Մատչելիության հղումներ

Երևանի քաղաքապետարանի ձերբակալված պաշտոնյայի նկատմամբ գրավ և չբացակայելու արգելք է կիրառվել


Երևանի քաղաքապետարանի շենքը, արխիվ
Երևանի քաղաքապետարանի շենքը, արխիվ

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանի նկատմամբ սահմանվել է վարչական հսկողություն, գրավ և չբացակայելու արգելք, հայտնում է քաղաքապետարանի խոսնակ Հայկ Կոստանյանը՝ նշելով, որ Կարոյանին կալանավորելու միջնորդությունը չի բավարարվել։

Կոստանյանը երեկ հայտնել էր, որ պաշտոնյան ձերբակալվել է դեռևս նախորդ ամիս քաղաքապետարանի պաշտոնյաների ձերբակալության նույն գործի շրջանակում:

Արսեն Կարոյանը 2020-ի փետրվարին է նշանակվել աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ։

Այս տարվա փետրվարի սկզբին հաղորդվեց, որ չորս անձ է կալանավորվել, նրանցից 2-ը Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաներ են, մյուս երկու կալանավորվածները քաղաքապետարանի նախկին պաշտոնյաներ են։ «Ազատության» տեղեկություններով՝ նրանք մեղադրվում են կաշառք ստանալու, տալու և օժանդակելու մեջ:

Քաղաքապետարանում ու վարչական շրջաններում վերջին շրջանում էլի ձերբակալություններ են եղել: Մոտ 4 ամիս առաջ իրավապահները Կենտրոնի թաղապետարանում էին, չորս հոգու էին կալանավորել՝ պաշտոնատար անձանց կողմից խմբով կաշառք ստանալու և քաղաքացու կողմից կաշառք տալու մեղադրանքով: Դրանից առաջ էլ քննիչները Արաբկիրի թաղապետարանից բերման էին ենթարկել վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանին, ըստ նախաքննական մարմնի, նա մեղադրվում է կաշառք ստանալու և պաշտոնեական դիրքի չարաշահման հոդվածով, մեղադրանքը չի ընդունում: Այս գործով ևս 12 մեղադրյալ կա, բայց նրանք բոլորն արդեն ազատության մեջ են, իսկ Արաբկիրի թաղապետն արդեն 9 ամիս է, ինչ բանտում է: Այս գործն արդեն դատարանում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG