Մատչելիության հղումներ

Գլխավոր ասամբլեան հաստատել է իսրայելա-պաղեստինյան կարգավորման մասին բանաձևը


Անցած գիշեր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հաստատեց այսպես կոչված «Նյու Յորքի հռչակագրի» աջակցման բանաձևը, որը Ֆրանսիայի և Սաուդյան Արաբիայի նախաձեռնությամբ մշակված հայտարարություն է: Այն ներկայացնում է Մերձավոր Արևելքում խաղաղ կարգավորման սկզբունքները՝ հիմնված անկախ պաղեստինյան պետության ստեղծման վրա։

Փաստաթղթի օգտին քվեարկել է 142 երկիր, դեմ՝10-ը։ Քվեարկությանը մասնակցած Հայաստանը կողմ է քվեարկել, հարևաններից՝ Վրաստանը, Իրանը չեն մասնակցել, Ադրբեջանը, Թուրքիան՝ կողմ։

Բանաձևին աջակցել են նաև ԵՄ երկրների մեծ մասը, Մեծ Բրիտանիան, արաբական պետությունները, Չինաստանը, ինչպես նաև Ուկրաինան և Ռուսաստանը։

Իսրայելը, ԱՄՆ-ն, Հունգարիան և Արգենտինան դեմ են քվեարկել դրան։

Մի շարք երկրներ, այդ թվում՝ Մոլդովան և Չեխիան, ձեռնպահ են մնացել։

Բանաձևը դատապարտում է «ՀԱՄԱՍ»-ի հարձակումը Իսրայելի վրա 2023 թվականի հոկտեմբերի 7-ին, կոչ է անում ազատ արձակել պատանդներին և նշում է, որ կազմակերպությունը պետք է «դադարեցնի Գազայի կառավարումը և զենքը հանձնի Պաղեստինյան ինքնավարությանը միջազգային հանրության աջակցությամբ»։

Իսրայելը դեմ է փաստաթղթին, քանի որ այն նախատեսում է Իսրայելի կողքին անկախ պաղեստինյան պետության ստեղծում՝ որպես հակամարտության արդարացի ավարտ:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG