Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոն՝ այս տարվա Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկիրը, իր մրցանակը նվիրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։
«Ես այս մրցանակը նվիրում եմ Վենեսուելայի տառապող ժողովրդին և Թրամփին՝ մեր պայքարին նրա վճռական աջակցության համար», - X-ում գրել է Մաչադոն, հավելելով՝ վստահում է Թրամփին և ամերիկացի ժողովրդին՝ որպես իր ամենամեծ դաշնակիցներ ազատության և ժողովրդավարության համար պայքարում։
Նախագահ Թրամփը, որ մրցանակի հավակնորդներից էր և պնդում էր, թե պաշտոնավարման յոթ ամիսների ընթացքում առնվազն 7 հակամարտություն է կարգավորել, երեկ հայտնել է, թե
հեռախոսազրույց է ունեցել Մաչադոյի հետ:
«Այսօր Նոբելյան մրցանակակիրներից մեկը զանգահարել է ինձ և ասել. «Ես ընդունում եմ այս մրցանակը ձեր պատվին, քանի որ դուք իսկապես արժանի եք դրան»», - ասել է նա։
«Դա իսկապես շատ հաճելի բան էր։ Ես նրան չասացի. «Այդ դեպքում մրցանակը տվեք ինձ», բայց կարծում եմ՝ նա կարող է», - հավելել է ԱՄՆ նախագահը։
2025 թվականի Նոբելյան խաղաղության մրցանակը շնորհվել է Մարիա Կորինա Մաչադոյին՝ Վենեսուելայում ժողովրդավարական իրավունքների պաշտպանության իր պայքարի համար։