Մատչելիության հղումներ

Օվերչուկը ենթակառուցվածքների ապաշրջափակումը դարձյալ կապում է նոյեմբերի 9-ի հայտարարության հետ


Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը
Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը

Տարածաշրջանային ապաշրջափակումը հնարավոր է նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների շրջանակներում, այսօր հայտարարել է Հայաստանում գտնվող Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, ով նաև Հարավային Կովկասում տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցով եռակողմ աշխատանքային խմբի համանախագահն է: Նա այսօր մայիսյան ջրհեղեղից հետո վերականգնված երկաթուղով մեկնել է տուժած Ալավերդի, այնտեղ պատասխանել լրագրողների հարցերին:

«Ապաշրջափակումը հնարավոր է այն պայմանավորվածությունների շրջանակներում, որոնք ձեռք էին բերվել երեք երկրների ղեկավարների կողմից և որոնք արտացոլվել են 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի համատեղ հայտարարության մեջ: Ինչպես գիտեք, Ռուսաստանը միշտ պատրաստ է միանալ այդ գործընթացին և օգնել՝ ելնելով Հայաստանի սուվերենության, տարածքային ամբողջականության և իրավազորության սկզբունքից», - հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետը։

Օվերչուկն այս հայտարարությունն անում է նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի շուրջ Հայաստանի ու Ռուսաստանի հրապարակային տարաձայնությունների ֆոնին։ Սյունիքով Ադրբեջանն ու Նախիջևանը կապող ճանապարհի հարցն ու նոյեմբերի 9-ի հայտարարությունը վերջերս ռուսական կողմը հաճախ է արծարծում: Ռուսաստանը, Հայաստանը, ու Ադրբեջանը շարունակում են միմյանց մեղադրել այդ փաստաթղթի 9-րդ կետը մանիպուլացնելու և ստանձնած պարտավորությունները չկատարելու համար:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին խորհրդարանում հայտարարել էր՝ Հայաստանը պատրաստ է ճանապարհներն ապաշրջափակել՝ համաձայն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, բայց և շեշտել էր՝ այն չի ենթադրում ինքնիշխանության զիջում: Այդ կետում նշված նախադասությունը, որ «տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողություն իրականացնում են Ռուսաստանի Անվտանգային դաշնային ծառայության սահմանապահները», Փաշինյանը մեկնաբանում է մոնիտորինգի իմաստով: Այսինքն, ըստ Հայաստանի վարչապետի, տեղում ամեն ինչ ապահովում է Հայաստանը, իսկ ռուսական կողմը Մոսկվայից կարող է մոնիտորինգ իրականցնել: Արդեն հայտնի է նաև, որ ապաշրջափակման մասին կետը հանվել է բանակցվող հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրից:

«Իրականությունն ու մեդիայում ներկայացվող պատկերը տարբեր են»․ Օվերչուկը՝ հայ-ռուսական հարաբերություններից

Օվերչուկը երեկվանից է Հայաստանում, նախ հանդիպել էր վարչապետ Փաշինյանի հետ։ Կառավարության տարածած հաղորդագրությունում տրանսպորտային ուղիների ապաշրջափակման մասին որևէ բան նշված չէր:

Ռուսաստանի փոխվարչապետը մասնակցել է նաև միջկառավարական հանձնաժողովի հանդիպմանը, որն, ըստ Օվերչուկի, մոտ 5 ժամ է տևել, քննարկվել են բոլոր հիմնական հարցերը: Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններում նկատվող լարվածությանը, Օվերչուկը պնդել է, թե իրականությունն ու մեդիայում ներկայացվող պատկերը տարբեր են:

«Ինչի՞ վրա պետք է ուշադրություն դարձնեք. գոյություն ունի լրատվական ֆոն, որը հաճախ բացասական է: Եվ գոյություն ունի իրականություն։ Այսօր մենք իրական երկաթգծով եկանք և տեսանք իրական աշխատանքը, որը կատարվել է: Մենք ունենք ապրանքաշրջանառության իրական աճ, որ վկայում է մեր երկրների միջև կապերի ամրապնդման մասին։ Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի ներկայացուցիչներն իրապես աշխատանք են տանում, և մենք պետք է տարբերենք այն, ինչ տեղի է ունենում իրական աշխարհում, և այն, ինչ պարտադրվում է լրատվական օրակարգում, որ հաճախ պարզապես չի համապատասխանում իրականությանը», - ասել է նա:

«Օվերչուկը Հայաստանում էր հենց Սյունիքով անցնող ճանապարհի հարցով»

Արմեն Բաղդասարյան, արխիվ
Արմեն Բաղդասարյան, արխիվ

Քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանը կարծում է՝ Օվերչուկը Հայաստանում էր հենց Սյունիքով անցնող ճանապարհի հարցով:

«Խնդիրը տվյալ դեպքում հետևյալն է՝ կարողանո՞ւմ են արդյոք Հայաստանի իշխանությունները հրաժարվել նոյեմբերի 9-ի հայտարարության տխրահռչակ այդ 9-րդ կետից, թե ոչ։ Ընդ որում, կարողանալո՞ւ են հրաժարվել առանց ցնցումների։ Խնդիրը ոչ միայն այդ ճանապարհն է, խնդիրն այն է, որ այդ ճանապարհը եթե գործի առանց ռուսական վերահսկողության, ապա Ռուսաստանի դիրքերը տարածաշրջանում էապես կթուլանան, իսկ, եթե հաղորդակցության ուղիներն ընդհանրապես մնան ռուսական վերահսկողության տակ, ապա Հայաստանը կարող է մեկընդմիշտ մոռանալ երբևէ ռուսական ազդեցությունից դուրս պրծնելու մասին։ Այսինքն, երկաթուղին՝ հաղորդակցության կոնկրետ էդ հատվածն, ընդամենը գործիք է, որով որոշվում է, թե Հայաստանն ու Հարավային Կովկասն էականորեն ում ազդեցության տակ է՝ աշխարհաքաղաքական որ բևեռի», - ասաց Բաղդասարյանը։

Քաղաքական մեկնաբանի խոսքով՝ թե՛ Արևմուտքը, թե՛ Ռուսաստանը փորձում են ակտիվացնել քայլերը «Միջին միջանցք»-ի վերահսկողության ուղղությամբ և Հայաստանին ստիպում են որոշում կայացնել, հստակեցնել իր դիրքորոշումը։

«Ես չեմ կարող ասել, թե Հայաստանի իշխանություններն իրենց ինչպես կպահեն։ Մեծ հավանականությամբ, Հայաստանի իշխանությունները կհամառեն և, ամեն դեպքում, կմերժեն հաղորդակցության ուղիների վերահսկողությունը ռուսական կողմին հանձնելը», - ասաց Բադալյանը՝ նկատելով․ - «Հայաստանի իշխանությունները, երբ որ էդ հարցում, ի վերջո, կանգնեն վերջնական որոշում կայացնելու երկընտրանքի առջև, Նիկոլ Փաշինյանն ավելի շատ կառաջնորդվի նրանով, թե իր սեփական իշխանությունը պահպանելու համար որ տարբերակն է ավելի ձեռնտու․ եթե զգա, որ Ռուսաստանն իր իշխանությանը սպառնալու լծակներ ունի, կգնա զիջումների, եթե չէ, ապա կշարունակի համառել։ Առավել ևս որ Արևմուտքից էլ, որքան ես հասկանում եմ, Նիկոլ Փաշինյանին դրդում են չվախենալ, չզիջել։ Որովհետև, եթե ռուսական հատուկ ծառայություններն իսկապես վերահսկեն այդ հաղորդակցության ուղիներն, ապա Հայաստանի իշխանությունների վերջին վեց տարիների քաղաքականությունը միանգամից ջուրն է լցվում։Այդ քաղաքականության հիմնական առանցքը ռուսական ազդեցությունից երկիրը դուրս բերելն է»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG