Մատչելիության հղումներ

Ձերբակալվել են Կենտրոնի թաղապետարանի երեք պաշտոնյաներ


Հակակոռուպցիոն կոմիտեն այսօր չորս անձ է ձերբակալել Կենտրոնի թաղապետարանում, երեքը պաշտոնյաներ են։ Թե ինչ կասկածանքով՝ պաշտոնապես դեռ չի հաղորդվում։ «Ազատությունը» միայն ականատես դարձավ, որ իրավապահները կատարված գործողությունից հետո թաղապետարանի շենքից մի սև պայուսակ դուրս բերեցին։ Մանրամասներ, սակայն, հրաժարվեցին հայտնել։

«Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին այլ տեղեկատվություն տրամադրել չենք կարող», - նշեց Կոմիտեի խոսնակ Մարինա Օհանջանյանը։

«Ազատության» տեղեկություններով՝ ձերբակալվածների թվում բաժնի պետ ու պետի տեղակալ կա։ Վարչական շրջանի աշխատակազմում որևէ մեկնաբանություն այդպես էլ չցանկացան տալ, առևտրի և սպասարկումների բաժնի դուռը, ուր եղել էին քննիչները, փակ էր:

Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանը ձերբակալությունների մասին Ֆեյսբուքում էր գրել՝ ակնարկելով, թե հարուցված գործը կոռուպցիոն բնույթ ունի. - «Հետևելով տեղի ունեցող իրադարձությունների ընթացքին՝ հավաստիացնում եմ, որ դեմ եմ աշխատանքային լիազորությունների չարաշահմանը և կոռուպցիայի ցանկացած դրսևորմանը»։

Երևանի քաղաքապետարանը առայժմ լուռ է, բոլոր հարցերը հորդորում են ուղղել իրավապահներին, որոնք էլ չեն բացահայտում, թե ինչ ենթադրյալ չարաշահումներ են հայտնաբերել Կենտրոնի թաղապետարանում և կոնկրետ որ պաշտոնյաներին են ձերբակալել։

Քաղաքային իշխանության շրջանակում սա առաջին ձերբակալությունը չէ, դեռ ամռանն Արաբկիր վարչական շրջանի ղեկավարին և տեղակալին էին կալանավորել՝ դարձյալ ենթադրյալ կոռուպցիոն հանցանքի համար։ Այս գործը դեռ դատարան չի հասել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG