Մատչելիության հղումներ

Ավինյանի ամփոփիչ ասուլիսին լրագրողների մուտքն առանց գլխավոր խմբագրի արգելված էր


Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյան, արխիվ
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյան, արխիվ

Ամփոփիչ ասուլիս՝ սակավաթիվ լրագրողներով. Երևանի քաղաքապետն այսօր տարվա ընթացքում արված գործերն էր ներկայացնում, բայց ոչ «Ազատություն»-ը, ոչ էլ, օրինակ, Factor TV-ն Տիգրան Ավինյանին հարցեր տալու հնարավորություն չունեին: Քաղաքապետարանն ասուլիսին մասնակցելու համար հրավեր էր ուղարկել լրատվամիջոցների գլխավոր խմբագիրներին, իսկ պայմանը հետևյալն էր՝ եթե խմբագիրը չի մասնակցում այդ հանդիպմանը, այդ լրատվամիջոցի լրագրողն էլ չի կարող ներկա գտնվել ասուլիսն։ Այսինքն՝ առանց խմբագրի լրագրողների մուտքն արգելված էր։

Ավինյանը լրագրողների սուր հարցերի՞ց էր վախենում, թե՞ որոշել է այսուհետ միայն ղեկավար պաշտոն ստանձնող մարդկանց հետ շփվել, հայտնի չէ, այդուհանդերձ, կարելի է արձանագրել՝ ավելի քան մեկուկես ժամ տևած զրույցի ընթացքում գեթ մեկ սուր հարցադրում չհնչեց: Տարվա ընթացքում բազմաթիվ սկանդալների կիզակետում հայտնված քաղաքապետին ոչ մեդիան «աղբանոց» անվանելու աղմկահարույց հայտարարության վերաբերյալ հարց տվեցին, ոչ էլ կոռուպցիոն հնարավոր չարաշահումների վերաբերյալ բազմաթիվ ահազանգերի մասին հարցրին: Հավաքվածներին, փոխարենը, հետաքրքրում էին քաղաքապետարանի առաջին հարկի անսարք զուգարանակոնքն ու Ավինյանի ֆուտբոլային նախասիրությունները.

Հարց. - Այցելելով առաջին հարկի զուգարանասենյակը՝ նկատեցի, որ ունիտազներից մեկում անսարք է, և ջուրը անընդհատ հոսում է: Հավաքարարը, որը որ այնտեղ աշխատում է, կամ, չգիտեմ, տնտեսական վարչության պետը ինչի՞ չի տեսնում, անպայման Ավինյա՞նը դա պետք է տեսնի, որ ասի՝ «ժողովուրդ, հոսում ա, էկեք սարքեք:

Ավինյան. - Զուգարանի հարցը շատ կարևոր հարց ա իրականում, որովհետև, ես կարծում եմ, խնդիրը նաև կայանում ա նրանում, որ մեզ համար ընդհանուր առմամբ նույնիսկ տրամաբանական ա, որ քաղաքապետարանի շենքում կարա նմանատիպ զուգարան գործի, որը որ, կներեք, բայց տենց խնդիր կարող ա ունենալ: Հաջորդ տարի մենք պլանավորել ենք քաղաքապետարանի և վարչական շրջաններում էլ ոմանցում էական բարեկարգումներ իրականացնել;

Հարց. - Հետևում ե՞ք Չեմպիոնների լիգայի խաղարկությանը, ո՞ւմ եք երկրպագում և ըստ Ձեզ ո՞վ կլինի ընթացիկ մրցաշրջանի հաղթողը:

Ավինյան. - Ես երևի ոչ պոպուլյար թիմի երկրպագու եմ, որը որ, ոչ այնքան պոպուլյար, լավ, նվազագույնը, ես 1998 թվականից երկրպագում եմ «Ինտեր» (Միլան) թիմին և կարծում եմ՝ այս տարի նույնպես «Ինտեր»-ը բավականին տենց լավ շանսեր ունի:

Հանրային տրանսպորտի սպասվող թանկացումների մասին ուղիղ հարցադրումներ նույնպես չեղան՝ ինչո՞ւ, ի՞նչ սկզբունքով ու ի՞նչ հաշվարկներով են որոշել ամսական փաթեթը 9000 դրամ սահմանել, այլ ոչ, օրինակ, 8500, 6600 կամ որևէ այլ ցանկացած սակագին. այս հարցերն այսօր այդպես էլ չհնչեցին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG