Մատչելիության հղումներ

Ովքե՞ր են մնացել Ստեփանակերտում. Կարմիր մահիկի աշխատակիցներն այցելել են շուրջ երկու տասնյակ հայերին


Մի քանի օր է՝ արցախցիներն իրենց բաց ու փակ խմբերում քննարկում են կադրերը, որ Բաքվի լրատվամիջոցներն են տարածել Ստեփանակերտից։ Կարմիր մահիկի ադրբեջանական գրասենյակի աշխատակիցներն այցելել են այնտեղ մնացած շուրջ երկու տասնյակ հայերին։

«Քանի որ փոքր քաղաք է Ստեփանակերտը, բնականաբար մեկս մեկին ճանաչում էինք, նաև ում չէինք ճանաչում, փորձում էինք ճանաչել արդեն այստեղից, որ ովքեր են մնացել, իսկ իրականում իրենք շատ չեն, չնայած որ տարբեր ալիքներ քարոզչության համար ասում են հարյուրից ավելի, նաև ասացին հազարից ավելի, բայց երկու տասնյակից ոչ ավելի մարդ է մնացել այնտեղ։ Իսկ այդ կադրերը, որ հրապարակեց Բաքուն, հիմնականում մնացել են այնտեղ, դե քանի որ մենք էլ վերջում դուրս եկանք, երևի ավելի նկարագրող բառ չկա, քան անճարը, որ անճար մարդիկ են», - ասում է Արցախի ՆԳՆ նախկին խոսնակ Հունան Թադևոսյանը։

Նա հերթով անցնում է բոլոր այս մարդկանց կադրերով՝ ստեփանակերտցիների սիրելի Ֆրեդ Հայրապետյանը՝ մի միայնակ տղամարդ, որ ուղղակի սիրում էր քայլել իր քաղաքի փողոցներով ու որոշեց այդ քայլքը չընդհատել նույնիսկ Ստեփանակերտը Խանքենդի դառնալուց հետո։

«Մտածել է, որ գա այստեղ, տեղ չունի և պիտի հայտնվի ծերանոցում կամ ինչ-որ խնամքի կենտրոնում, իսկ ինքն ազատություն էր սիրում, որ դրսերում լինի, իր տունը Ստեփանակերտի փողոցներն էին, որ կարելի էր նրան ամեն քայլին հանդիպել», - նշում է Թադևոսյանը։

Վերջին փրկարարները քաղաքից հոկտեմբերի 4-ին դուրս եկան, նրանցից մեկը Ֆրեդին նկատել է արդեն դատարկված քաղաքում։

70-ամյա Լարիսա Ստեփանյանի հետ ադրբեջանական լրատվամիջոցներից մեկն առանձին է զրուցել։ Մինչև 44-օրյա պատերազմը կինը Հադրութի Տող գյուղում էր ապրում, տեղահանվեց ու Ստեփանակերտի նկուղներից մեկում է ապրում մինչև հիմա, նրան ճանաչողներն ասում են՝ միայն Տող վերադառնալ էր ուզում։ Ադրբեջանցի լրագրողները նրան քաղաքական հարցեր են տալիս։

«Ինտերվյու էր տվել ադրբեջանական ալիքին՝ ասելով, որ ադրբեջանցիների հետ խորհրդային տարիներին լավ էր կյանքը, և այս ամենի մեղավորը Քոչարյանն էր։ Տիկին Լարիսան մեր շենքից մի քանի քայլ հեռու էր ապրում, Հադրութից է տեղահանվել, ապաստանել էր նախկին ոստիկանական պոլիկլինիկայում, այնտեղ էր ապրում», - հիշում է Հունան Թադևոսյանը։

Տիկին Լարիսային հավանաբար Կարմիր մահիկի ադրբեջանցի աշխատակիցները հնարավորություն են տվել կապվել հարազատների հետ։ Հունան Թադևոսյանը նկատում է՝ կնոջ հայացքից շատ պարզ երևում է, որ կողքին ուղղորդող մարդիկ կան. - «Աչքի ծայրով նայում է կողքի կանգնածին ու միմիկաներով հասկացնում, որ ասացի դա»։

Արցախում մնացած հայերին, կնոջ խոսքից դատելով, խոստացել են, որ շուտով իրենք շատանալու են, մնում է, որ Ստեփանակերտից միայն դրական ազդակներ գնան. սա տեղահանված արցախցիները ընկալում են որպես պարզ քարոզ։


Բոլորովին լավ կյանքի մասին չէ Սերգեյ Օգոլցովի՝ Արցախի համալսարանի անգլերենի դասախոսի տեսքը։ Նրան վերջին կադրերում ստեփանակերտցիները դժվարությամբ են ճանաչել։ Ամիսներ առաջ, երբ Բաքվի միգրացիոն ծառայության աշխատակիցները գրանցում էին նրան, դեռ լավ էր։ Փոխարենը աշխույժ են տեսնում Միշա Գրիգորյանին՝
«Գիբսի Միշիկ» անունով է հայտնի, կավից արձաններ էր պատրաստում։

Միշա Գրիգորյանը նաև Ստեփանակերտից մի ուղերձ էր տեսագրել, որում պնդում էր՝ «իրեն լավ են նայում, ադրբեջանցիների հետ ոնց որ եղբայր»։

Արցախի մեծ տեղահանումից հետո Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 52 քաղաքացու է տեղափոխել Հայաստան, իրենք են ցանկացել հեռանալ։ Կազմակերպության ներկայացուցիչ Զառա Ամատունու տեղեկացմամբ՝ վերջին անգամ դեկտեմբերին են երկու հայերի տեղափոխել։ Եթե ցանկացողներ լինեն, հիմա էլ է հնարավոր։ Կազմակերպությունը ներկայացուցիչներ ունի Արցախում, որ կապի մեջ են շատ փոքրիկ հայկական այդ համայնքի հետ. - «Մենք վերահսկում ենք իրենց կարիքների հետ կապված հարցեր, օգնում ենք պահել կապերը հարազատների հետ»։

Ստեփանակերտում, Ասկերանում քարոզչական պաստառներ են, տեղամասեր են ձևավորել։ Փետրվարի 7- նախագահի արտահերթ ընտրություններին արդյոք շուրջ երկու տասնյակ հայերին տեսախցիկների լույսերի ներքո կուղեկցեն տեղամասեր՝ առայժմ պարզ չէ։ «Ազատությունն» Արցախի նախկին պաշտոնյաներից տեղեկացավ՝ այս 20 հոգին դեռևս Ադրբեջանի քաղաքացի չէ, միգրացիոն ծառայության թերթիկ ունի։

XS
SM
MD
LG