Դատարանը հետ է վերադարձրել է Երևանի քաղաքապետի հայցն ընդդեմ «Սիվիլնեթ»-ի՝ անհիմն համարելով պետական տուրքի համար արտոնություն տրամադրելու՝ Տիգրան Ավինյանի միջնորդությունը։
Քաղաքապետը հայցում պատճառաբանել էր, թե 150 հազար դրամ պետական տուրքը բավական մեծ գումար է, և այն վճարելու դեպքում էական անհարմարություն կպատճառվի իրեն ու ընտանիքին։
«... Իմ կողմից այն հայցադիմումը ներկայացնելու պահին վճարելու պարագայում ֆինանսական առումով էական անհարմարություններ կպատճառի ինձ և իմ ընտանիքին, և այլ անձանց ապօրինի գործողությունների հետևանքով՝ ես փաստացի զրկված կլինեմ իմ ֆինանսական միջոցները իմ հայեցողությամբ տնօրինելու իրավունքից», - պնդել էր Ավինյանը:
Լրատվամիջոցներին «աղբանոց» անվանած քաղաքապետ Ավինյանը զրպարտություն է համարում «Սիվիլնեթ»-ի և հետաքննող լրագրողների միջազգային հեղինակավոր ցանցի՝ OCCRP-ի համատեղ հետաքննությունը իր ընտանիքին առնչվող բիզնեսների մասին։ Նա «Սիվիլնեթ»-ից պահանջում է հրապարակային ներողություն, ինչպես նաև 3 միլիոն դրամի փոխհատուցում։
«Ազատություն»-ը դիմել է Երևանի քաղաքապետարան պարզելու՝ արդյոք քաղաքապետը պատրաստ է վճարել 150 հազար դրամ պետական տուրքը: Առայժմ արձագանք չենք ստացել։
Առավել մանրամասն տե՛ս այստեղ