Մատչելիության հղումներ

Կարապետյանը՝ «Մեր ձևով», Ծառուկյանը՝ «Առաջարկ Հայաստանին» ծրագրով. ո՞վ ո՞ւմ հետ է քննարկումներ սկսել

Լրացված

Ում հետ է «Մեր ձևով» շարժումը հնարավոր համարում կոնսոլիդացիան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը չի բացառում համագործակցությունը կալանավորված միլիարդատեր, գործարար Սամվել Կարապետյանի առաջնորդած «Մեր ձևով» շարժման հետ: Իսկ քաղաքական համագործակցության մասին, ըստ Մարուքյանի, կխոսեն, երբ ստեղծվի Կարապետյանի առաջնորդած ուժը:

«Շփումներ կան «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի հետ, - ասաց նա, - Ես կարող եմ մի բան ասել, որ երբ քաղաքական ուժը կձևավորվի, այդ ժամանակ մենք կարող ենք խոսել այդ մասին: Նաև բազմիցս եղել են տարբեր հարցազրույցներ, որտեղ ես չեմ բացառել համագործակցությունը Սամվել Կարապետյանի առաջնորդած ուժի հետ»:

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը, որ անազատության մեջ գտնվող միլիարդատեր, գործարար Սամվել Կարապետյանի եղբորորդին է, օրերս Կարպիս Փաշոյանի հետ զրույցում ասել էր, թե այս պահին քննարկվում է լայն կոնսոլիդացիայով ընտրություններին մասնակցելու հարցը, սակայն Կարապետյանը բացառել էր անձամբ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ կոնսոլիդացիան: Միաժամանակ, Սամվել Կարապետյանի առաջնորդած շարժման համակարգողն, ըստ էության, չէր բացառել համագործակցության հնարավորությունը Էդմոն Մարուքյանի և առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ:

«Լայն կոնսոլիդացիայի տարբերակ հնարավոր է՝ քննարկվում է», - ասել էր Նարեկ Կարապետյանը:

Արդյո՞ք Տեր-Պետրոսյանի ղեկավարած Հայ ազգային կոնգրեսը կհամագործակցի՞ Կարապետյանի առաջնորդած շարժման հետ, կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանն «Ազատությանը» փոխանցեց. «Մենք կհամագործակցենք ցանկացած ռացիոնալ և իրատեսական մտածողություն ունեցող քաղաքական ուժի հետ, որն ընդունում է իրական խաղաղություն կառուցելու, թալանի վերադարձը թույլ չտալու, Հայաստանը ճիշտ ռելսերին դնելու մեր մոտեցումները և կանգնած է մեր պատմամշակութային ինքնությունը պահպանելու դիրքերին»:

Ի դեպ, բացառելով երկրորդ և երրորդ նախագահների հետ կոնսոլիդացիան, Կարապետյանն արդեն մամուլի ասուլիսում ընդգծեց, թե Քոչարյանի և Սարգսյանի թիմերից որոշ անձանց հետ համագործակցությունը հնարավոր է:

Նկատենք, «Մեր ձևով» շարժման անդամների հաշվետու ժողովին բեմում էր Ռոբերտ Քոչարյանի թիմի նախկին անդամ, «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Արամ Վարդևանյանը:

«Չենք ասել, որ այդ ուժերի որևէ ներկայացուցչի հետ չենք գնա: Ինչպես հայտարարել ենք միշտ, յուրաքանչյուր պրոֆեսիոնալ, որը ունի մեծ փորձ և մաքուր ձեռքեր, կարող է մեզ միանալ, և շարժվենք առաջ», - ասել էր շարժման համակարգողը:

Ծառուկյանն ընտրություններին կմասնակցի «Առաջարկ Հայաստանին» ծրագրով

Մինչ Սամվել Կարապետյանի առաջնորդած շարժումը «մաքուր ձեռքերով արհեստավարժների» հետ է քննարկումներ ծավալում, ընտրություններին ընդառաջ «բանիմաց» անհատների հետ քննարկումներ է սկսել մեկ այլ խոշոր գործարար՝ Գագիկ Ծառուկյանը:

«Ես մտածում եմ, շփվում եմ, քննարկում եմ տարբեր ոլորտները տարբեր մասնագետների հետ: Այսօր Հայաստանում չկա մի մարդ, մի կուսակցություն, որ կարողանա մեր երկիրն այս վիճակից հանել: Անպայման պետք է լինի քննարկում, համախմբում, պարտադիր չէ, որ կուսակցական լինեն, այլ՝ մարդը տվյալ ոլորտի ներկայացուցիչն է, արդյունավետ, բանիմաց, ցանկանում է, որ իր երկիրը լավ լինի, հզոր, անկախ, ուժեղ, ժողովուրդը հարուստ լինի», - նշել է նա:

Չբացելով փակագծերը, թե կոնկրետ ում հետ է քննարկումներ սկսել, ակտիվ քաղաքականությունից հեռացած Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ ընտրություններին կմասնակցի «Առաջարկ Հայաստանին» ծրագրով:

«Ծրագիրը պետք է լինի՝ այսօր ուսումնասիրելով մեր երկրի հնարավորությունը, մեր ժողովրդի ունակությունը», - հավելել է նա:

«Ծառուկյանի հետ մեկ միասնական թիմով ենք մասնակցելու ընտրություններին». Սուրենյանց


ԲՀԿ առաջնորդի «Առաջարկ Հայաստանին» ծրագրին միանալու մասին արդեն հայտարարել է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցը: Ավելին, նա այսօր «Ազատությանը» փոխանցեց, որ Ծառուկյանի քաղաքական ուժի հետ միասին են մասնակցելու առաջիկա խորհրդարանական ընտրություններին:

«Մենք մեկ միասնական թիմով ենք մասնակցելու առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Իհարկե, ձևաչափային լուծումները երկուսը, երեքը կարող են լինել, ձևաչափային տարբեր մոտեցումներ հիմա քննարկվում են, բայց որ մեր քաղաքական ուժերը գնալու են կոնսոլիդացիայի և խորհրդարանական ընտրություններին մեկ թիմ դառնալու ճանապարհով, դա հստակ է», - հայտնեց նա:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG