Մատչելիության հղումներ

Ձերբակալվել է Շենգավիթի թաղապետարանի երկու աշխատակից


Շենգավիթ վարչական շրջան, Երևան
Շենգավիթ վարչական շրջան, Երևան

Ազգային անվտանգության ծառայության ու Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները շաբաթ երեկոյան Շենգավիթի թաղապետարան էին մտել: «Ազատության» տեղեկություններով՝ առևտրի վարչության երկու աշխատակիցներ են ձերբակալվել:

Հակակոռուպցիոն կոմիտեից «Ազատությանը» փոխանցեցին՝ քննչական գործողություններն ընթանում են իրենց մոտ քննվող քրեական վարույթի շրջանակներում, աշխատանքներն իրականացվել են ԱԱԾ-ի հետ համատեղ: Գործն, ըստ Հակակոռուպցիոնի, առնչվում է խոշոր չափերով կաշառք ստանալուն:

Մինչ Հակակոռուպցիոն կոմիտեն կմանրամասնի, վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը իր ֆեյսբուքյան էջում երեկ որոշ փակագծեր է բացել. «Կաշառք վերցնելը, հանրային միջոցներ յուրացնելը, այսպես ասած՝ փող ուտելն ինձ համար կարմիր գիծ է, որն անցնելն աններելի է: Հաշվի առնելով անմեղության կանխավարկածը՝ այս պահին կլռեմ»:

«Դեպքը տեղի չի ունեցել վարչական շրջանի շենքում ու ոչ էլ իմ ներկայությամբ»,- քաղաքապետարանի այսօրվա գործակարգավարականի ընթացքում թաղապետը հերքեց մամուլի հրապարակումներն ու կրկին փակագծեր բացեց. «Մի հոգի մեր աշխատակիցներից այս պահին, եթե չեմ սխալվում, տնային կալանքի տակ է: Համայնքային բյուջեից մեկ լումա գողանալն անգամ մեղմ ասած՝ սրիկայություն է»:

Զրույցը շարունակեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը. «Այստեղ, իհարկե, ոչ միայն համայնքային բյուջեից գողության մասին է խոսքը, այստեղ խոսքը նաև այն մասին է՝ ինչ-որ մի բան արձանագրելու, ինչ-որ մի բան չարձանագրելու համար կաշառք վերցնելու նաև մասին է խոսքը»:

Կաշառք տալու, ստանալու, պաշտոնեական դիրքը չարաշահելու մեղադրանքով վերջին 3 ամսում Երևանի քաղաքապետարանի՝ 3, իսկ թաղապետարանի՝ 2 պաշտոնյաներ են կալանավորվել:

Վերջինը Արսեն Կարոյանն է, նա քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչությունն էր ղեկավարում: Այս գործի շրջանակներում 12 մեղադրյալ կա:

Ավելի վաղ կալանավորվել էին նաև Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ղեկավար Արամ Գյուլզադյանն ու հողի վերահսկողության վարչության պետի տեղակալ Միքայել Ղիմոյանը: Շուրջ մեկ տարի է, ինչ բանտում է նաև Արաբկիրի վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանը:

Քաղաքապետը Ավինյանը, որ լրագրողական մի շարք հետաքննությունների հերոս է ԱՆԻՖ հիմնադրամի վիճահարույց գործարքների պատճառով, այսօր փոխքաղաքապետ Փամբուխչյանին հանձնարարեց համակարգային վերլուծություն անել՝ հասկանալու՝ որտեղից է սկսում այս կոռուպցիոն շղթան:

Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարը, սակայն, կարծում է, որ ապօրինի ցանկացած քայլ մեկ ամսվա կյանք ունի. «Համակարգն այնպիսին է, որ առնվազն արկածախնդրություն է նման քայլի գնալ, որովհետև պարբերաբար տարածքները փոփոխվում են աշխատողների միջև, և ստուգումներ են իրականացվում, այսինքն՝ անգամ այս գործողությունը չէր կարող երկար կյանք ունենալ, եթե
անգամ չբացահայտվեր բացառվածը, որ ամիսը մի անգամ ամբողջությամբ ֆիլտրացիա չարվի և չուսումնասիրվի, այսինքն՝ յուրաքանչյուր գործողություն ունի մեկ ամսվա կյանք»:

Անցած տարվա նոյեմբերին էլ Կենտրոն թաղապետարանի 3 աշխատակիցներ էին կալանավորվել՝ վարչական շրջանի առևտրի և սպասարկումների բաժնի պետ Արսեն Աղաբեկյանը, նրա տեղակալը և ևս մեկ աշխատակից:

Բոլոր կալանավորվածներն իրենց առաջադրված մեղադրանքները չեն ընդունում:



Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG