Մատչելիության հղումներ

Սահմանազատման աշխատանքների «90 տոկոսն արդեն արված է»․ Փաշինյան


Ալմա-Աթայի հռչակագիրը խաղաղության պայմանագրում ներառելու հարցը կքննարկվի մայիսի 10-ին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախախարների Ղազախստանում կայանալիք հանդիպմանը, «Ազատության» հարցին ի պատասխան, այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ազատություն»-ը, մասնավորապես, հետաքրքվեց վարչապետից, թե ինչո՞ւ Բաքուն չի համաձայնում Ալմա-Աթայի հռչակագիրը ներառել նաև խաղաղության պայմանագրում, այն դեպքում, որ Երևանը պնդում է, թե Ադրբեջանը համաձայն է Ալմա-Աթայի հիմքով սահմանազատումն անցկացնել։

Փաշինյանը պարզաբանեց․ - «Ալմա-Աթայի հռչակագիրը որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման բազային սկզբունք ընդունված է Հայաստանի և Ադրբեջանի կողմից և դա անշրջելի իրողություն է, որովհետև դա արձանագրված է երկու երկրների կողմից բարձր մակարդակով»։

Անդրադառնալով սահմանազատման բուն գործընթացին, Փաշինյանն ասաց, որ այն տեղի է ունենում Խորհրդային Միության իրավաբանական ուժ ունեցող ամենավերջին քարտեզների հիման վրա։

«Ինչո՞ւ ենք խուսափում ասել՝ «այ էս մի կոնկրետ քարտեզի վրա», որովհետև գիտեք որ նախկինում էլ ասել ենք, որ մենք չենք ուզում կոնկրետ քարտեզի թվարկմամբ սահմանափակվել, որովհետև նախկինում էլ ասել ենք, որ մեզ համար կարևոր է Հայաստանի սահմանի պարագծի ամբողջական սահմանազատումն ապահովելուն միտված իրավական հիմքերի արտահայտումը և մենք ըստ այդմ գործում ենք նաև գործնականում», - ասաց Փաշինյանը՝ նշելով, որ նախկինում արած հայտարարություններից չեն շեղվել, գործում են այդ տրամաբանությամբ՝ օգտագործվում են քարտեզներ որոնք արտահայտում են Խորհրդային Միության փլուզման պահին Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև առկա սահմանները։

Աշխատանքների «90 տոկոսն արդեն արված է»

Սահմանային սյուները դառնում են անվտանգային երաշխիք Ոսկեպարի, Կիրանցի, Բերքաբերի, Բաղանիսի և ՀՀ համար, նշեց գործադիրի ղեկավարը։

«Մենք գտնվում ենք մի իրավիճակում, որ չունենք անվտանգության երաշխիքներ, և հետևաբար էս պայմաններում ո՞րը պետք է լինի մեր գործողությունը, մենք պետք է ստեղծենք անվտանգության երաշխիքներ և մենք հիմա ոչ միայն սահմանազատում ենք անում, սահմանազատման նպատակն է իրականացնել անվտանգության երաշխիքների ձևավորում և սահմանային սյուները երաշխիքների սյուներ են, անվտանգության սյուներ են», - ասաց վարչապետը՝ նշելով, որ գնում են պատերազմը բացառելու ճանապարհով․ - «Այս պահի դրությամբ աշխատանքի մեծ մասն արված է արդեն՝ 90 տոկոսն արդեն արված է, և ինչքան այդ աշխատանքն առաջ է գնում, ավելի է ուժեղանում այն համոզմունքը, որ ձևավորվում են անվտանգային երաշխիքներ և պատերազմը զրկվում է հիմքից, պատերազմը դառնում է անտրամաբանական, պատերազմը դառնում է ոչ լեգիտիմ»։

«Համաձայն եմ մինչև նոյեմբեր խաղաղության պայամանգիր կնքելու գաղափարին»

Վարչապետը նաև ասաց, որ համաձայն է մինչև նոյեմբեր խաղաղության պայամանգիր կնքելու գաղափարի հետ, սակայն դրա համար պետք է բանակցային հարթակներում համաձայնեցված սկզբունքներն արձանագրել խաղաղության պայմանագրում։

«Եթե ես հիմա ակնհայտորեն չեմ ասում, որ էս շաբաթվա վերջ ստորագրում ենք, նշանակում է դա դեռ տեղի չի ունեցել, և ես հույս ունեմ, որ առաջիկայում Ալմաթիում նախատեսված հանդիպմանն այդ առաջընթացը կարձանագրվի», - ասաց Փաշինյանը։

«Հայաստանը վարում է և պետք է վարի արտաքին ինքնուրույն քաղաքականություն»

Ասուլիսի մեկնարկին Փաշինյանն էկրանին ցուցադրեց «Իրական Հայաստանի» տեսլականը։

Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան պետություն է, և մենք սա պետք է ունենք ոչ միայն որպես նպատակ, այլ նաև գործողությունների և գործելակերպի հիմնադրույթ, հայտարարեց վարչապետը՝ շեշտելով՝ Հայաստանը վարում է և պետք է վարի արտաքին ինքնուրույն քաղաքականություն։

«Շատ կարևոր է նաև ինքնիշխանությունը որպես հիմք վերցնել ներքին հարաբերությունների համար, այն իմաստով, որ ներքին օրենսդրությունը և ներքին հարաբերությունները պետք է կարգավորվեն ժողովրդի կամքի համաձայն», - ասաց Փաշինյանը՝ նշելով՝ ՀՀ գոյության նպատակը քաղաքացիների ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ապրող մարդկանց ազատության, երջանկության, բարեկեցության ապահովումն է։

Խոսելով հարևանների հետ հարաբերություններից` Փաշինյանը շեշտեց Իրանի և Վրաստանի հետ բարիդրացիության խորացումն ու զարգացումը, Թուրքիայի և Ադրբեջանի հետ թշնամության կառավարումը, նվազեցումն ու զրոյացումը։

«Թշնամության կառավարում նշանակում է, որ այնպես անել, որ այդ թշնամությունը անկառավարելի դրսևորումներ չունենա մեր տարածաշրջանում, հասցնել այն նվազեցման փուլին և երկարաժամկետ ռազմավարության առումով այն շարժել զրոյացման ուղղությամբ», - ասաց Փաշինյանը՝ կրկին շեշտելով «Խաղաղության խաչմերուկի» կարևորությունը։

Խոսելով անվտանգության ապահովումից՝ Փաշինյանը կարևորեց արտաքին հարաբերությունների բազմազանեցումը, բանակի բարեփոխումները, համապարփակ անվտանգության և պաշտպանության համակարգի ներդրումը։

«Միայն խաղաղությունն է, որ կարող է երաշխավորել ՀՀ անվտանգությունը և մենք խաղաղության օրակարգը որդեգրել ենք որպես ՀՀ-ի անվտանգության ապահովման միջոց և իրագործում ենք որպես ՀՀ-ի անվտանգության երաշխավորման համակարգ»,- ասաց Փաշինյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG