Մատչելիության հղումներ

«Իրանց բախտը բերել է, որ գտել են կապ». ձնահյուսի հետևանքով տուժածների կյանքին վտանգ չի սպառնում


Արագածի հյուսիսային գագաթի լանջին ձնահյուսի տակ ընկած Իսպանիայի 9 քաղաքացիներից 6-ն այս պահին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում է, մեկը մահացել է, երկուսը հիվանդանոց տեղափոխվելու կարիք չի ունեցել:

Հիվանդանոցում գտնվողները էմոցիոնալ ծանր վիճակում են, արշավական ընկեր են կորցրել:

Բժշկական միջամտությունների արանքում երեկվա ողբերգական իրադարձությունների մասին 53-ամյա Բալլեստեր Ջորդին համաձայնեց պատմել. «Մենք գրեթե լանջի գագաթին էինք, բոլորս ձնահյուսի մեջ ընկանք»:

Հեռավոր Կատալոնիայում ապրող ընտանիքի հետ Բալլեստեր Ջորդին արդեն կապվել է, հույս ունի հնարավորինս շուտ հարազատներին տեսնել:

Տուժածների կյանքին վտանգ չի սպառնում, վստահեցնում է բժշկական կենտրոնի բուժական գծով փոխտնօրեն Պետրոս Մանուկյանը. - «Կային տարբեր մարմնական վնասվածքներ, կոտրվածքներ, բայց կյանքին սպառնացող վտանգ այս պահին չունենք, վերակենդանացման բաժանմունքում պացիենտներ չունենք»:

Լեռնադահուկային սպորտի իսպանացի սիրահարների խումբը Արագածի ամենաբարձր՝ Հյուսիսային գագաթը միայնակ է փորձել հաղթահարել, տեղացի ուղեկցորդի ծառայություններից չեն օգտվել, նախապես կարծել են՝ մեծ ռիսկ չկա:

Իսկ ինչո՞ւ որոշեցին օտար երկրում նման քայլի դիմել. - «Մենք մշտապես զբաղվում ենք այս մարզաձևով առանց ուղեկցորդի, վերջին 25-ից 30 տարիներին այսպես ենք արել»:

Լեռնային ուղեկցորդը իրադարձությունների հաջորդականությունն է ներկայացնում

Լեռնային ուղեկցորդ Մոնթե Հարությունյանը ասաց. - «Ես իրանց հանդիպել եմ Արագածի վրա մեր կողմից, ծանոթացել, հարցրել ու կոնտակտային տվյալներ եմ տվել, խնդրել ու պահանջել եմ, որ զեկուցեն էն տեղերից, որ ես իրանց ցույց եմ տվել, որ կապ կա էնտեղ: Իրենք ոնց անտեսել են չգրված օրենքները լեռնագնացության ու առանց լեռնային ուղեկցորդի բարձրացել են սար, այդպես էլ անտեսեցին իմ խնդրանքն ու պահանջը: Բայց ես կարողացա ստիպել, որ իրանք իմ համարը գրեն իրանց մոտ»:

Կատարվածի մասին ահազանգը ստացվել է ժամը 15-ից հետո, փրկարարներին դիմել է մինչ այս միջադեպը արշավականներին հանդիպած Մոնթե Հարությունյանը:

Լեռնային ուղեկցորդն այսօր էլ Արագածի լանջերին էր. իրադարձությունների հաջորդականությունն է ներկայացնում. իսպանացիները կատարվածից հետո կարողացել են զանգահարել իր ընկերներից մեկին, զանգերի շղթան, ի վերջո, իրեն է հասել և հենց ինքն է գործի անցել:

«Իրանց բախտը բերել ա, որ գտել են կապ, որովհետև էդ կողմերի համար հազվագյուտ բանա»:

Հարությունյանը զանգել է փրկարար ծառայություն, դիմել Armenian Helicopters ընկերություն, որի ուղղաթիռներն էլ, ի վերջո, դեպքի վայր հասան: Ներքին գործերի նախարարության արձագանքից դժգոհ է, վստահ է՝ հնարավոր էր ամեն ինչ ավելի շուտ կազմակերպել:

«ԱԻՆ-ից ես հասկացա, որ ինձ հարցեր են տալիս, որոնց կարիքը չկա, որ գործողությունների են գնում, որոնց կարիքը չկա, ու էդ ընթացքում մի հոգի մահանում է: Հասկացել ենք, որ այս պահին միակ հույսը Armenian Helicopters-ն ա ու մենք, հասկացել ենք նաև, որ էն ԱԻՆ-ի աշխատողները, որոնք մեզ շրջապատում են, իրանք առհասարակ փրկության կարիք ունեն, չեմ խոսում փրկարարական աշխատանքների մասին, ամենայն հարգանքով, որովհետև ես տեսնում էի՝ էդ մարդկանց ուր էր ուղարկվում, ինչ հրաման էր տրվում»:

Հարությունյանի խոսքով՝ վերջին վիրավորին իջեցրել են մոտավորապես ժամը 19-ին, այնինչ լեռներում աշխատող ուղեկցորդը պնդում է՝ այս աշխատանքները պետք էր մի քանի անգամ ավելի արագ անել. - «Պատկերացրեք, երբ որ դուք մի երկրում եք ապրում, որտեղ տեխնիկապես հնարավոր ա ձեզ փրկել, դուք ինչ-որ զանգերի ու բյուրոկրատական խնդիրների հետևանքով կորցնում եք ձեր վերջույթներից ինչ-որ մեկը, հոգեկան առողջությունը կամ էլ, Աստված չանի, կյանքը»:

Այն, որ փրկարարական աշխատանքներին նաև լեռնագնացներն են մասնակցել, չի թաքցնում նաև Ներքին գործերի նախարարությունը, այսօր նրանց նաև Արագած ՀԷԿ-ի աշխատակիցն է օգնել:

Պետական մարմինը երեկ հաղորդել էր, թե մեկ քաղաքացի անհետ կորած է, և միայն այսօր են նրա դին հայտնաբերել: Լեռնագնացները մինչդեռ ընդգծում են՝ ՆԳՆ-ը սխալ տեղեկություն է հրապարակել՝ մարմինը երեկ արդեն գտել էին, փրկարարները, սակայն, դին չէին իջեցրել: Արագածի լանջից մարմինն այսօր մոտ 3 կիլոմետր ոտքով են իջեցրել, հետո ամենագնացով մոտեցրել շտապ օգնության մեքենային:

Երեկ ողբերգությունից հետո միայն Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հայտարարեց, թե ձյան զանգվածները լեռնային շրջաններում սկսում են ակտիվորեն հալչել, ձնահյուսերի վտանգը մեծանում է, ու կոչ արեց խուսափել լեռներ այցելություններից: Մոնթե Հարությունյանն ասում է՝ ոչ թե պետք էր հորդորել ընդհանրապես խուսափել, այլ՝ առանց ուղեկցորդների լեռներ չգնալ:


XS
SM
MD
LG