«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը, ում ինքնազգացողությունը երեկ վատացել էր, և տեղափոխվել էր հիվանդանոց, վերադարձել է Ազատության հրապարակ, «Ազատությանը» հայտնեց կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը: Նա հրաժարվում է հացադուլը դադարեցնել:
Մանե Թանդիլյանը մարտի 1-ից հացադուլ է սկսել Ազատության հրապարակում՝ ի պաշտպանություն Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ու Բաքվում պահվող մյուս հայ գերիների։ Թանդիլյանը հացադուլը սկսեց նաև Ռուբեն Վարդանյանին խնդրանքով՝ «դադարեցնել իր կյանքի համար անդառնալի սպառնալիք հանդիսացող հացադուլը»։
Փետրվարի 18-ից Բաքվի բանտում հացադուլ հայտարարած Վարդանյանն աշխարհի ուշադրությունն է հրավիրում, ինչպես ընտանիքի միջոցով էր փոխանցել, իր նկատմամբ դատական ֆարսի վրա: Նրա ամերիկացի փաստաբանն ահազանգել է Ադրբեջանում Վարդանյանի կյանքին սպառնացող վտանգի մասին:
Մարտի 7-ին հրապարակվեց Բաքվի բանտից նրա փոխանցած աուդիոուղերձը, որում Վարդանյանը բացատրել է ադրբեջանական բանտարկության մեջ արդեն երկրորդ անգամ հացադուլ անելու շարժառիթը, ընդգծել, որ բողոքի այդ ծայրահեղ քայլին է գնում ոչ թե մեկուսարանի պայմանների կամ իր վիճակի պատճառով, այլ բողոքում է դատական պրոցեսի դեմ: Դատաքննության մեկնարկից ի վեր Վարդանյանը հրաժարվում է ցուցմունք տալուց, բարձրաձայնում է իր նկատմամբ ապօրինությունների, կեղծված ապացույցների մասին: