Քննիչները այսօր առավոտյան կապարակնքեցին «Արարատ» թենիսի ակումբի և կորտերի դռները:
Ոստիկանության աշխատակիցն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ դեպքի վայրի զննության է կատարվում, այլ մանրամասներ չհաղորդեց:
Քննչական կոմիտեից փոխանցեցին՝ քրեական վարույթի շրջանակներում կատարվում են քննչական գործողություններ: Կոմիտեից այդպես էլ չմանրամասնեցին, թե քրեական ինչ գործի մասին է խոսքը:
Թենիսի աջակցության հայկական հիմնադրամի նախագահ Յուրի Մկրտչյանը պատմեց. «Ժամը 10-ն անց էր, մտան երկու հոգի, ներկայացան՝ Քննչական վարչություն, հետներն էլ մի 5-6 ոստիկան, ասացին, իրենք ունեն որոշում, պետք է կորտերի ամբողջ տարածքը պլոմբեն, տվեցին ժամանակ, որ դուրս գանք տարածքից»:
«Արարատ» թենիսի ակումբի ղեկավար Էդուարդ Սանամյանն «Ազատության» հետ զրույցում հայտնեց, որ տեղյակ չէ, թե ինչ գործի շրջանակներում են իրավապահները կապարակնքել ակումբի դռները:
«Այս պահին տեղեկացրեցին, որ տեղում իրականացվող գործողությունները ավարտվում են, գործողությունները կշարունակվեն արդեն բաժնում», - ասաց Սանամյանը:
«Ազատության» հարցին՝ «Ձեզ հարցաքննությա՞ն են հրավիրում», նա պատասխանեց. «Հավանաբար»:
Իսկ թե ի՞նչ գործընթացի մասին է խոսքը «Արարատ» թենիսի ակումբի ղեկավարը նշեց. «Համ ապօրինի գույքի բռնագանձումով է անցնում այս գույքը, իմ տեղեկություններով գերակա հանրային շահ չկարողացան ճանաչել այդ պատճառով: Այսինքն, այս գույքն արդեն կալանքի տակ է: Բացի դրանից, նաև դատական վեճ կա վարձակալության գումարի մասով, մենք գտնում ենք, որ ապօրինի կերպով մեր վարձակալության վճարը փորձում են թանկացնել»:
2024 թվականին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր Օղակաձև այգու կորտերը քանդելու ու թենիսի ակումբը տեղափոխելու մասին։ Կապ ունի՞ այսօրվա տեղի ունեցածը այս հայտարարության հետ, դեռևս պարզ չէ: