Վարչապետին ուղեկցող շարասյան մեքենայի հարվածից մահացած հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի հարազատների փաստաբան Րաֆֆի Ասլանյանն արձագանքում է երեկ կառավարություն - Ազգային ժողով հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հարցին, թե արդյոք տուժող կողմը կասկած ունի, որ այս գործի քննությանն ինքը կամ իշխանությունը միջամտում են:
«Տուժող կողմը ոչ թե կասկած ունի, այլ համոզված է, որ Նիկոլ Փաշինյանի ուղղակի կամ անուղղակի միջամտության հետևանքով է, որ երեք տարի է՝ որևէ մեկը քրեական պատասխանատվության չի ենթարկվել Սոնա Մնացականյանի մահվան համար, նույնիսկ պաշտոնից չի ազատվել, նույնիսկ պաշտոնավարումը չի կասեցվել: Այսինքն՝ այս ամենը կարող էր իրականացվել միայն պետական իշխանության բարձր հովանավորության ներքո», - ասաց Րաֆֆի Ասլանյանը:
Երեկ խորհրդարանում ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը, մատնանշելով Սոնա Մնացականյանի մահվան գործով երեք տարի ձգվող դատավարություները, հնարավոր ապացույցի անհետանալն ու մինչ օրս պատասխանատուների բացակայությունը, վարչապետին հարցրել էր. - «Ո՞նց է ստացվում այնպես, որ երբ հարցը վերաբերում է, օրինակ, որևէ ՔՊ-ականի, երբ հարցը վերաբերում է, օրինակ, Ձեր ուղղությամբ խնձոր նետածին կամ Սամվել Վարդանյանին, օրինակ, միանգամից րոպեներ է տևում: Երբ հարցը վերաբերում է այսպիսի դեպքերին, երբ պատասխանատվությունը ձեզ է վերաբերում, որևէ հետևանք չի ունենում»:
Նիկոլ Փաշինյանը չհամաձայնեց, թե իշխանության հանդեպ դատական ու իրավական համակարգը տարբերակված մոտեցում ունի, ու նշեց՝ եթե միջամտելու լինեին ՝ առաջին հերթին իրենց վերաբերող գործերով կմիջամտեին, սակայն իրենք էլ դժգոհ են դատական շատ որոշումներից:
«Որ ասում եք՝ մեր դեպքում դատական համակարգն ուրիշ կերպ է գործում, արտաքին գործերի նախարարը հետևից ասաց՝ «լո՞ւրջ եք ասում», որովհետև իր դեմ մահափորձի գործով մինչև այսօր որևէ մեկը դատապարտված չի: Դուք ունե՞ք հիմք, որ ես որևէ միջամտություն եմ արել գործին կամ տուժող կողմն ունի՞ հիմք, որ ես որևէ միջամտություն եմ արել գործին, ես ասում եմ՝ բացառված է», - հայտարարել է Փաշինյանը:
«Դատավարությունն անվերջ ձգձգվում է, տուժող կողմը կասկածներ ունի, որ դա արվում է, որ անցնի վաղեմության ժամկետը»
Տուժող կողմի ներկայացուցիչ Րաֆֆի Ասլանյանն ասում է՝ մի քանի պատճառ ունեն կարծելու, որ միջամտություն այս գործով կա: Նախ՝ դեպքից երեք տարի անց ոչ ոք չի ենթարկվել քրեական պատասխանատվության, չի ազատվել աշխատանքից: Դատավարությունն անվերջ ձգձգվում է, տուժող կողմը կասկածներ ունի, որ դա արվում է, որ անցնի վաղեմության ժամկետը՝ 5 տարին:
«Ձգձգումն ինչի՞ է արդյունավետ պաշտպանության կողմի համար, որովհետև ժամանակին անձը չի կալանավորվել: Այսինքն՝ երբ պետական միջամտությամբ մեղադրյալը պահվել է ազատության մեջ, ձգձգելու հնարավորությունը շատ մեծ է: Կալանավորված մեղադրյալի պարագայում պաշտպանական կողմը հնարավորություն չունի ձգձգել, իսկ երբ ազատության մեջ են պահում, արդեն օբյեկտիվ հիմքեր են ստեղծում, որպեսզի պաշտպանության կողմն էլ օրենքով չարգելված բոլոր միջոցներով ձգձգի», - ընդգծեց փաստաբանը:
Ըստ տուժող կողմի՝ կասկածելի է նաև ավտոշարասյան ռադիոկապի ձայնագրության անհետացումը, որ կարող էր որոշակի լույս սփռել իրականության վրա: Իրենք վստահ են՝ ձայնագրությունը ոչնչացվել է:
«Ինչ վերաբերում է ձայնագրությունների կորստին, էսպես ասած, որը տուժող կողմն ընկալում է որպես ոչնչացում, պարզաբանում են, որ իբրև թե տեխնիկական խոտանի պատճառով չի ձայնագրվել: Այս հանգամանքը նաև տուժող կողմի մոտ կասկած է ձևավորում, որ Նիկոլ Փաշինյանը միջամտել է նաև բուն դեպքին: Այսինքն՝ կա մի հանգամանք, որը ջանասիրաբար թաքցվում է հասարակությունից ու նաև վարույթն իրականացնող մարմնից», - ասաց Ասլանյանը:
Ըստ Րաֆֆի Ասլանյանի՝ այլ հանգամանք էլ վերաբերում է ավտոշարասյան ղեկավարներին, որոնց ևս տուժող կողմը փորձում է պատասխանատվության կանչել, սակայն դեռևս ապարդյուն, նրանց դեմ քրեական վարույթ հարուցել - չհարուցելու հարցը շրջապտույտի մեջ է Քննչական կոմիտեի և դատարանների միջև:
«Տվյալ պահի, դեպքի օրվա դրությամբ կառավարության որոշմամբ սահմանված էր, որ շարասյան վարորդների արագության համար անձնական պատասխանատվություն են կրում շարասյան ղեկավարները, մինչ օրս պատասխանատվություն չեն կրել, վարույթն անընդհատ կարճվում է, քրեական հետապնդում չի հարուցվում: Ի՞նչ արեցին հետագայում, բերեցին նախագիծ, կառավարությունով փոխեցին էս դեպքից հետո, նշեցին, որ արագության համար պատասխանատու են վարորդները», - ասաց նա:
Փաշինյանին ուղեկցող ավտոշարասյան վարորդ, գործով մեղադրյալ Արամ Նավասարդյանի փաստաբանը, դատավարության ընթացքում բազմիցս հակադարձել է, թե իրենց դատավարությունները չեն ձգձգում, որ իր պաշտպանյալը արագությունը չի գերազանցել, Սոնա Մնացականյանն է՝ որ խաչմերուկը կարգավորող ոստիկանի հրահանգներին չի ենթարկվել:
Տուժող կողմը, սակայն, պնդում է ՝ խաչմերուկը պետք է մինչ այդ պատշաճ փակ լիներ, որ հղի կինը ճանապարհն անցնելու հնարավորություն չունենար, իսկ տուժողների փաստաբան Րաֆֆի Ասլանյանը իրավականից բացի նաև այլ հարցեր է բարձրացնում. - «Երբ վարերթը տեղի ունեցավ որևէ ավտոմեքենա կանգնե՞ց, որևէ կերպ փորձե՞ց օգնություն ցուցաբերել, այս հարցերի պատասխանը բարոյական հարթության վրա նույնիսկ ի վիճակի չի Նիկոլ Փաշինյանը տալ, մենք խոսում ենք արդեն իրավականից»: