Մատչելիության հղումներ

Որքանո՞վ է իրատեսական խաղաղության պայմանագրի կնքումը մինչև նոյեմբեր


Հայաստանի և Ադրբեջանի պետական դրոշները, արխիվ
Հայաստանի և Ադրբեջանի պետական դրոշները, արխիվ

Երևանն ու Բաքուն չեն բացառում խաղաղության պայմանագրի ստորագրումը մինչև այս տարվա նոյեմբեր։

Նախ օրերս Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը Բաքվում նոյեմբերին կայանալիք COP29-ի համաժողովը լավ հնարավորություն համարեց խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար։

«Երևանն ու Բաքուն կիսում են տեսակետը, որ այսօր մենք շատ ավելի խոստումնալից իրավիճակում ենք։ Խաղաղության պայմանագիրն այժմ սեղանին է։ Մենք շարունակում ենք աշխատել և զգուշավոր լավատես ենք ու հավատում ենք, որ հնարավորություն կա տեքստի շուրջ բանակցություններն ավարտին հասցնել մինչև COP29-ը։ Ես կարծում եմ՝ դա միանգամյան հնարավոր է», - NE Global միջազգային տեղեկատվական հարթակին տված հարցազրույցում ասել է Ամիրբեկովը՝ շարունակելով. - «Դա մեծ ազդակ կլինի արտաքին աշխարհին, որ հետխորհրդային տարածքի ամենահին, երկարատև ու ողբերգական հակամարտություներից մեկն ավարտվում է։ Եվ ես կարծում եմ, որ երկու երկրները, այդ թվում Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդները պետք է պատրաստ լինեն այս դրական հանգուցալուծմանը»:

Մինչև նոյեմբեր խաղաղության պայմանագիր կնքելու հնարավորության մասին այս ամսվա սկզբին կայացած ասուլիսում խոսեց նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես համաձայն եմ մինչև նոյեմբեր խաղաղության պայմանագիր կնքելու գաղափարի հետ, և դրա համար պետք է բոլոր համաձայնեցված սկզբունքները, որոնք բանակցային հարթակներում համաձայնեցվել են, արձանագրել խաղաղության պայմանագրում», - ասաց Փաշինյանը:

Պաշտոնական Երևանը, սակայն, առայժմ չի արձագանքել Բաքվից հնչած դիտարկմանը, թե COP29-ի համաժողովը լավ հնարավորություն է խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար։

Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի իշխանական պատգամավոր Մարիա Կարապետյանը Բաքվում խաղաղության պայմանագրի ստորագրումը ճիշտ չի համարում։

«Ինչո՞ւ ձեր տարածքում պետք է կնքենք մի բան, որը համատեղ է՝ խաղաղության պայմանագիրը, և սա, իհարկե, խնդիր է, սա անհրաժեշտ է առանձին քննարկել, բայց որ ավելի կարևոր է՝ մենք հիմա 9-րդ, այսպես ասած, փոփոխությունների փուլի վրա ենք առաջարկում, ավելի կարևոր է, որպեսզի այդ առաջարկները ընդունվեն: Ընդունվելուց հետո կարող ենք, իհարկե, գտնել կոմպրոմիսային լուծում՝ վայրի, ժամանակի և մնացածի շուրջ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Կարապետյանը:

Հարցին՝ «սա լավ առիթ չէ՞՝ Բաքվում անցկացվելիք այդ միջազգային խորհրդաժողովը», իշխանական պատգամավորն արձագանքեց. - «Ես ասացի, որ ես կարծում եմ, որ ինչ-որ չեզոք մի բան է պետք գտնել, օրինակ՝ Հայաստան - Ադրբեջան սահմանը»:

Հայաստանի և Ադրբեջանի միջև ավելի քան երկու տարի բանակցվող խաղաղության պայմանագրի տեքստն արդեն 9-րդ խմբագրումն է անցել։ Երևանն անցած ամսվա վերջին հաստատեց, որ ստացել է Բաքվի հերթական առաջարկները։ Առայժմ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից չեն պատասխանել «Ազատության» հարցմանը՝ արդյոք Երևանն էլ իր պատասխան առաջարկներն է ուղարկել Ադրբեջանին։

Թե՛ խաղաղության պայմանագրի նախագիծը և թե՛ երկու երկրների առաջարկները գաղտնի են պահվում։ Պաշտոնական Երևանը միայն բարձրաձայնում է, որ Բաքուն հրաժարվում է խաղաղության պայմանագրի տեքստում ներառել Ալմա-Աթայի հռչակագիրը, որով կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը։

Ի դեպ, Տավուշում հենց Ալմաթայի հռչակագրի հիման վրա իրականացվեց հատվածական սահմանազատումը, և պարզ չէ, թե ինչու է Բաքուն հրաժարվում այդ սկզբունքն ամրագրել խաղաղության պայմանագրում։

Փաշինյանն օրերս «Ազատության» հետ զրույցում հրաժարվեց այդ հարցի հետ կապված բացատրություն ներկայացնել։ «Աշխատանքային հարցեր են, ուղղակի նրբություններ կան, ես հիմա չէի ուզենա դա բացահայտել՝ ոչ թե այն պատճառով, որ ուզում եմ գաղտնի պահել, այլ դա աշխատանքային պրոցես է, այս պահին բացահայտելու անհրաժեշտություն... ճիշտ չի լինի, կոռեկտ չի լինի», - ասաց վարչապետը:

Առայժմ հայտնի չէ՝ արդյոք վարչապետ Փաշինյանը մեկնելու է Բաքու՝ մասնակցելու ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կոնֆերանսի նստաշրջանին։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակացությունից փոխանցում են, որ հարցը դեռ չեն քննարկել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG