Վերցրեք երկու միջուկային մրցակիցների, գումարեք նրանց միջև հին պատերազմների պատմությունն ու վեճը Քաշմիրի շուրջ, վրադիր՝ զինյալների վերջին մահաբեր հարձակումը խաղաղ բնակիչների վրա․ սա այն իրավիճակն է, որում հայտնվել են Հնդկաստանը և Պակիստանը ապրիլի 22-ին Ջամմու և Քաշմիրում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումից հետո, որի հետևանքով զոհվել են հիմնականում Հնդկաստանի քաղաքացիներ։ Այս հարձակումը սրեց երկու երկրների միջև վաղեմի լարվածությունը։
Հնդկաստանը մեղադրեց Պակիստանին սահմանային ահաբեկչությանն աջակցելու մեջ, սակայն Պակիստանի կառավարությունը հերքեց, թե կապ է ունեցել 26 խաղաղ բնակիչների կյանք խլած հարձակման հետ։
Այդ միջադեպից հետո Նյու Դելին և Իսլամաբադը ձեռնարկել են փոխադարձ հակընդդեմ քայլեր, ներառյալ՝ նվազեցրել են դիվանագիտական և առևտրային հարաբերությունների մակարդակը, փակել գլխավոր սահմանային անցակետն ու չեղարկել վիզաները միմյանց քաղաքացիների համար։
Պակիստանի կառավարությունն ավելի ուշ հայտարարեց, որ եթե Հնդկաստանն իրագործի իր սպառնալիքը և դադարեցնի կենսական նշանակություն ունեցող գետերի հոսքը, դա կդիտարկվի որպես «պատերազմական ակտ»։
Հնդկաստանի և Պակիստանի ուժերը երկրորդ օրն անընդմեջ փոխհրաձգության մեջ են վիճելի Քաշմիրի շրջանում՝ երկու երկրները բաժանող Վերահսկողության գծի երկայնքով։ Քաշմիրը բաժանված է Հնդկաստանի և Պակիստանի միջև, սակայն երկու երկրներն էլ պնդում են, որ այս շրջանն ամբողջությամբ պետք է իրենց պատկանի։ Քաշմիրը Նյու Դելիի և Իսլամաբադի միջև երեք պատերազմներից երկուսի հիմնական պատճառն է եղել։
Լարվածության աճի հետ մեկտեղ աճում է մտահոգությունը, որ Հնդկաստանն ու Պակիստանը կրկին կգնան պատերազմի։
Ի՞նչ է տեղի ունեցել Քաշմիրի Պահալգամ բնակավայրում ահաբեկչական հարձակման ժամանակ
Ապրիլի 22-ին զինված անձինք իրականացրին վերջին 25 տարիների ընթացքում ամենադաժան հարձակումը խաղաղ բնակիչների դեմ Քաշմիրի շրջանում, որի բնակչության մեծ մասը մահմեդական է։
Նյու Դելին անմիջապես մեղադրեց Պակիստանին հիմալայան գեղատեսիլ Պահալգամ բնակավայրում տեղի ունեցած հարձակմանն առնչություն ունենալու մեջ, թեև հրապարակային որևէ ապացույց մինչ օրս չի ներկայացրել։ Դրան հաջորդեցին Պակիստանի նկատմամբ պատժիչ միջոցառումները, որոնց Իսլամաբադը պատասխան տվեց։
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է իրեն «Դիմադրության ճակատ» անվանող խմբավորումը։ Հնդիկ պաշտոնյաները պնդում են, որ այն գտնվում է Պակիստանի «Լաշկար-է-Թայբա» խմբավորման վերահսկողության տակ։ Իսլամաբադը հերքում է իր մասնակցությունը՝ շարունակ ընդգծելով, որ Հնդկաստանն ապացույցներ չի ներկայացնում։
Այս պահին որոնողական աշխատանքներ են տարվում հարձակմանը մասնակցած երեք կասկածյալների՝ Հնդկաստանի մեկ քաղաքացուն և երկու պակիստանցիներին հայտնաբերելու ուղղությամբ։ Հնդկաստանի բանակը հայտարարել է, որ սկսել է «որոնման և ոչնչացման» գործողություններ՝ նրանց Քաշմիրի հովտում գտնելու համար։
Այս հարձակումն ինչի՞ կարող է հանգեցնել
1947 թվականից ի վեր, երբ Մեծ Բրիտանիան բաժանեց Հնդկական ենթամայրցամաքը երկու պետությունների, և Հնդկաստանի ու Պակիստանի միջև պատերազմ սկսեց, երկու երկրներն էլ պնդում են, որ Քաշմիրը պատկանում է միայն իրենց։ Սահմանային բախումներն այս տարածաշրջանի շուրջ երկար ժամանակ անկայունության աղբյուր են Հարավային Ասիայում:
Երկու ոխերիմ թշնամիներն արդեն երեք պատերազմ են մղել Քաշմիրի համար։ Այս տարածաշրջանում զինված ապստամբները տասնամյակներ շարունակ դիմադրել են Հնդկաստանի կառավարմանը, քաշմիրցի մահմեդականներից շատերը սատարում են ապստամբներին և պահանջում են կա՛մ միավորվել Պակիստանի հետ, կա՛մ էլ լինել անկախ երկիր։
Հնդկաստանը մեղադրել է Պակիստանին տասնամյակներ շարունակ բռնություն հրահրելու մեջ, ինչը Իսլամաբադը հերքում է։ Տարիների ընթացքում հակամարտության զոհ են դարձել տասնյակ հազարավոր խաղաղ բնակիչներ, ապստամբներ և կառավարական ուժերի ներկայացուցիչներ։
Քաշմիրի՝ Հնդկաստանի կողմից վերահսկվող հատվածում վերջին խոշոր զինված հարձակումը տեղի է ունեցել 2019 թվականին, երբ զոհվել են տասնյակ հնդիկ ուժայիններ։ Այդ հարձակումից հետո Հնդկաստանը կիրառեց ռազմաօդային ուժեր՝ ահաբեկչության համար կասկածվողներին Պակիստանի տարածքում հարվածներ հասցնելու համար, ինչը գրեթե հանգեցրեց լայնածավալ պատերազմի։
Պահալգամի վերջին հարձակումից հետո վարչապետ Նարենդրա Մոդիի կառավարությանը սատարող հնդկական լրատվամիջոցների մեկնաբանությունները և երկրի քաղաքական ղեկավարության շրջանում խոսակցությունները հուշում են, որ հիմա էլ Հնդկաստանում հակված են Պակիստանի դեմ ռազմական գործողությունների:
«Մենք կհասնենք ոչ միայն ոճրագործության անմիջական կատարողներին, այլև նրանց, ովքեր ծրագրել են նման նողկալի գործողություններ Հնդկաստանի հողում», - ապրիլի 23-ին ասել է Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթխ Սինգհը։
Հնդկաստանը նաև ապրիլի 24-ին սկսեց լայնածավալ օդային և ծովային զորավարժություններ, որոնք, վերլուծաբանների կարծիքով, կարող են ճանապարհ հարթել ռազմական գործողությունների մեկնարկի համար։
«Կան բազմաթիվ գործոններ, որոնք Մոդին պետք է հաշվի առնի, այդ թվում՝ պակիստանյան բանակի զգալի կարողությունները», - Indian Express-ում գրել է հնդիկ քաղաքական վերլուծաբան Ս. Ռաջա Մոհանը՝ հավելելով․ - «Սակայն հաշվի առնելով հարձակման սարսափելի բնույթը և երկիրը համակած վրդովմունքը՝ հատկապես այն, որ զոհերի թվում Հնդկաստանի 15 նահանգներից քաղաքացիներ կային, վարչապետին, հնարավոր է, այլ բան չմնա, քան դիտարկել ռիսկի դիմելու հնարավորությունը»։
Իսլամաբադի «Քուաիդ-է Ազամ» համալսարանի քաղաքագետ Հիմայաթ Ուլլահը «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ և՛ Նյու Դելին, և՛ Իսլամաբադը գիտակցում են հետագա սրման ռիսկերը և կձգտեն խուսափել «լայնամասշտաբ պատերազմից»։ Սակայն, ըստ նրա, Մոդիի կառավարությունը կարող է որոշ սահմանափակ գործողությունների գնալ՝ Հնդկաստանի վճռականությունը «ժողովրդին ցույց տալու համար»։
Ինչո՞ւ է կարևոր Հնդկաստանի կողմից ջրային ռեսուրսների վերաբերյալ պայմանագրի կասեցումը
Հարձակումից մեկ օր անց Հնդկաստանը հայտարարեց, որ կասեցնում է Ինդոսի ջրերի մասին 60 տարի առաջ կնքված պայմանագիրը։ Այս պայմանագրով կարգավորվում է երկու երկրների միջև ջրի բաժանումը, և դրա կասեցումը կարող է լարվածության աճի պատճառ դառնալ։
Ի պատասխան՝ Պակիստանը զգուշացրեց, որ Հնդկաստանի կողմից երկրների միջև ջրի հոսքը դադարեցնելու կամ շեղելու ցանկացած փորձ կդիտարկի որպես «պատերազմական ակտ»։ Ինդոսի ջրերի մասին պայմանագիրն առանցքային նշանակություն ունի 240 միլիոն բնակչություն ունեցող երկրում՝ գյուղատնտեսության և հիդրոէլեկտրական հզորությունների համար։
Պայմանագիրը դիմացել է երկու երկրների միջև տեղի ունեցած պատերազմներին՝ 1965 և 1971 թվականներին, ինչպես նաև 1999 թվականին տեղի ունեցած խոշոր սահմանային բախմանը։ Դրա հնարավոր խզումը կարող է հսկայական խորհրդանշական, ինչպես նաև ռազմավարական նշանակության ունենալ։
Միևնույն ժամանակ, Իսլամաբադը զգուշացրել է, որ կարող է կասեցնել 1971 թվականի Հնդկաստանի և Պակիստանի միջև պատերազմից հետո ստորագրված Սիմլայի համաձայնագիրը։ Այդ պատերազմի արդյունքում Արևելյան Պակիստանն անջատվեց մայր Պակիստանից՝ դառնալով Բանգլադեշի անկախ պետություն։
Ըստ համաձայնագրի՝ Հնդկաստանը և Պակիստանը ստեղծեցին Վերահսկողության գիծը, որը նախկինում կոչվում էր Հրադադարի գիծ։ Փաստացի, սա Քաշմիրը երկու երկրների միջև կիսող խիստ ռազմականացված սահման է։
Ի՞նչ կլինի հաջորդիվ
Կառավարություններն ու վերլուծաբաններն ամբողջ աշխարհում ուշադիր հետևում են երկու միջուկային տերությունների միջև անկանխատեսելի իրավիճակին։
Քաշմիրում տեղի ունեցած փոխհրաձգությունից հետո Միավորված ազգերի կազմակերպությունը կոչ է արել երկու երկրներին ցուցաբերել «առավելագույն զսպվածություն»։ «Մենք կոչ ենք անում երկու կառավարություններին ապահովել, որ իրավիճակը և մեր տեսած իրադարձությունները չվատթարանան», - ապրիլի 24-ին հայտարարել է ՄԱԿ-ի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։
Դիվանագիտական ճակատում Հնդկաստանի արտաքին գործերի քարտուղար Վիկրամ Միսրին հակիրճ ներկայացրեց իրավիճակը 25 երկրների դեսպաններին, այդ թվում՝ Մեծ քսանյակի հիմնական գործընկերների, Պարսից ծոցի պետությունների, ինչպես նաև Չինաստանի, որը Պակիստանի մտերիմ դաշնակից է և վերջին տարիներին լարված հարաբերություններ ունի Նյու Դելիի հետ։
Լայն դիվանագիտական ջանքերը, ինչպես նաև Պեկինի ներգրավվածությունը դիտվում են որպես Հնդկաստանին աջակցելու համաշխարհային կոնսենսուս ստեղծելու փորձ, մինչ Նյու Դելին դիտարկում է հնարավոր արձագանքը։
Մեկ այլ գործոն է նաև այն, որ Հնդկաստանի և Պակիստանի միջև դիվանագիտական հարաբերությունները վերջին հարձակումից հետո ձեռնարկված միջոցառումներից և հակամիջոցառումներից առաջ արդեն իսկ թույլ էին։ Պակիստանը վտարել էր Հնդկաստանի դեսպանին և Նյու Դելիում իր նոր դեսպան չնշանակեց, երբ 2019 թվականին Հնդկաստանը չեղարկեց Քաշմիրի կիսաինքնավար կարգավիճակը։
Իսլամաբադի համալսարանի պրոֆեսոր Խալիդ Սուլթանը «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ սրման ռիսկերն իրական են, ու որ լարված իրավիճակը նշանակում է, որ իրադարձությունները կարող են դուրս գալ վերահսկողությունից նաև անզգուշաբար։
Միաժամանակ, նա հավելել է, որ «միջազգային ճնշումն» օգնել է կանխել լայնածավալ պատերազմը անցյալում, և Նյու Դելիի ակտիվ դիվանագիտությունը վկայում է, որ այս անգամ էլ Հնդկաստանի հնարավոր արձագանքին ավելի սահմանափակ կարող է լինել։
Հնդկական The Print օրաթերթի ազգային անվտանգության հարցերով խմբագիր Պրավին Սվամին «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ Նյու Դելիի արձագանքը կախված կլինի այն ապացույցներից, որոնք երկիրը կարող է ներկայացնել սեփական ժողովրդին ու միջազգային հանրությանը. - «Եթե Հնդկաստանը գտնի «Լաշքար-է-Թայբա»-ի մասնակցության ապացույցներ, ապա որոշակի արձագանք կլինի։ Սակայն առանց դրա, նույնիսկ հարվածը կամ սահմանափակ պատերազմը քիչ հավանական են»։