Մատչելիության հղումներ

Ինչպես է Ալիևի վարչակազմը խոչընդոտել Կարմիր Խաչի գործունեությունն Արցախում. OCCRP-ի հետաքննությունը


Կարմիր Խաչի ավտոմեքենաներն Արցախում, հունվար, 2023թ.
Կարմիր Խաչի ավտոմեքենաներն Արցախում, հունվար, 2023թ.

Ինչպես է Ալիևի վարչակազմը խոչընդոտել Լեռնային Ղարաբաղում գործող փաստացի միակ միջազգային մարդասիրական կազմակերպության՝ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) գործունեությունը, որը կենսական նշանակություն ուներ լիակատար շրջափակման մեջ հայտնված 100 հազար մարդու համար: Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծը՝ OCCRP-ն ծավալուն հետաքննությամբ պնդում է, որ Ալիևի ավտորիտար ռեժիմին այդ հարցում օգնել է Կարմիր մահիկի տեղական բաժանմունքը՝ ոտնահարելով մայր կազմակերպության որդեգրած սկզբունքները, ներառյալ՝ չեզոքությունը, անկողմնակալությունը, փոխարենը հետևել է ավտորիտար կառավարության քաղաքական գծին՝ կրկնելով Ալիևի վարչակազմի խոսույթը։

«Զրկանքները, որոնց շրջափակման ընթացքում բախվել էին Լեռնային Ղարաբաղի բնակիչները, այն ժամանակ լուսաբանվում էին տեղական և միջազգային զանգվածային լրատվամիջոցների կողմից, սակայն շատ ավելի քիչ էին տեղեկությունները այն մարտահրավերների մասին, որոնց բախվում էին մարդասիրական աշխատողները, ովքեր փորձում են օգնել մարդկանց», - նկատում է հոդվածի հեղինակ Ռասմուս Քանբեքը:

Շվեդ լրագրողը հիշեցնում է Հաագայի Արդարադատության միջազգային դատարանի վճռի մասին, որն Ադրբեջանին պարտավորեցրել էր ապահովել «անխոչընդոտ տեղաշարժը» Լաչինի միջանցքով, սակայն նույնիսկ դրանից հետո էլ Բաքուն շարունակել է լրջորեն սահմանափակել ԿԽՄԿ-ի գործունեությունը․ մարդասիրական կազմակերպությանը թույլ չի տրվել լիարժեք իրականացնել ծանր հիվանդների տարհանումը Հայաստան, բավարար պաշարներ՝ այդ թվում վառելիք, դեղորայք հասցնել մատակարարումներից ամբողջովին զրկված բնակչությանը։

«Յուրաքանչյուր հաջորդ ավտոշարասյան հետ ամեն ինչ ավելի ու ավելի բարդ էր։ Ադրբեջանական կողմը մեզ վրա ճնշում էր գործադրում` սկսած տեղում մանր խնդիրներից, այդ թվում՝ տեղաշարժի արգելք, մինչև Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության ստեղծած լուրջ խնդիրները», - ասել է ԿԽՄԿ-ի նախկին աշխատակիցը, որն ուղղակիորեն մասնակցել է տեղում կազմակերպության աշխատանքներին։ Կառույցի ներկայացուցչի խոսքով՝ «Բաքվի հարուցած լոգիստիկ, բյուրոկրատական խնդիրները, աննշան դետալների շուրջ կուլիսային վեճերը և տեղաշարժի ուղիղ արգելքներն անհնարին են դարձրել աշխատանքը»:

Հոդվածի հեղինակը գրում է, որ մարդասիրական կազմակերպության գործունեությունը խոչընդոտելուն անմիջականորեն մասնակցել է ադրբեջանական Կարմիր մահիկը, որը հրապարակավ ընդդիմացել է այդ տարածքում ԿԽՄԿ-ի առաքելությանը, թեև ի պաշտոնե պարտավոր էր հետևել Կարմիր Խաչի չեզոքության, անաչառության սկզբունքներին, պարբերաբար կրկնել է պաշտոնական Բաքվի հայտարարություններն ու պահանջները, հրապարակավ կասկածի տակ դրել Լեռնային Ղարաբաղի հայերի տառապանքները՝ մարտահրավեր նետելով հակամարտության գոտիներում մասնագիտացած, աշխարհում իր անաչառությամբ հայտնի ԿԽՄԿ-ի հեղինակությանը։

Լրագրողը բազմաթիվ դրվագներ է թվարկել, որոնք փաստում են, որ ադրբեջանական Կարմիր մահիկն ամուր թելերով կապված է նախագահ Ալիևի ավտորիտար ռեժիմի հետ։ Եվ չնայած այդ փաստերին՝ ադրբեջանական այդ կազմակերպությունը մինչ օրս որևէ պատժամիջոցի չի ենթարկվել, քննության առարկա չի դարձել:

ԿԽՄԿ-ն OCCRP-ի հարցումներին պատասխան նամակում ձեռնպահ է մնացել Ադրբեջանի կառավարության հասցեին քննադատությունից, ընդգծելով միայն, որ կառույցի հանձնառությունն է հասնել «խոցելի մարդկանց»՝ իշխանությունների հետ համագործակցության միջոցով։ «Տարիների պրակտիկան մեզ ցույց է տվել, որ սա մեր աշխատանքն իրականացնելու ամենաարդյունավետ միջոցն է», - շեշտել է ԿԽՄԿ-ն։

Կազմակերպությունն ուղիղ չի պատասխանել՝ արդյո՞ք ոտնահարել է Կարմիր Խաչի միջազգային սկզբունքները ադրբեջանական Կարմիր մահիկը, որի ղեկավարը, օրինակ, Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի լայնածավալ հարձակումից և հայերի բռնի տեղահանությունից հետո էլ հրապարակավ փառաբանել է Ալիևին այդ գործողությունների համար և աջակցել պատերազմին:

Նովրուզ Ալանովը, մասնավորապես, 2023 թվականի սեպտեմբերի 21-ին՝ արյունալի ռազմական գործողություններից մեկ օր անց, X-ում Ալիևի լուսանկարով կեղծ գրքի շապիկ էր հրապարակել, այն վերնագրելով՝ «Ինչպես գրել պատմություն 24 ժամում», իսկ հաջորդ օրն արդեն Լեռնային Ղարաբաղում Կարմիր մահիկի ավտոշարասյան լուսանկարով կիսվել, գրելով՝ «Մեր պատվավոր առաքելությունն ավարտված է»։

Ամեն ինչ հստակ է, փաստերն անհերքելի են, «Ազատության» հետ զրույցում հայտարարում է հետաքննության հեղինակ Ռասմուս Քենբեքը. - «Ես հետաքննությունը սկսել եմ մեկ տարի առաջ, երբ առաջին անգամ Աղդամի ճանապարհին հայտնվեց ադրբեջանական Կարմիր մահիկը՝ կամավորներով և դրոշներով։ Միանգամայն պարզ էր՝ նրանք ինչ-որ կերպ համագործակցում էին Ադրբեջանի կառավարության հետ։ Պարզապես պետք էր ապացուցել, թե ինչպես են դա անում և ինչ սկզբունքներ են խախտում՝ համագործակցելով իշխանության հետ»։

Լրագրողի խոսքով՝ գնդակն այժմ Ժնևում գործող հեղինակավոր կազմակերպության դաշտում է, որն առնվազն պետք է հետաքննություն սկսի ադրբեջանական Կարմիր մահիկի նկատմամբ։ «Նրանք (Կարմիր մահիկը) ԿԽՄԿ-ից պահանջում էին լքել Լեռնային Ղարաբաղը: Մենք տեսանք նաև, թե ինչպես են մաս կազմում քարոզչությանը եւ կիրառում Ադրբեջանի կառավարության նարատիվները։ Պատերազմից հետո էլ՝ գովեստի խոսքեր հնչեցնում Ալիևի հասցեին, այսինքն՝ գովաբանում պատերազմը», - ասում է Քենբեքը:

Հումանիտար ողբերգության մասին այս պատմությունը պետք է պատմվեր, ասում է OCCRP-ի գլխավոր խմբագիր Իլյա Լոզովսկին: «Մեր հետաքննությունը ցույց է տալիս, թե ինչպես են ադրբեջանցիները բարդացրել մարդասիրական աշխատողների գործունեությունը, անընդհատ տարբեր ճանապարհային արգելապատնեշներ տեղադրել: Մենք ունենք վիճակագրություն, որը ցույց է տալիս, որ երբեմն մարդասիրական փոխադրումները դադարեցվել են մեկ ամսով կամ մի քանի շաբաթով: Սա այն դեպքում, երբ հարյուրավոր մարդիկ Լեռնային Ղարաբաղում հուսահատ սպասում էին՝ մաս կազմելու շարասյանը, որպեսզի դուրս բերվեն և բուժում ստանան», - նշում է Լոզովսկին:

«Պատվիրված հոդված», «հակաադրբեջանական կանխակալ քարոզչություն»․ պաշտոնական Բաքվի ավանդական պատասխանը չուշացավ։ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, անուղղակի արձագանքելով հետաքննությունում տեղ գտած փաստերին, ոչ միայն հայկական լոբիին է մեղադրել նման հոդվածներ պատվիրելու մեջ, այլև ԿԽՄԿ-ին՝ «տեղեկատվական արտահոսքեր» կազմակերպելու համար:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG