Մատչելիության հղումներ

Օղակաձև այգու թենիսի կորտերը քանդելու մասին հայտարարությունը՝ դժգոհությունների առիթ


«Արարատ» թենիսի ակումբի սեփականատեր ու «Գեյմսերվիս» ընկերության տնօրեն Էդուարդ Սանամյանը լսել է քաղաքապետ Ավինյանին ու մինչև հիմա տարակուսած է. այս ընկերությունն ու ակումբն են 90-ականներից Օղակաձև զբոսայգու թենիսի կորտերի երկարաժամկետ վարձակալը։

Օղակաձև այգու 4-րդ հատվածի՝ Սայաթ-Նովա փողոցից մինչև Նալբանդյան ընկած տարածքում վերակառուցում սկսելու ու թենիսի կորտերը քանդելու մասին քաղաքային իշխանությունը հայտարարեց երեկ, կառավարության որոշման նախագիծ են պատրաստում, որով տարածքը հանրային գերակա շահ են ճանաչելու:

«Այդտեղ ես երկար տարիներ պարապել եմ թենիս ու ինձ համար այդ ժամանակ միգուցե տարօլրինակ չէր, բայց հիմա, որ Օղակաձև այգու տրամաբանությունը նայում ենք, այդտեղ թենիսի կորտեր իրականում չպետք է լինեին», - ասել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Ով ասում է, երևի չի շրջագայել աշխարհով մեկ, եթե շրջագայած լիներ, ապա կտեսներ, որ Նյու Յորքում, Լոնդոնում կան կորտեր, հասարակական կորտեր են դրանք, անվճար խաղում էին: Նախ, սկսենք, երբ այդ կորտերը կար, զբոսայգին չկար», - ասաց Հայաստանի թենիսի աջակցության հիմնադրամի նախագահ Յուրի Մկրտիչյանը:

Հայաստանի թենիսի աջակցության հիմնադրամի նախագահ Յուրի Մկրտիչյանը այգու վերականգնման վերաբերյալ քաղաքային իշխանության ծրագրին պատասխանում է լուսանկարներով. 1966 թվականին պետհամալսարանի դիմաց թենիսի այս կորտերը կային, «Բուրեվեստնիկ» մարզական ակումբն էր, այգին չկար:

Կորտերը 71 թվականի այս մի նկարում կան, 85 թվականին կան, և հիմա էլ կան՝ ի՞նչն է վերականգնում քաղաքապետը, եթե այստեղ միայն կորտ է եղել. հարցն այսօր քննարկվել է նաև Թենիսի ֆեդերացիայում:

«Թենիսի ֆեդերացիան և թենիսի սիրահարները բոլորս մեկ մարդու պես կանգնելու ենք և դա չի լինելու», - ասաց Հայաստանի թենիսի աջակցության հիմնադրամի նախագահը:

Ըստ Յուրի Մկրտիչյանի՝ սա հարուստ անցյալ ունեցող տարածք է, բազմաթիվ մրցաշարեր ու լեգենդար թենիսիստներ են եղել այստեղ և վերջին տասնայակներին էլ շատ ակտիվ գործող մարզական տարածք է. առանց այդ էլ ասում է՝ Հայաստանում թենիսով զբաղվելու մեծ հնարավորություններ չկան. - «Երևան քաղաքում երեք թենիսային ակումբ կա»:

Թենիսի այս դաշտերում թե՛ պրոֆեսիոնալ ու թե՛ սիրողական մարզումներ են անցկացվում՝ շատերն այստեղ են 5 տարեկանից:

Գեղամ Մովսիսյանը շեշտում է՝ երեխաները թենիսով նաև կրթվում են՝ այս դաշտերում բոլորովին այլ մթնոլորտ է. - «Չի կարելի բարձրաձայն խոսել, թքել, էլ չեմ ասում անվայել խոսքերի կամ վատ պահվածքի մասին»:

Թենիսի կորտերի մշտական այցելուներին մի հարց շատ է հուզում՝ քաղաքային իշխանությունը այգու վերակառուցումն սկսում է պատմություն ունեցող կորտերից այն դեպքում, երբ տարածքն ուղղակի խեղդված է սրճարան-ռեստորաններով։ Երևանի քաղաքապետարանն այսօր թենիսի կորտերի առիթով ծավալվող քննարկումներին պատասխանել է մի տեսանյութով, որում պատմում են, թե ինչ է լինելու Օղակաձև զբոսայգու այդ հատվածում:

«Գավառական խայտառակություն»

Այսինքն՝ խոսքը այգու նոր կառուցապատման մասին է և այս ծրագիրն իրականացնելու է առանց մրցույթի ընտրված մի կազմակերպություն՝ GreenRock Management Group-ը, որ 11 ամիս առաջ ստեղծված ընկերություն է, միայն մի ծրագիր է իրականացրել-ավարտել, Դիլիջանի մարզահամալիրը, որի բացմանը գոհունակությամբ մասնակցեց վարչապետ Փաշինյանը։ Հիմա GreenRock-ն այգու կառուցապատման ծրագրին է անցնելու

«Խայտառակ, անճաշակ ինչ-որ կամարներ, պլաստմասից շախմատի ֆիգուրներ, դա չգիտեմ այլևս աշխարհում նման բաներ չեն անում», - ասաց Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեի անդամ Իզաբելլա Սարգսյանը:

Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեի անդամ Իզաբելլա Սարգսյանը գավառական խայտառակություն է անվանում այն, ինչ ներկայացվել է որպես այգու վերակառուցման առաջարկ։ Թենիսի կորտերը համարում է քաղաքի պատմական հիշողության մաս՝ այն քանդելը նույնն է ինչ նախորդ իշխանության ժամանակ Հյուսիսային պողոտա, Բյուզանդի, Արամի փողոցների պատմությունը ջնջելը:

Հանրային գերակա շահը մահակ են դարձրել քաղաքն իրենց ուզածի պես ձևափոխելու համար: «Ռազմական օդանավակայան եք սարքում, ռազմավարական ճանապարհ՝ ի՞նչ գերակա շահ է կորտերի բացօթյա տարածքը», - հարցնում է Իզաբելլա Սարգսյանը:

«Սա սեփականության հանդեպ, քաղաքի ժառանգության հանդեպ էդ անպատասխանատու և միահեծան որոշումներ կայացնելու մեթոդն է», - ընդգծեց նա:

Այգու կառուցապատման նոր ծրագրում թենիսի դաշտեր չկան, բայց Երևանի քաղաքապետարանը իր հաղորդագրության մեջ մի այսպիսի նախադասություն է ներառել. կորտերը քանդելու նպատակ չի հետապնդվում, սակայն չի բացառվում՝ դրանք այլ համահունչ միջավայր տեղափոխելու հնարավորությունը: Թե ի՞նչ է նշանակում այս նախադասությունը, քաղաքապետարանից չեն բացատրում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG