Այսօր առավոտյան իրավապահներն առանց բացատրության դուրս են հրավիրել «Արարատ» թենիսի ակումբի աշխատակիցներին ու կապարակնքել դռները:
Ակումբի համահիմնադիր Էդուարդ Սանամյանը Ծաղկաձորում էր՝ գնացել էր մասնակցելու 18 տարվա ընդմիջումից հետո Հայաստանում մեկնարկած հեղինակավոր միջազգային մրցաշարի: Տեղ չհասած՝ ստիպված վերադարձել էր: «Ազատությանն» ասաց՝ ակումբը միանգամից մի քանի քրեական գործերով է անցնում, կապարակնքումն էլ, ըստ նրա, մի գործի շրջանակում է արվում, որով իրենք քաղաքապետարանին դատի են տվել: Սանամյանի պնդմամբ՝ քաղաքապետարանը խախտել է վարձակալության պայմանները և պայմանագրով չնախատեսված հիմքերով պահանջում է տարածքի համար ավելի բարձր վճար։ Տարակուսած էր՝ դատարանի վճիռ չկա, ի՞նչ հիմքով են կապարակնքել:
«Համ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձումով է անցնում էս գույքը, իմ տեղեկություններով՝ գերակա հանրային շահ չկարողացան ճանաչել՝ էդ պատճառով, այսինքն՝ էս գույքը արդեն կալանքի տակ է: Բացի դրանից՝ նաև դատական վեճ կա վարձակալության վճարի մասով, այսինքն՝ մենք գտնում ենք, որ ապօրինի կերպով, անհիմն կերպով մեր վարձակալության վճարը փորձում են թանկացնեն», - «Ազատության» հետ զրույցում նշեց Սանամյանը:
Քաղաքապետարանից «Ազատությանը» փոխանցեցին՝ թեման իրենց չի առնչվում, Քննչական կոմիտեի տիրույթում է, այս կառույցից էլ ողջ օրվա ընթացքում մեկ նախադասություն փոխանցեցին՝ «քրեական վարույթի շրջանակներում կատարվում են քննչական գործողություններ»: Հենց իրավապահների գործողության պահին ակումբում մարզվելու էին եկել Ռուսաստանից Հայաստան ժամանած երիտասարդ թենիսիստներ:
Նրանցից Ալիսա Ֆադեևան ասաց. - «Փակում են, փակում են չգիտես ինչու, բայց մենք շատ ենք ուզում մարզվել, մենք ուղղակի այստեղ Եվրոպայի թենիսի մրցաշարի ենք պատրաստվում: Մենք չգիտենք ինչ կլինի, մենք այսօր չենք խաղում, ուղղակի մարզվելու ենք եկել, բայց կորտեր չկան, այսօր կմնանք առանց պարապմունքի»:
Ակումբի ղեկավարության խոսքով՝ նախկինում տարեկան 8-9 մլն դրամ վարձավճարի փոխարեն քաղաքապետարանն այժմ տարեկան մոտ 25 մլն դրամ է պահանջում: Դրան գումարած՝ շեշտակի աճել է գույքահարկը, աղբահանության և այլ վճարները:
«Մեր գործունեության սաբոտաժ՝ իմ գնահատականը դա է: Կարող է մի քիչ հուզականություն կա խոսքերիս մեջ, բայց ի՞նչ անենք, երկու տարի է՝ մենք մեր բուն գործունեությունը թողած... Ախր երեք օր առաջ ենք վերջին միջազգային մրցաշարը ավարտել՝ 50-ից ավելի մասնակից, 15-ից ավելի երկրների ներկայացուցիչներ», - ասաց Սանամյանը՝ շարունակելով. - «Մենք պատրաստ ենք, ամեն դեպքում, չենք զլանում, քննչական գործողություններ՝ քննչական գործողություններ, իրավապահ համակարգի ներկայացուցիչների հետ կփորձենք աշխատել՝ հասկանալու համար՝ ինչ է կատարվում»:
Երևանի քաղաքապետարանը դեռ 2023 թվականին էր որոշել վերակառուցել Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածը, քանդել այնտեղ գտնվող «Արարատ» թենիսի ակումբի կորտերը և տարածքը ճանաչել հանրային գերակա շահ։ Փոխարենը նախատեսվում է նոր կորտեր կառուցել «Հաղթանակ» զբոսայգում՝ «Մայր Հայաստան» հուշահամալիրի հարակից տարածքում։ Ակումբը որոշումը վիճարկում է դատարանում, գործը գտնվում է քննության փուլում։
Ակումբի համահիմնադրի կարծիքով՝ գերակա շահ ճանաչելու շուրջ ձևավորված աղմուկը վերջին շրջանում հանդարտվել է, որովհետև տարածքը այլ քրեական գործով է վեճի առարկա դարձել:
Էդուարդ Սանամյանի հայրը՝ Սամվել Սանամյանը, նախկին իշխանությունների օրոք բարձր պաշտոններ է զբաղեցրել Պետեկամուտների կոմիտեում, Պաշտպանության նախարարությունում և Ազգային անվտանգության ծառայությունում, եղել է նաև վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդականը: 2024-ից Սանամյանն ու նրա ընտանիքի անդամներն անցնում են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով։ Կալանք է դրվել նաև Օղակաձև այգում գտնվող «Արարատ» թենիսի ակումբի վրա:
«Երևանի սրտում գտնվող այս տարածքը խեղդվում է քրեական գործերի մեջ: Ես ի՞նչ մոտիվներ տեսնեմ», - հարցնում է Էդուարդ Սանամյանն ու պատմում. - «Ինձ կողքից մեկը գալիս ասում է՝ «անունը փոխի ակումբի՝ «Արարատ»-ը փոխի, եսիմ ինչ սարքի, էդ հարցը կընկնի տեղը», մեկ ուրիշը գալիս ասում է՝ քաղաքականապես ինչ-որ միտում կա դրա տակ: Գիտե՞ք, էնքան շատ ասողներ կան, դրա համար 24 թվականից հետո ամեն մեկը փորձում էր քաշեր իր դաշտ: Ասել եմ՝ «ժողովուրդ ջան, հեռու մնացեք, էլի, թողեք ես նորմալ աշխատեմ»:
«Բայց դե, լավ, ես միտում տեսնե՞մ, թե՞ չէ՝ որպես քաղաքացի: Եթե վարձակալության վճարի հետ կապված նման ռեպրեսիվ մեթոդ է կիրառվում, տնտեսվարողին չեն թողնում աշխատի, որպեսզի կարողանա իր հարկեր-տուրքերը վճարի բնականոն կերպով, նախապես մի հատ էդ ապօրինիով է անցնում էդ ամեն ինչը: Ես Երևանում ամեն օր շրջում եմ, նորություններին հետևում եմ, ինչ-որ ուրիշ տենց դեպք չեմ տեսել, գիտե՞ք», - ընդգծեց «Արարատ» թենիսի ակումբի համահիմնադիրը:
Կարեն Դոլուխանյանը, որը այստեղ մարզվում է մանկուց, առավոտյան լսել է դռների կապարակնքման լուրն ու արագ տեղ հասել: Նրա խոսքով՝ թենիսի սիրահարներն ու մասնագետները դեռ չեն համակերպվել քաղաքապետարանի որոշման հետ, հիմա էլ նոր խնդիր է ծագել. - «Ոչ միայն փոքր կենտրոնն է զրկվում, ամբողջ Երևանի մեծ կենտրոնը երբևիցե չի ունենալու թենիսի կորտեր»:
«Ինձ թվում է՝ դա նաև մշակութային հարց է, այս թենիսի կորտերը մեր հպարտությունն է: Վերջերս մի ամիս մրցումներ էր միջազգային, այդ մարդիկ ուղղակի ասում էին՝ «էս դրախտը դուք ունեք ձեր քաղաքի սրտում», - հավելեց Դոլուխանյանը:
Քրեական մի քանի գործերի կիզակետում հայտնված «Արարատ» թենիսի ակումբի համահիմնադրի խոսքով՝ քաղաքային իշխանության հաշվարկներն անտրամաբանական են, քանի որ ակումբի և ռեստորան-սրճարանների գործունեությունը նույն հարթության վրա է դիտարկվում։
Լրացում.
Ռեպորտաժի հրապարակումից մի քանի ժամ անց ակումբի համահիմնադիր Էրիկ Սանամյանն «Ազատությանը» փոխանցեց, որ քննիչները գիշերը հանել են կապարակնիքները: Փաստացի կապարակնքելուց մոտ 10 ժամ անց թենիսի ակումբին թույլատրեցին շարունակել գործունեությունը: