Ուկրաինական դրոնները կրկին հասել են Մոսկվայի մարզ: Այս գիշեր առնվազն 10 անօդաչու թռչող սարքեր են խոցվել Մոսկվայի մարզում։
Քաղաքապետ Սոբյանինը հարձակումն անվանել է ամենախոշորներից մեկը պատերազմի սկզբից ի վեր: Նրա խոսքով՝ բոլոր անօդաչու սարքերը խոցվել են, իսկ դրանց բեկորների անկման հետևանքով ավերածություններ կամ զոհեր չեն եղել։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ընդհանուր առմամբ գիշերը Ռուսաստանի տարածքում 45 անօդաչու թռչող սարքեր են խոցվել:
Ռուսներն էլ, իրենց հերթին, գիշերը և վաղ առավոտյան անօդաչու թռչող սարքերով և թևավոր հրթիռներով հարձակվել են Կիևի վրա։ Ուկրաինայի իշխանությունների տվյալներով՝ բոլոր անօդաչուներն ու հրթիռները խոցվել են:
Միաժամանակ, չեն դադարում կատաղի մարտերը ճակատի բոլոր ուղղություններում, այդ թվում՝ Ռուսաստանի տարածքում:
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին երեկ երեկոյան հայտարարել է, որ ուկրաինական բանակը վերահսկողության տակ է վերցրել 93 բնակավայրեր և 1263 քառակուսի կիլոմետր Կուրսկի մարզում:
Ռուսական կողմից նոր տվյալներ, թե մարզի որ հատվածում են այսօր ընթանում մարտեր, չկան։
Մինչդեռ Կրեմլում, ինչպես վկայակոչելով իր աղբյուրները նախագահի վարչակազմում գրում է Meduza-ն, համարում են, որ Կուրսկի մարզում մարտերը կարող են տևել մի քանի ամիս: Այսինքն՝ Կրեմլում համարում են, թե ռուսական բանակին մի քանի ամիս է պետք սեփական տարածքից ուկրաինական ստորաբաժանումները հետ մղելու համար։ Սկզբում շոկ էր ռուսական էլիտայում, հետո նրանք սովորեցին մարտերին Կուրսկի մարզում և հիմա ուզում են նաև ռուսաստանցիներին համոզել, որ արտառոց ոչինչ տեղի չի ունեցել:
Ռուսաստանի տարածք երկու շաբաթ առաջ սկսված ներխուժման հիմնական նպատակներից մեկը իրատեսական օրակարգով բանակցային սեղանի շուրջ ռուսներին նստեցնելն է, «Ազատության» "Настоящее время" ծրագրի եթերում ասել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը. - «Որպեսզի Ռուսաստանը վերջապես նստի բանակցությունների սեղանի շուրջ իրատեսական պայմաններով, անհրաժեշտ է կիրառել հարկադրանքի երեք գործիք: Դրանցից մեկը ռազմական է՝ այն, ինչ մենք այսօր տեսնում ենք Կուրսկի մարզում, այսինքն՝ զգալի մարտավարական պարտություններ Ռուսաստանի համար»։
Ուկրաինական բանակի առաջխաղացումը հենց Ռուսաստանի տարածքում, Պոդոլյակի խոսքով, ապացուցում է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ միաժամանակ մի քանի պատերազմներ վարել ։
«Սրան զուգահեռ՝ տնտեսական պարտադրանքն է, այսինքն, կոպիտ ասած, պատերազմի արժեքը պետք է կտրուկ բարձրանա Ռուսաստանի համար։ Եվ երրորդը դիվանագիտական ճնշումն է, որը կապված է հեղինակության թուլացման հետ», - հայտարարել է ուկրաինացի պաշտոնյան: Նրա կարծիքով՝ տեսնելով, թե ինչ է կատարվում Կուրսկի մարզում, նույնիսկ չեզոք երկրներն են դադարում լուրջ վերաբերվել Պուտինին որպես համաշխարհային առաջնորդի:
Արևմտյան մամուլը, փորձագետները, մինչդեռ, նկատում են, որ հատկապես վերջին երկու շաբաթվա ընթացքում ռուսների առաջխաղացումն արևելյան ճակատում, մասնավորապես՝ Պոկրովսկի ուղղությամբ, արագացել է, նրանք գրեթե ամեն օր նոր բնակավայրեր ու դիրքեր են գրավում:
«Ռուսները դեռ մոտ մեկ ամիս կարող են առաջ գնալ Դոնեցկի մարզում», - ասում է ռազմական հարցերով փորձագետ Ալեքսեյ Գետմանը, - «Նրանք երկար են պատրաստվել հարձակմանը Դոնեցկի մարզում և մինչև սեպտեմբերի կեսերը կարող են առաջխաղացում ունենալ: Սակայն ասել, թե Կուրսկի մարզի վրա հարձակումը թուլացրել է ուկրաինական դիրքերը Դոնեցկի մարզում, ճիշտ չէ: Ե՛վ մեր, և՛ մեր դաշնակիցների գնահատմամբ՝ ամենաուշը սեպտեմբերի վերջին ռուսները Դոնեցկի ճակատում կանգ կառնեն և կա՛մ կանցնեն պաշտպանության, կա՛մ պարզապես կմնան իրենց դիրքերում»:
Այս պահին, սակայն, ռուսներն առաջ են գնում: Ամենաթեժ մարտերը Նյու Յորկ ավանի համար են. ռուսական կողմն ասում է, թե գրավել է ռազմավարական նշանակության այս ավանը, ուկրաինական կողմը պնդում է՝ մարտերն ավանի համար շարունակվում են: