«Ամեն համբալ չգա կայնի ստեղ ամեն իրա գեղի Opel-ով»:
Չորրորդ սկանդալը մի քանի օրվա ընթացքում. 20 հազար դոլարանոց ավիատոմսից, լրատվամիջոցներին աղբանոց անվանելու հայտարարությունից ու ամփոփիչ ասուլիսում առանց խմբագրի ներկայացած լրագրողների մուտքն արգելելուց հետո Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ստիպված էր բիզնեսմեն հոր խոսքերի համար ներողություն խնդրել. - «Հայրս բավականին կոպիտ և տգեղ պատասխաններ է հնչեցնում, և վստահ եմ, որ այդ պատասխանները նյարդի ազդեցության՝ խցանման նյարդի, միգուցե նաև մի փոքր էլ լրագրողի նկատմամբ նյարդի ազդեցության հետևանքներ են: Էն դաստիարակությունը, որը ինքը ինձ է տվել, իր այս խոսացածի մասին չէր, շատ ափսոսում եմ ասված բառերի համար և ասված խոսքերի համար և ներողություն եմ խնդրում դրա համար»:
«Իսկ իմ հայրը շատ ավելի պարզ մարդ է, նա քաղաքական գործիչ չէ և իրականում նյարդի և նյարդերի կառավարման տեսանկյունից վստահորեն շատ ավելի դյուրին է տրվում պրովոկացիաների: Բայց ես ևս մեկ անգամ ուզում են ներողություն խնդել ասվածի համար, և ես կարծում եմ, որ այսուհետ մենք բոլորս միասին պետք է մի փոքր ավելի ուշադիր լինենք մեր խոսքում, անկախ նրանից... չնայած իմ հայրը Երևանի քաղաքապետարանում չի աշխատում: [...] Դա նյարդի, պահի տակ ասված խոսքեր են, որը որ շատ երկար կփորձեն շրջանառել: Ես ներողություն եմ խնդրում դրա համար, ուզում եմ իմանաք, որ դա ինձ համար ուղղակի անընդունելի խոսքեր են եղել», - ասաց քաղաքապետը երևանցիներին ուղղված իր խոսքում:
Հայր Ավինյանին մոտեցել էին կարմիր գծերի սակագների մասին լրատվամիջոցներից մեկի հարցման ընթացքում.
Հարց. - Հակառակ դատարանի վճռի՝ կարմիր գծերի արժեքը մնալու է 160 հազար դրամ:
Պատասխան. - Պտի 500 հազար սարքեն, որ ամեն համբալ չգա կայնի ստե:
Այս խոսքերը տարածվեցին կայծակնային արագությամբ , շատերին սա երկու տարի առաջ տեղի ունեցած մի միջադեպ հիշեցրեց, երբ Ազգային ժողովի նախագահի մայրն էր պատշգամբից թքում ու երկու ձեռքերի միջնամատերը պարզում ընդդիմադիր ցուցարարների ուղղությամբ:
«Ես Opel ունեմ, դրանով մի խանութ եմ աշխատացնում ու ամեն ամսվա վերջին ամենաքիչը մինչև 500 հազար հարկ եմ վճարում, որպեսզի Ավինյանը և իրա հայրը թանկարժեք ավտոմեքենաներով ֆռֆռան», - գրել է սոցցանցերի օգտատերերից մեկը:
«Այ թե ինչ է լինում, երբ 28 տարեկան անփորձ մեկին դնում են երկրի փոխվարչապետ։ Մեծանում դառնում է քաղաքապետ, հայրն էլ հասարակ քաղաքացիներին կամ գյուղացիներին համբալով դիմում։ Համբալ չենք, բայց մեղավոր ենք, որ օր առաջ ձեզ ու ձեր խմբակին չենք շպրտել դուրս», - գրել է մեկ այլ օգտատեր:
Ընդամենը մի քանի ժամ անց ոչ թե իր անձնական, այլ միանգամից իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ֆեյսբուքյան էջում հայտնվեց քաղաքապետի տեսաուղերձը: Քննադատության չմարող ալիքին զուգահեռ՝ կուսակիցներն ու ՔՊ-ի ղեկավա՞րը նրան հորդորեցին շտապ կարգով ներողություն խնդրել, թե՞ որևէ այլ պատճառով տեսաուղերձը հենց այդ էջով տարածվեց, չեն պարզաբանել: Բայց արդեն այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանն առանց անուններ տալու էթիկայի վերաբերյալ մի ծավալուն գրառում արեց, եզրակացնելով՝ եթե էթիկական նորմեր չես պահպանում, դա առաջ է բերելու հակազդեցություն:
«Ազատության» հետ զրուցած քաղաքացիները քաղաքապետի շուրջ պատմություններին քաջատեղյակ են, մեղայականներով չեն բավարարվում:
Հոր պահվածի համար ներողություն խնդրելիս էլ լրատվամիջոցներին «աղբանոց» անվանած քաղաքապետն առիթը բաց չթողեց և դարձյալ լրագրողներին մեղադրեց. - «Նյարդի ազդեցության հետևանքն են, լրատվական դաշտում շրջանառվող ստերը, տեղեկատվությունները իմ ընտանիքի վերաբերյալ որոշակի նյարդ է առաջացնում»:
Ավելի ուշ արձագանքեց նաև նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը՝ Ֆեյսբուքում գրելով. - «Ես սա թյուրիմացություն կհամարեի, եթե չհիշեի, թե ինչպես է երկրի ԱԺ նախագահը բառի բուն իմաստով թքում իրեն քննադատող քաղաքացու վրա և շարունակում պաշտոնավարել»:
«Սա սոսկ պատահականություն չէ, սա, ցավոք, մեր երկրում կարևորագույն պաշտոններ զբաղեցնող մարդկանց աշխարհայացքն է, մտածելակերպն ու իրենց իշխանություն շնորհած ժողովրդի հանդեպ վերաբերմունքը: Այս ամենին պետք է հստակ քաղաքական գնահատական տրվի, և ես վստահ եմ, որ ժողովուրդը կտա այդ գնահատականը», - ընդգծել է նախկին քաղաքապետը՝ եզրափակելով. -«Ոչ մի ներողություն չի կարող շտկել այս վիճակը»:
Իսկ բարկացած քաղաքացիները շարունակում են իրենց վրդովմունքը հայտնել ու քաղաքապետի հրաժարականը պահանջել: Ավինյանին առաջարկում են չսպասել վարչապետի SMS հաղորդագրությանն ու սեփական կամքով հեռանալ:
Օրերս դատարանը որոշեց, որ կարմիր գծերը թանկացնելու որոշումը անհիմն է։ Ավագանու իշխող դաշինքն այս տարեսկզբից կենտրոնում ավտոկայանատեղի վճարը 13 անգամ ավելացրեց՝ 12-ից 160 հազար դրամ դարձրեց։ Քաղաքային իշխանությունը չի ընդունում առաջին ատյանի որոշումն ու կարմիր գծերի թանկացնելու որոշումը կպաշտպանի Վերաքննիչում։ Թեև անցած տարվա որոշումը դատարանն անհիմն էր համարել, բայց Երևանի ավագանու իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն դեկտեմբերի 24-ին կրկին հաստատեց նույն սակագները։
Սա Ավինյանի անվան շուրջ միակ սկանդալը չէ. քաղաքապետը Factor TV-ի տաղավարում՝ նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի հետ բանավիճելիս անդրադառնալով հայկական լրատվամիջոցներին՝ նշել էր - «Մեդիան մեզ մոտ դարձել է մի հատ մեծ աղբանոց, ով ինչ ուզում՝ խոսում է»:
Նույն բանավեճի ժամանակ Հայկ Մարությանը հայտարարեց, որ Ավինյանը Լոս Անջելես է մեկնել բիզնես դասի՝ 20 հազար դոլարանոց ավիատոմսով: Բանավեճից ու դրան հաջորդած աղմուկից հետո քաղաքապետ Տիգրան Ավինյանը որոշել է հարկատուների գումարը վերադարձնել բյուջե։
Քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի վերջին շաբաթն անցկացրել էր Միացյալ Նահանգներում։ Ու 9 հոգանոց խմբից միայն ինքն էր թռել բիզնես դասի՝ 20 հազար դոլարանոց ավիատոմսով։ Պատվիրակության մյուս անդամների համար գնել են էկոնոմ դասի 8 ավիատոմս՝ ծախսելով մոտ 12 հազար դոլար։