Հայաստանի Սահմանադրությունը փոխելու Բաքվի շարունակական պահանջի ֆոնին կառավարությունում որոշել են առանց հայեցակարգի միանգամից նոր Սահմանադրություն գրել: Արդարադատության փոխնախարար Տիգրան Դադունցն «Ազատության» հետ զրույցում այսօր պնդեց՝ այս քայլը Ադրբեջանի պահանջների հետ կապ չունի, այդպես են անում, որ վարչապետի սահմանած ժամկետներում հասցնեն նոր տեքստ ունենալ:
«Հայեցակարգի վրա շատ երկար աշխատանք տարվել է վերջին 2-3 տարիների ընթացքում, և ունենք հայեցակարգային փաստաթուղթ և հիմք ընդունելով այդ հայեցակարգային փաստաթղթերը, նաև խորհրդի անդամների կողմից ներկայացված առաջարկները՝ հիմա աշխատում ենք տեքստի վրա, որ արագացվի այդ աշխատանքը», - ասաց փոխնախարարը:
Նոր Սահմանադրություն ունենալու որոշում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անցած տարվա մայիսին էր ընդունել, բայց հանձնարարել էր նախ մինչև 2026 թվականի հունիսը սահմանադրական փոփոխությունների խորհրդում հաստատել նոր Սահմանադրության հայեցակարգի նախագիծը, ապա այն ներկայացնել վարչապետի աշխատակազմ: Դրանից կես տարի անց՝ այսինքն 26-ի դեկտեմբերին արդեն, պետք է հաստատվեր նոր Սահմանադրության նախագիծը: Ու թեև վարչապետի որոշմամբ այս ընթացակարգերն են սահմանված, նոր Սահմանադրության մշակմանը մասնակցող Տիգրան Դադունցը չհամաձայնեց, որ նախարարությունն այժմ լրիվ այլ տրամաբանությամբ է շարժվում:
«Իրականում ոչ թե շեղում է, այլ մինչև 26թ. վերջ պետք է Սահմանադրության տեքստի նախագիծը լիներ, հիմա մենք դա ենք անում», - ասաց նա:
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը կարծում է՝ վարչապետ Փաշինյանի կաբինետն առանց հայեցակարգի, միանգամից Սահմանադրություն է գրում, որ մինչև խորհրդարանական հերթական ընտրությունները, այսինքն՝ 2026 թվականի հունիսը իշխանությունն այն հանրաքվեի դնի:
«Փաշինյանն Ադրբեջանի թելադրանքով կգրի այդ տեքստը, այնուհետև կգնա բոլոր հնարավոր և անհնար ճնշումների, կեղծիքների, խարդախությունների, սպառնալիքների, շանտաժի, որպեսզի այդ տեքստը հանրաքվեով ընդունվի: Իրեն պետք է՝ այդ Սահմանադրությունը հաստատվի հանրաքվեով, որպեսզի ըստ իր մտավարժանքների կամ հույսերի՝ Ալիևը կստորագրի այդ թղթերը, որի վրա գրված կլինի խաղաղություն», - ասաց պատգամավորը:
Չնայած օրենսդրական արգելիքին՝ վարչապետ Փաշինյանը վերջին հարցազրույցներից մեկում չէր բացառել, որ 2027-ին ծրագրած սահմանադրական հանրաքվեն անցկացնեն 2026-ի ամռանը խորհրդարանական ընտրություններին զուգահեռ: Նոր Սահմանադրության մշակման գործընթացում գլխավոր ինտրիգն այն է, թե կպահպանվի՞ նախաբանը, որում հղում կա Անկախության հռչակագրին: Բաքուն հենց այդ հղումն է պահանջում հանել և այդպես վերջ տալ իրենց ձևակերպմամբ՝ «Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներին»:
Արդարադատության նախարարության պաշտոնյան այսօր կրկնեց՝ Անկախության հռչակագրի հարցը չեն քննարկել. «Քանի որ Սահմանադրությունը իրավաքաղաքկան փաստաթուղթ է, իրավական առումով էլ ՍԴ-ն առնվազ գործող Սահմանադրության մասով այս հարցին պատասխանել է»:
Նոր Սահմանադրություն ունենալու առանցքային պատճառը, ըստ Նիկոլ Փաշինյանի, գործողի լեգիտիմության հարցն է: Իսկ նորն ունենալու ճանապարհին, ըստ վարչապետի, պետք է Սահմանադրության ստեղծման և ընդունման մեթոդներն այնպիսին լինեն, որ ժողովուրդն այն համարի իրենը:
Արթուր Խաչատրյանի խոսքով՝ առանց հայեցակարգի, միանգամից տեքստ գրելու որոշմամբ իշխանության ստեղծած այս միֆն էլ է փլուզվում. «Ընդհանրապես եթե իրենք խոսում են ժողովրդավարության մասին, լեգիտիմ Սահմանադրության մասին, իհարկե պետք է լայն քննարկում լինի՝ ժողովուրդն ինչ տիպի պետություն է ուզում: Այ դրանից հետո արդեն կարելի է գնալ և տեքստը գրել, բայց իրեն պետք է թղթի կտոր, որպեսզի տանի, Ալիևին ցույց տա, Ալիևի դաբրոն ստանա, դնի հանրաքվեի»:
Հայեցակարգ չի լինի, բայց արդարադատության փոխնախարարը վստահեցրեց, թե նոր Սահմանադրության նախագիծը կքննարկեն հանրության հետ: Ու թեև նոր Սահմանադրության տեքստն արդեն գրվում է, փոխնախարարը չունի ևս մի կարևոր հարցի պատասխան՝ ինչ հիմնարար փոփոխություններ են լինելու նոր Մայր օրենքում:
Ի դեպ, այս պահին փաստացի չի գործում նաև սահմանադրական փոփոխությունների խորհուրդը: Այն կես տարուց ավելի է նիստեր չի գումարում: Մինչդեռ վարչապետի որոշման համաձայն՝ այդ նիստերը պետք է առնվազն երկու ամիսը մեկ անցկացվեին: