Մատչելիության հղումներ

Իրանի ԱԳ նախարարն ու ԱՄՆ նախագահի բանագնացը շաբաթ օրը կբանակցեն Օմանում


Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչի, ԱՄՆ նախագահի բանագնաց Սթիվ Ուիթքոֆ
Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչի, ԱՄՆ նախագահի բանագնաց Սթիվ Ուիթքոֆ

Իրանի արտգործնախարարն ու Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահի բանագնացը շաբաթ օրը Օմանում կբանակցեն Իրանի միջուկային ծրագրի շուրջ: Առանց մանրամասների՝ Աբբաս Արաղչին X-ում տեղեկացրել է, որ Սթիվ Ուիթքոֆի հետ բանակցությունները կլինեն ոչ թե ուղիղ, ինչպես ԱՄՆ նախագահն է ասել, այլ՝ միջնորդավորված: Իսկ թե ինչ նկատի ունի միջնորդավորված ասելով, իրանցի դիվանագետը չի բացատրել:

«Իրանը և Միացյալ Նահանգները կհանդիպեն Օմանում շաբաթ օրը՝ բարձր մակարդակի անուղղակի բանակցությունների համար: Այն որքան հնարավորություն է, այդքան էլ՝ փորձություն: Գնդակն Ամերիկայի դաշտում է», - հայտարարել է Իրան ԱԳ նախարարը:

Արաղչին ասել է, որ համաձայնության հնարավոր է գալ, եթե ԱՄՆ-ը բարի կամք դրսևորի, ապա հավելել, որ Իրանի գլխավոր նպատակն է, որ վերացվեն պատժամիջոցները:

Արաղչիի գրառումից Դոնալդ Թրամփն էր հայտնել, որ ԱՄՆ-ն ու Իրանն այս շաբաթ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բարձր մակարդակի ուղիղ բանակցություններ կվարեն: Սպիտակ տանը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ հանդիպմանը Միացյալ Նահանգների նախագահը զգուշացրել էր, որ Իրանի շահերից է բխում, որ բանակցությունները հաջող ընթանան:

«Շատ բարձր մակարդակի հանդիպում ունենք իրանցիների հետ շաբաթ օրը, և ուղիղ շփումների մեջ ենք ... Գուցե գործարք կնքվի: Դա հիանալի կլինի: Դա իսկապես հիանալի կլինի Իրանի համար», - ասել է Թրամփը:

Հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն Իրանի դեմ ռազմական գործողություններ կկիրառի, եթե բանակցությունների արդյունքում հնարավոր չլինի համաձայնության գալ Թեհրանի հետ, Թրամփն արձագանքել է. - «Եթե բանակցությունները հաջող չանցնեն, կարծում եմ՝ դա շատ վատ օր կլինի Իրանի համար»:

2018-ին Թրամփի նախագահության առաջին ժամկետում ԱՄՆ-ը դուրս եկավ Բարաք Օբամայի օրոք 2015-ին Իրանի հետ կնքված միջուկային գործարքից՝ պնդելով, թե դա արդյունավետ չէ, ապա Իրանի նկատմամբ կրկին պատժամիջոցներ սահմանեց։ Ի պատասխան՝ Իրանն ուրանի հարստացման մակարդակը հասցրեց 60 տոկոսի, որը մոտ է միջուկային ռումբ ստեղծելու համար անհրաժեշտ աստիճանին:

Իրանում կարծում են, որ Թրամփն իր վերջին սպառնալիքներով ցանկանում է Թեհրանին ստիպել զիջումների գնալ: Իրանցի բարձրաստիճան պաշտոնյան անանուն մնալու պայմանով ասել է, որ ԱՄՆ-ը ցանկանում է առաջ քաշել նաև այլ խնդիրներ՝ ներառյալ Մերձավոր Արևելքում Իրանի ազդեցության նվազեցումն ու բալիստիկ հրթիռների ծրագրից հրաժարվելը, ինչը Թեհրանը բացառում է:

«Թրամփը ցանկանում է վերջ տալ տարածաշրջանում Իրանի ազդեցությանը, վերացնել միջուկային ծրագիրը և դադարեցնել նրա հրթիռաշինության ոլորտում աշխատանքը: Դա անընդունելի է Թեհրանի համար», - նշել է իրանցի պաշտոնյան:

Մեկ այլ պաշտոնյա էլ ասել է, որ Իրանը չի կարող զինաթափվել, երբ Իսրայելը միջուկային մարտագլխիկներ ունի: «Ո՞վ է մեզ պաշտպանելու, եթե Իսրայելը կամ մյուսները հարվածեն», - ասել է նա:

Ընդ որում՝ իսրայելցի որոշ փորձագետներ համոզված են, որ հիմա է Իրանի միջուկային օբյեկտներն հարվածելու կատարյալ պահը՝ հաշվի առնելով, որ միջուկային ծրագիրն իր զարգացման ամենաբարձր կետում է, իսկ Իրանի դաշնակիցները՝ լիբանանյան «Հեզբոլա» խմբավորումը և Սիրիան, էապես թուլացած են:

Թել Ավիվի համալսարանի ավագ հետազոտող Յոել Գուզանսկին The New York Times-ին ասել է՝ Իսրայելի համար իդեալական տարբերակը կլիներ շատ լավ գործարք կնքելը: «Սակայն աշխարհում իդեալական ոչինչ չկա», - հավելել է նա՝ կիսելով մտահոգությունը, որ Թրամփը կարող է ավելի ճկուն լինել, քան Իսրայելը, և արդյունքում գուցե տարաձայնություններ ծագեն:

ԱՄՆ-ի և Իսրայելի շահերը, ըստ նրա, արդեն իսկ տարբեր են. Իսրայելն ստիպված է ապրել Իրանի աջակցությունն ստացող ուժերի կողքին, իսկ ԱՄՆ-ը հազարավոր կիլոմետրերով հեռու է և այլ հրատապ խնդիրներ ունի:

Մինչ այդ, Մոսկվան է ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները: Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ դրանք կարող են հանգեցնել Իրանի շուրջ լարվածության թուլացմանը:

«Միանշանակ ողջունում ենք, քանի որ բազմիցս ենք ասել, որ աջակցում ենք Իրանի միջուկային խնդրի կարգավորմանը քաղաքական և դիվանագիտական միջոցներով։ Եթե այդպես լինի, ապա դա միայն ողջունելի է», - հայտարարել է Պեսկովը:

Այս ֆոնին Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատն այսօր վավերացրեց Իրանի հետ 20-ամյա ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը: Սակայն Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն ասել է, որ Իրանի վրա ԱՄՆ հարձակման դեպքում Ռուսաստանը չի պարտավորվում ռազմական աջակցություն տրամադրել Իրանին, թեև միջոցներ կձեռնարկի խնդրի կարգավորման համար:



XS
SM
MD
LG