Մատչելիության հղումներ

Վրաստանը կանդամակցի ԵՄ-ին 2030 թվականին․ Իվանիշվիլի


Բիձինա Իվանիշվիլին ապրիլի 29-ին Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ հանրահավաքի ժամանակ, 2024թ․
Բիձինա Իվանիշվիլին ապրիլի 29-ին Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ հանրահավաքի ժամանակ, 2024թ․

Վրաստանը կանդամակցի Եվրամիությանն 2030 թվականին, հայտարարել է «Վրացական երազանքի» հիմնադիր և նախագահ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին՝ դիմելով Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ հավաքված քաղաքացիներին։

«Ես ձեզ խոստանում եմ, որ մենք կհաղթահարենք բոլոր խոչընդոտները, կամրապնդենք մեր ինքնիշխանությունը, կպահպանենք խաղաղությունը և 2030 թվականին կդառնանք Եվրամիության անդամ», - Ըստ «Ազատության» «Էխո Կավկազա»-ի, ասել է Իվանիշվիլին՝ շարունակելով․ - «Մենք եզակի ժողովուրդ ենք՝ յուրահատուկ պատմությամբ, ավանդույթներով ու ինքնությամբ։ Եվ սրանցով էլ մենք պետք է միանանք ընդհանուր եվրոպական ընտանիքին, քանի որ միայն այս դեպքում Եվրամիությունը կարող է իրական արժեք լինել Վրաստանի համար»։

Ավելի վաղ, ելույթ ունենալով «օտարերկրյա գործակալների մասին» օրենքին աջակցող հանրահավաքում, Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կոչ էր արել ԵՄ-ին սկսել Վրաստանի հետ անդամակցության բանակցությունները մինչև տարեվերջ:

Բրյուսելը վստահ է, որ Վրաստանում «օտարերկրյա գործակալների մասին» օրինագծի հաստատումը երկիրը կհեռացնի ԵՄ-ից։

Մոտ մեկ տարի առաջ նույն օրենքն ընդունելու՝ «Վրացական երազանքի» փորձը հանրային լուրջ դժգոհությունների էր բախվել և եվրոպական կառույցների կոշտ քննադատությանն արժանացել։ Մի քանի օր շարունակված փողոցային բախումներից հետո իշխող կուսակցությունը ստիպված էր շրջանառությունից հանել այս օրինագիծը։

Վրացական ընդդիմության համոզմամբ՝ իշխանությունը թեման վերակենդանացնում է Մոսկվային հաճոյանալու համար։

XS
SM
MD
LG