Մատչելիության հղումներ

Իսրայելի բանակը Գազան գրավելու ցամաքային լայնածավալ հարձակում է սկսել


Վարչապետ Բենյամին Նեթանյահուն ժամեր առաջ հաստատեց՝ Իսրայելի բանակն անցած գիշեր Գազան գրավելու ցամաքային լայնածավալ հարձակում է սկսել՝ քաղաքը մի քանի շաբաթ ռմբակոծելուց հետո:

Իսրայելի պաշտպանության նախարարն էլ սոցցանցում գրել է, որ զորքը «քաջաբար պայքարում» է՝ գերեվարված իսրայելցիների ազատ արձակման և Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս»-ին պարտության մատնելու համար։

«Գազան այրվում է։ Իսրայելի պաշտպանության բանակը երկաթե բռունցքով հարվածում է ահաբեկչական ենթակառուցվածքներին»,- գրել է Իսրայել Կացը։

Ըստ վերջին տվյալների՝ 2023-ի աշնան անակնկալ հարձակումից հետո «Համաս»-ը դեռ ավելի քան չորս տասնյակ իսրայելցի է պատանդ պահում: ԱՄՆ նախագահը սոցցանցում գրել է, թե տեղեկություն ունի, որ «Համաս»-ը մտադիր է հիմա նրանց որպես կենդանի վահան օգտագործել և զգուշացրել է չանել նման բան. «Թույլ մի՛ տվեք, որ դա տեղի ունենա, հակառակ դեպքում անկանխատեսելի բաներ տեղի կունենան։ Հենց հիմա ազատ արձակեք բոլոր պատանդներին»։

Արմատական «Համաս»-ը հայտարարել է, որ Իսրայելի վարչապետն է հիմա որոշում պատանդների ճակատագիրը: Ըստ «Համաս»-ի հայտարարության՝ չնայած ԱՄՆ-ն գիտի, որ Իսրայելն ամեն ինչ անում է՝ վիժեցնելու պատանդների ազատ արձակման ու պատերազմի դադարեցման շուրջ համաձայնելու բոլոր հնարավորությունները, սակայն աջակցում է Իսրայելին, հետևաբար՝ Վաշինգտոնն ուղղակիորեն պատասխանատու է Գազայում իրավիճակի համար:

Իսրայելը Գազայում ցեղասպանություն է իրականացրել. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողով

Այս ֆոնին քիչ առաջ հրապարակվեց ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովի անկախ հետաքննությունը՝ առաջին անգամ պաշտոնապես արձանագրելով, որ 2023-ին «Համաս»-ի հարձակումից հետո Իսրայելը Գազայում ցեղասպանություն է իրականացրել: 72 էջանոց զեկույցում ասվում է, որ «ցեղասպանական չորս գործողությունները» կատարվել են Իսրայելի բարձրաստիճան ղեկավարության հրահրմամբ:

Իսրայելը զեկույցը «կեղծ» է անվանել՝ պնդելով, որ այն հիմնված է «Համաս»-ի տվյալների վրա: ՄԱԿ-ում Իսրայելի դեսպանն էլ պնդել է, որ դրա հեղինակները հայտնի են իրենց հակասեմական հայացքներով:

«Իսրայելը կտրականապես մերժում է հետաքննող հանձնաժողովի հրապարակած այս զրպարտչական զեկույցը։ Այն տարածում է ցեղասպանության չարամիտ պատմույթը: Զեկույցը շեղվում է հանձնաժողովի լիազորություններից՝ կրկին ընդգծելով, որ իրենց վերլուծությունը կողմնակալ է», - ասել է Դանիել Մերոն:

2023-ի հոկտեմբերին «Համաս»-ի հարձակումից հետո Իսրայելի սկսած ռազմական գործողությունների հետևանքով Գազայում ավելի քան 64 հազար մարդ է սպանվել, վիրավորվել՝ ավելի քան 163 հազարը: 361 մարդ, այդ թվում՝ 130 երեխա, մահացել է սովի և թերսնման պատճառով։

ՄԱԿ-ի պաղեստինցիների իրավունքների հարցերով առաջատար փորձագետ Ֆրանչեսկա Ալբանեզեն հայտարարել է, որ Իսրայելը փորձում է Գազան դարձնել անմարդաբնակ։ Նրա խոսքով՝ իսրայելական բանակը ոչ կանոնավոր զինատեսակներով ռմբակոծում և ոչնչացնում է ամբողջական թաղամասեր՝ բռնի տարհանելով ապաստան փնտրող 800 հազար պաղեստինցիներին։

«Հարցն այն է՝ ինչո՞ւ։ Ինչո՞ւ: Որովհետև սա Գազայի վերջին հատվածն է, որը պետք է անմարդաբնակ դարձնել նախքան այդ հողակտորի էթնիկ զտումները շարունակելը։ Եվ այդ դեպքում, հավանաբար, նրանք կտեղափոխվեն Արևմտյան ափ», - ասել է փորձագետը։

Պաղեստինը հայտարարել է, որ Իսրայելը դիտմամբ է թիրախավորում քաղաքացիական անձանց և նպատակ ունի Գազան զանգվածային գերեզմանոցի վերածել: Երկրի արտգործնախարարությունը միջազգային հանրությանը կոչ է արել անհապաղ միջամտել և պաշտպանել Գազայի քաղաքացիական բնակչությանը։

Մեծ Բրիտանիայի և մի քանի այլ երկրների ղեկավարները քննարկել են Գազայում տիրող իրավիճակը և հայտարարել՝ Իսրայելը պետք է դադարեցնի այս գործողությունը և անհապաղ թույլ տա, որ մարդասիրական օգնությունը հասնի քաղաք։ «Սա հրադադարի հաստատման և պատանդների ազատ արձակումն ապահովելու միակ միջոցն է», - հավելել են նրանք։

Եվրոպական միության արտգործնախարար Կայա Կալլասն ասել է, որ դաշինքը կառաջարկի կասեցնել ԵՄ-ի հետ Իսրայելի Ասոցացման համաձայնագրի առևտրին վերաբերող դրույթները՝ Գազայում պատերազմի պատճառով:

Իսրայելի ռազմական գործողությունը տեղի է ունենում հաջորդ շաբաթ ՄԱԿ-ում Ֆրանսիայի և Սաուդյան Արաբիայի նախաձեռնած գագաթնաժողովից առաջ, որի նպատակն է առաջ մղել Պաղեստինի ճանաչման հարցը:

Անցած ուրբաթ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան կողմ քվեարկեց այս երկրների ներկայացված բանաձևի օգտին, որը նպատակ ունի ճանաչել Պաղեստինի պետությունը՝ առանց Համասի մասնակցության:


Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG