«Միջազգային հանրությունը սպասում է հազարներով մարդիկ մեռնեն, որպեսզի հետո երկերեսանիորեն ափսոսանքներ արտահայտի», - հայտարարում է Արցախի մարդու իրավունքների պաշտպանը՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեից պահանջելով «վառել մարդկանց ցեղասպանվելու վտանգի ահազանգի կարմիր կոճակը»։
«Մեկ ամիս շարունակ Արցախն ամբողջությամբ կտրված է հումանիտար հասանելիությունից՝ բառի բուն իմաստով պաշարված Ադրբեջանի կողմից։ Հունիսի 15-ից սննդի, կենսական նշանակության ապրանքների ներկրումների դիտավորյալ ամբողջական արգելափակումը սպառնում է 120 000 մարդու կյանքին։ Ադրբեջանը երեկվանից արգելափակել է նաև Կարմիր խաչ միջազգային կոմիտեի կողմից դեպի Արցախ դեղորայքի ներկրումները և բուժառուների փոխադրումները։ Խաղաղապահներն իրենց պահպանման համար ուղղաթիռներով ներկրումներ են անում, այնինչ Արցախի ամբողջ բնակչությունը մատնվում է սովի, իսկ միջազգային դերակատաները հայտարարություններից բացի այլ քայլեր չեն ձեռնարկում», - նշել է օմբուդսմենը՝ ընդգծելով՝ Արցախում իրավիճակն օրհասական է։
Երեկ Բաքուն հաղորդեց, թե «Լաչին» անցակետում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի մեքենաներով փորձեր են արվել մաքսանենգ ճանապարհով հայերի համար տարբեր տեսակի մաքսանենգ ապրանքներ տեղափոխել Ադրբեջանի Ղարաբաղի շրջան»։ Ըստ հաղորդագրության՝ անցակետի գործունեությունը կասեցվել է, «մաքսանենգության բոլոր փաստերը տեղում փաստագրված են օպերատիվ նկարահանման միջոցով»:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն էլ հայտարարել է, որ առևտրային ապրանքներ տեղափոխել փորձող 4 վարորդները ԿԽՄԿ աշխատակիցներ չեն, նրանց հետ պայմանագրերը խզվել են: