Մատչելիության հղումներ

Ունենք մթնոլորտի էական փոփոխություն, բայց չի նշանակում, որ հասել ենք վերջնագծին. Փաշինյանը՝ խաղաղության պայմանագրի մասին


Խաղաղության պայմանագրի համաձայնեցված հատվածներում արդեն իսկ կա հղում Ալմա-Աթայի հռչակագրին, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Ազատության» հարցին, թե ինչու Բաքուն չի համաձայանում Ալմա-Աթայի հռչակագրի վերաբերյալ հղումն ամրագրել խաղաղության պայմանագրում։

Փաշինյանի պնդմամբ՝ խնդիրը ուրիշ բանի մասին է՝ չցանկանալով պարզաբանել։

Առանցքային սկզբունքները համաձայնեցված են, մնում է դա վերարտադրել խաղաղության պայմանագրի տեքստի մեջ, հավելեց Նիկոլ Փաշինյանը. - «Եվ ես կարծում եմ՝ մենք ունենք հնարավորություն օր առաջ այդ աշխատանքն ավարտելու։ <>

Հիմա մենք ունենք մթնոլորտի էական փոփոխություն, բայց դա դեռ չի նշանակում, որ վերջ, հասել ենք եզրագծին, և մնում է ստորագրել», - հավելեց նա։

Օրերս Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը Բաքվում նոյեմբերին կայանալիք COP29-ի համաժողովը լավ հնարավորություն էր համարել խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար։

Հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է, որ համաժողովի ընթացքում կամ մինչև այն ստորագրվի այն կամ մինչև դա, ասաց. - «Ամեն օր էլ հրաշալի հնարավորություն է խաղաղության պայմանագիր ստորագրելու»։

Փաշինյանն այսօր անպատասխան թողեց «Ազատության» հարցը, թե ծրագրո՞ւմ է մեկնել Բաքու։

Հայկական կողմից ավելի վաղ հայտարարել էին, որ Ալմա-Աթայի հռչակագրի մասին դրույթը խաղաղության պայմանագրում ամրագրելու շուրջ համաձայնություն դեռ չկա։

Հայաստանի և Ադրբեջանի միջև ավելի քան երկու տարի բանակցվող խաղաղության պայմանագրի տեքստն արդեն 9-րդ խմբագրումն է անցել։ Երևանն անցած ամսվա վերջին հաստատեց, որ ստացել է Բաքվի հերթական առաջարկները։

Առավել մանրամասն տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG