Գործարար Սամվել Կարապետյանի թիմակիցները վստահ են՝ իրենց վարչապետի թեկնածուն հայ ժողովրդի համար ընդունելի կլինի, բայց անունը չեն հրապարակում: «Մեր ձևով» շարժումն այսօրվա ասուլիսին հայտարարեց, որ թեկնածուի անունը կհնչեցնեն այն ժամանակ, երբ կհայտնեն նաև իրենց քաղաքական ուժի մեկնարկի մասին:
Այսօրվա ասուլիսին «Մեր ձևով» շարժման համակարգող խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանն ասաց, որ որոշ քաղաքական ուժերի հետ արդեն իսկ բանակցություններ վարում են դաշինքով մասնակցության վերաբերյալ, սակայն դեռևս անհայտ է, թե նրանք ինչ ձևաչափով կմասնակցեն հաջորդ տարի կայանալիք ԱԺ ընտրություններին:
Կարապետյանը հայտնեց նաև, որ իրենց է միացել տնտեսագիտության Նոբելյան մրցանակի դափնեկիր Դարօն Աճեմօղլուն, որը տեսաուղերձով հանդես եկավ:
Կարապետյանները օգոստոսին ազդարարել էին «Մեր ձևով» նոր շարժում սկսելու մասին, որն էլ ամիսներ հետո պետք է դառնա գալիք ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացնող նոր քաղաքական ուժի հիմքը: Կալանավորված միլիարդատեր Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ «Տաշիր գրուպ» ընկերության փոխնախագահ Նարեկ Կարապետյանն է շարժումը ղեկավարում: Սամվել Կարապետյանն, ինչպես նշել է Նարեկ Կարապետյանն ավելի վաղ, այդ ուժի գաղափարական առաջնորդն է: