Մատչելիության հղումներ

Արտաքին գործոններն են դրդել Միրզոյանին լայն ժպիտով Մոսկվա մեկնել. ընդդիմադիր պատգամավոր


Չնայած հայ-ռուսական լարված հարաբերություններին՝ երկու երկրների արտաքին գործերի նախարարների երեկվա հանդիպումը Մոսկվայում ջերմ էր, առանց փոխադարձ մեղադրանքների:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն էլ է նկատել դաշնակիցների տաքացող հարաբերությունները:

Մեկուկես տարվա դադարից հետո առաջին անգամ էին հանդիպում Միրզոյանն ու Լավրովը: Ի՞նչն էր ստիպել կողմերին կառուցողական լինել ու խոսել առանց սուր խայթոցների: Արտաքին գործոններն են դրդել Միրզոյանին լայն ժպիտով Մոսկվա մեկնել, ասում է ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

«Ալիևի հերթական հոխորտանքը Հայաստանում ֆաշիզմը կործանելու, նույնն է, թե հայկական պետականությունը կործանելու, որովհետև իրենք Հայաստանը համարում են ֆաշիստական պետություն և դրան Արևմուտքից որևէ արձագանքի բացակայությունը», - նշեց Խաչատրյանը:

Պատգամավորը կարծում է՝ Փաշինյանի իշխանությունը սկսել է գիտակցել, որ Արևմուտքից իր ակնկալած աջակցությունը չի ստանում և մենակ է մնում Հայաստանին սպառնացող վտանգների առջև: Օրինակ՝ Եվրամիությանն անդամակցելու օրինագիծը, որ կառավարություն հասավ Փաշինյանին սատարող արևմտամետ ուժերի նախաձեռնությամբ, ըստ Խաչատրյանի, չարժանացավ Եվրոպայի ծափահարություններին. անգամ գործադիրի հավանություն տալուց ու Ազգային ժողով ուղարկելուց հետո:

«Նաև իրենք են հասկանում, որ Եվրամիության ընդլայնման քաղաքականությունը սառեցված է ու տեսանելի ապագայում հազիվ թե նոր երկրներ մոտենան Եվրամիությանը: Այն փաստաթուղթը, որը ստորագրվել Միացյալ Նահանգների հետ Բայդենի վարչակազմի վերջին օրերին, այն չէ, ինչի հույս այս իշխանություններն ունեին, իրանք տեսան, որ մնացել են մենակ ու ճարահատյալ ժպտալով գնացին Մոսկվա», - ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը:

Ռուսաստանի արձագանքն էլ Եվրամիությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի նախաձեռնությանը կոշտ էր: Միաժամանակ չես կարող լինել Եվրամիության ու Եվրասիական միության անդամ, հիշեցնում է Արթուր Խաչատրյանը. - «Իրենք հասկանում են, որ Հայաստանի տնտեսական աճը, որը դեռ կա, իրենց քաղաքականության արդյունքը չի, Հայաստանի աշխարհագրության ու ԵԱՏՄ անդամ լինելու արդյունքն է: Կարծում եմ՝ այս բոլոր գործոնները միասին բերեցին նրան, որ Արարատ Միրզոյանը և Սերգեյ Լավրովը լայն ժպիտով էին իրար հետ շփվում»:

Փաշինյանը՝ Բալանսավորված դիվանագիտության մասին

Բալանսավորված դիվանագիտության մասին այսօր խորհրդարանում խոսել է վարչապետ Փաշինյանը: Ըստ վարչապետի, Միացյալ Նահանգների հետ ռազմավարական գործըներության վերջին փաստաթուղթը, դրանից հետո մոսկովյան այցը նշանակում են ճիշտ զարգացման տրամաբանության վրա ենք հայտնվել:

«Արտաքին ու ներքին քաղաքականության հետ կապված բոլոր լուծումները, որ մենք առաջարկում ենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ու միջազգային գործընկերներին, հենվում է իրական Հայաստանի հայեցակարգի վրա, սա շատ կարևոր առանձնահատկություն է: Ըստ էության, մենք այսօր իրականացնում ենք այդ հենքի վրա բալանսավորված ու բալանսավորման արտաքին քաղաքականությունը, ինչը նշանակում է, որ մեր արտաքին գործընկերների հետ հարաբերությունները չեն զարգանում մի հարաբերությունը մյուսի հաշվին: Բայց մյուս կողմից այդ հարաբերություններն ունեն որոշակի փոխազդեցություններ և հայեցակարգային նրբությունն այն է, որ այդ արտաքին հարաբերությունների միջև որոշակի բալանս ձևավորվի, ու այդ բալանսը դառնա գործոններից մեկը, որով ապահովվում է Հայաստանի Հանրապետության ապահովությունը, որն էլ իր հեթին հիմնված է լեգիտիմության Հայաստանի վրա, որի վրա էլ հիմնված է իրական Հայաստանի հայեցակարգը», - նշեց նա:

Փաշինյանի մեկնաբանմամբ՝ արտաքին ու ներքին քաղաքականության լուծումները, որ առաջարկում է իր գլխավորած կառավարությունը, միջազգային գործընկերներին, իրական Հայաստանի վրա է հիմնված:

«Էն պրոցեսը, որ մենք անցել ենք, ես համարում եմ, որ դա ճամփորդություն է Եղիշե Չարենցի «Երկիր նաիրի» վեպից դուրս՝ էսօրվա իրական աշխարհ: Այն բոլոր բարեփոխումները, որ մենք այսօր անում ենք, ըստ էության, այդ բարեփոխումները հենց դրա մասին են, մենք առաջարկում ենք, որպեսզի բոլորով՝ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներով մեզ հաշիվ տանք, որ ապրել ենք էդ վեպի սյուժեով և դուրս գանք էդ վեպի սյուժեից դեպի իրական Հայաստան», - ընդգծեց վարչապետը:

XS
SM
MD
LG