Իրանի ազգային արժույթը՝ ռիալը, ԱՄՆ դոլարի նկատմամբ ռեկորդային ցածր մակարդակի է հասել՝ նախագահ Թրամփի վարած «առավելագույն ճնշման» քաղաքականության ֆոնին:
Ապրիլի 5-ի դրությամբ փոխանակման կետերում դոլարն արժեր ավելի քան 1,040,000 ռիալ: AP գործակալությունը հայտնել է, որ Թեհրանի արժութային շուկաների կենտրոնում որոշ առևտրականներ անջատել են իրենց խանութների էլեկտրոնային ցուցատախտակները, քանի որ սպասվում է ռիալի փոխարժեքի ավելի անկում:
«Այս [տնտեսական անկումը] անհնարին կդարձնի [Իրանում] փոփոխությունների հեռանկարները ժողովրդի աչքում։... Զայրացած և սոված հասարակությունը ցանկացած պահի կարող է դուրս գալ փողոց», - փետրվարին «Ազատության» «Ռադիո Ֆարդա» ծառայությանն ասել է Փարիզ-13 համալսարանի սոցիոլոգիայի պրոֆեսոր Սաիդ Պեյվանդին:
ԱՄՆ նախագահը վերսկսել է Իրանի տնտեսության վրա «առավելագույն ճնշման» քաղաքականությունը, որը նա կիրառում էր իր առաջին նախագահական ժամկետի ընթացքում՝ նման կերպ փորձելով ճնշում գործադրել Թեհրանի վրա, որպեսզի ստիպի նրան բանակցել իր միջուկային ծրագրի շուրջ:
Թեհրանը պնդում է, որ իր միջուկային ոլորտը նախատեսված է բացառապես քաղաքացիական նպատակների համար, մինչդեռ Վաշինգտոնն Իրանին մեղադրում է միջուկային զենք մշակելու փորձերի մեջ:
Թրամփը սպառնացել է ռմբակոծել Իրանը, եթե Թեհրանը ձախողի Վաշինգտոնի հետ համաձայնության գալը, Իսլամական Հանրապետությունը, սակայն, այդ հայտարարությունը որակել է «ոտնձգություն» խաղաղության և անվտանգության դեմ։