղադրանքների միջնորդություն է ներկայացվել՝ պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հոդվածով։


XS
SM
MD
LG