Մատչելիության հղումներ

Խաղաղության պայմանագրի համաձայնեցված հատվածներում արդեն իսկ կա հղում Ալմա-Աթայի հռչակագրին. Փաշինյան


Վարչապետ Նիկոլ Փաշինյան, արխիվ
Վարչապետ Նիկոլ Փաշինյան, արխիվ

Ինչո՞ւ Բաքուն չի համաձայնում Ալմա-Աթայի հռչակագրի վերաբերյալ հղումն ամրագրել խաղաղության պայմանագրում, այն դեպքում, երբ այդ փաստաթղթի հիման վրա Տավուշում և Ղազախում հատվածական սահմանազատում իրականացվեց։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր պատասխանելով «Ազատության» հարցին փակագծեր բացեց՝ «խաղաղության պայմանագրի համաձայնեցված հատվածներում արդեն իսկ կա հղում Ալմա-Աթայի հռչակագրին»։

Փաշինյանը, սակայն, չպարզաբանեց, թե այդ դեպքում որ հարցում է Երևանի ու Բաքվի տարաձայնությունը։

Մոտ մեկ ամիս առաջ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը «Ալ-Ջազիրա»-ին տված հարցազրույցում ասել էր. - «Մեր հարևանները դեռևս դժկամություն են ցուցաբերում Խաղաղության պայմանագրի տեքստում Ալմա-Աթային հռչակագրին ուղիղ և ճշգրիտ հղում անել»:

«Խորքի մեջ, այո, մեր գործընկերները՝ արտաքին գործերի նախարարը և, եթե չեմ սխալվում, նաև Անվտանգության խորհրդի քարտուղարը, էդ մասին խոսել են, բայց ես նկատի ունեմ՝ էդ տեքստը իրականության արտահայտման առումով և ընկալման առումով կարող է որոշակի տարբերվել։ Որովհետև իրականում խաղաղության պայմանագրի համաձայնեցված հատվածներում արդեն իսկ կա հղում Ալմաթիի հռչակագրին: Էնտեղ խոսքը մի քիչ ուրիշ բանի մասին է, որը ես հիմա չեմ ուզենա մեկնաբանել, որովհետև դա աշխատանքային...», - ասաց Փաշինյանը՝ հարցին էլ, թե «կա՞ այսինքն սկզբունքային տարաձայնություն՝ կոնկրետ Ալմաթին ընդգրկել խաղաղության պայմանագրում», արձագանքելով. - «Ես էլի եմ ասում՝ եկեք նայենք, որպեսզի ճիշտ կողմնորոշվեք, եկեք արձանագրենք հետևյալը՝ որ բարձրագույն մակարդակում Ադրբեջանից հնչել է հայտարարություն, որ իրենք հավատարիմ են Ալմաթիի հռչակագրին և Պրահայի պայմանավորվածություններին: Էդ վերարտադրման պրոցեսում կան աշխատանքային հարցեր, որոնք կարող են հաղթահարվել»:

«Կարո՞ղ ենք ասել, որ մոտ ենք ստորագրմանը», - «Ազատության» այս հարցին վարչապետը հարցով պատասխանեց. - «Գիտե՞ք ինչ, նմն հայտարարությունը ի՞նչ կտա մեզ: [...] Ես կարող եմ ասել, որ հիմա մենք ունենք մթնոլորտի էական փոփոխություն, էական փոփոխություն, բայց դա դեռ չի նշանակում, որ վերջ, հասել ենք վերջնագծին, և մնում է ստորագրել», - ընդգծեց վարչապետը:

Փաշինյանն այսօր այդպես էլ չհստակեցրեց՝ արդյոք նոյեմբերին մեկնելու է Բաքու՝ մասնակցելու ՄԱԿ-ի COP29 համաժողովին։
Օրերս Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչը այս համաժողովը լավ հնարավորություն էր համարել խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար։

Հայաստանի վարչապետն արձագանքում է՝ ամեն օր էլ հրաշալի հնարավորություն է. - «Եվ խնդիրն այն է, որ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ պետք է ձեռք բերվեն համաձայնություններ, և ես հույս ունեմ, որ ձեռք կբերվեն համաձայնություններ, ավելի ճիշտ՝ այդ համաձայնությունները ձեռք բերված են 2022 թվականի հոկտեմբերի 6-ին՝ Պրահայում, Պրահայից հետո՝ Սոչիում, հետո՝ Բրյուսելում: Այսինքն՝ համաձայնությունները, սկզբունքները՝ առանցքային սկզբունքները համաձայնեցված են, մնում է դա վերարտադրել խաղաղության պայմանագրի տեքստի մեջ: Եվ ես կարծում եմ, որ մենք ունենք հնարավորություն՝ օր առաջ էդ աշխատանքը ավարտելու: Երբ որ էս աշխատանքը տեսնենք, որ ավարտվեց, և եկել է ամփոփվել է, և հիմա մենք պետք է անցնենք արդեն ստորագրման, տեղ, ժամ և այլն՝ դա ուրիշ հարց է, որը լրացուցիչ կքննարկվի»:

Վարչապետ Փաշինյանն այսօր հրաժարվեց ասել, թե Տավուշի մարզում հատվածական սահմանազատումից հետո հաջորդը որ հատվածներում են Հայաստանն ու Ադրբեջանը ծրագրում սահմանազատում իրականացնել՝,նշելով միայն, որ այդ հարցի պատասխանը կտան երկու երկրների սահմանազատման հանձնաժողովները։

Հայաստանն ու Ադրբեջանը մոտ 1000 կիլոմետրանոց սահման ունեն, Տավուշ - Ղազախ հատվածում սահմանազատվել է ընդամենը 12.6 կիլոմետրը:

XS
SM
MD
LG