«Քանի դեռ ստորագրված չէ խաղաղության համաձայնագիրը և Հայաստանը ամբողջությամբ չի հրաժարվել Ադրբեջանի նկատմամբ բոլոր տարածքային պահանջներից, որոնք դեռևս առկա են իրենց Սահմանադրությունում, և Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու իր պահվածքում անկեղծություն չի դրսևորել, նոր ռազմական առճակատման վտանգը միշտ կլինի»,- այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ADA միջազգային ֆորումի ժամանակ։
Ադրբեջանը պահանջում է Հայաստանից փոխել Սահմանադրությունը՝ խնդրահարույց համարելով Հայաստանի մայր օրենքում հիշատակված Անկախության հռչակագիրը, որում հղում կա Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միավորմանը։ Երևանն էլ Սահմանադրությունը փոխելու Բաքվի պահանջը Հայաստանի ներքին գործերին միջամտելու փորձ է որակում։
«Սպառնալիք է նաև սպառազինություն ձեռք բերելու փորձերը»
Ալիևն այսօր վերստին պնդել է, թե սպառնալիք է նաև Հայաստանի կողմից սպառազինություն ձեռք բերելու փորձերը։
«Մենք վերականգնել են մեր տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, վերջ դրել անջատողականությանը և վերահսկողության տակ վերցրել մեր սահմանները։ Եվ մեզ համար այդ հարցը փակ է։ Բայց դա չի նշանակում, որ մենք պարզապես անտեսելու ենք պոտենցիալ սպառնալիքները և պոտենցիալ վտանգը», - ասել է Ադրբեջանի նախագահը և հավելել՝ «պետք է միշտ պատրաստ լինեն հակահարված տալու»։
Ռազմական ծախսերը մեծացնող Բաքուն պարբերաբար մեղադրում է Երևանին «ռազմականացման քաղաքականություն վարելու համար»։ Հայաստանն էլ հայտարարում է, որ «մարտունակ բանակ ունենալն իր ինքնիշխան իրավունքն է»։
«Հայաստանն իրեն զրկել է կարևոր տարանցիկ երկիր դառնալու հնարավորությունից»
«Ադրբեջանական տարածքի հայկական օկուպացիան թույլ չի տվել Հարավային Կովկասին զարգանալ որպես քիչ թե շատ ինտեգրված տարածաշրջան, իսկ մենք դրա հնարավորություններն ունեինք», - այսօր Բաքվում հայտարարել է Ադրբեջանի նախագահը։
«Էներգետիկ անվտանգություն, տրանսպորտ, ներդրումներ, տնտեսական օգուտներ․ Հայաստանն, ագրեսիայի արդյունքում, իրեն փաստացիորեն զրկել է այս ամենից, ինքն իրեն զրկել է ադրբեջանական էներգետիկ ռեսուրսների և տրանսպորտային ուղիների համար կարևոր տարանցիկ երկիր դառնալու հնարավորությունից»,- նշել է Ադրբեջանի ղեկավարը։
Բաքուն շարունակում է Հայաստանից ճանապարհ պահանջել, որ Ադրբեջանը կկապի Նախիջևանին ու այն կլինի առանց մաքսային հսկողության ու անխոչընդոտ: Հայաստանն էլ պնդում է, որ այդ ճանապարհները պետք է գործեն երկրների ինքնիշխանության ներքո:
Շեշտելով, որ Ադրբեջանը բազմաթիվ երկրների հետ ռազմավարական գործընկերության հռչակագրեր ունի՝ Իլհամ Ալիևն ասել է, թե սա հնարավորություն է տալիս Բաքվին՝ կարևոր տնտեսական և տրանսպորտային կամուրջ լինեն Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի և Եվրոպայի միջև։
Այս տարածաշրջանի հետ երկարաժամկետ համագործակցության համար հնարավոր չէ անտեսել Ադրբեջանին՝ նշել է Ալիևը՝ շեշտելով․ - «Եվրոպայում որոշ ուժեր կնախընտրեին Ադրբեջանին մեկուսացնել այս գործընթացից ու բաժանարար գծեր գծել, մասնավորապես, Հարավային Կովկասում, բայց այդ փորձերը հաջողություն չեն ունենա»։ Թե որ երկրներին նկատի ուներ, Ալիևը չի մանրամասնել։