Իրանի արտգործնախարարը երեկ կրկնել է՝ Թեհրանն անիմաստ է համարում ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցությունները։
«Մենք հավատարիմ ենք մնում դիվանագիտությանը և պատրաստ ենք փորձել անուղղակի բանակցությունների ճանապարհը», - հայտարարել է երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունը։
Միացյալ Նահանգների նախագահը, որ անցած ամիս բանակցությունների հրավեր էր ուղարկել Իրանի գերագույն առաջնորդին, այս հայտարարությունից օրեր առաջ կրկին պնդել էր՝ նախընտրում է ուղիղ բանակցությունները։ Դոնալդ Թրամփը միաժամանակ զգուշացրել էր՝ պատրաստ է նաև ռազմական գործողությունների, եթե դիվանագիտությունը ձախողվի:
Reuters-ը հաղորդում է, թե նախօրեին այաթոլլա Խամենեին կարգադրել է Իրանի բանակը բարձր պատրաստվածության վիճակի բերել, Թեհրանն էլ նամակներ է ուղարկել Իրաքին, Քուվեյթին, Արաբական Միացյալ Էմիրություններին, Քաթարին, Թուրքիային և Բահրեյնին՝ զգուշացնելով՝ եթե Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակման դեպքում այդ երկրները որևէ աջակցություն ցուցաբերեն, ներառյալ՝ թույլ տան իրենց օդային տարածքի կամ տարածքի օգտագործումը, դա կդիտվի որպես թշնամական գործողություն, որը «լուրջ հետևանքներ կունենա»։
Իրանի դաշնակից Ռուսաստանն անցած հինգշաբթի հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությանը ռազմական հարվածներ հասցնելու մասին ԱՄՆ-ի սպառնալիքներն անընդունելի են, իսկ ուրբաթ՝ զսպվածության կոչ արել: