Հնդկաստանի կողմից վերահսկվող Քաշմիրում երեքշաբթի օրը զինված անձինք կրակ են բացել զբոսաշրջիկների խմբի վրա, հաղորդվում է 24 զոհի մասին։ Սա վերջին տարիների ընթացքում Քաշմիրում տեղի ունեցած ամենամահաբեր հարձակումն է։
«Ֆրանս պրես» գործակալությունը, վկայակոչելով տեղի ոստիկանական գերատեսչությունում իր աղբյուրը, նշում է, որ զոհերի վերջնական թիվը դեռևս չի հայտարարվել։
«Ռոյթերզ»-ի փոխանցմամբ՝ տարածաշրջանում քիչ հայտնի «Քաշմիրի դիմադրություն» զինված խմբավորումը սոցցանցերում տարածած հաղորդագրությամբ ստանձնել է արյունալի հարձակման պատասխանատվությունը՝ հայտարարելով, որ այդկերպ իր դժգոհությունն է հայտնել շրջանում տասնյակ հազարավոր ներգաղթյալների բնակություն հաստատելու կապակցությամբ, ինչը «փոխել է ժողովրդագրական պատկերը»։
Անկախ աղբյուրներին առայժմ չի հաջողվել հաստատել այս տեղեկությունը։
Լրատվամիջոցների համաձայն՝ հարձակումը տեղի է ունեցել մահմեդականներով բնակեցված Փահալգամում, որը զբոսաշրջային հայտնի ուղղություն է։
«Այս նողկալի արարքի հետևում կանգնածները կկանգնեն արդարադատության առջև», - X-ում գրել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հավելելով․ - «Ահաբեկչության դեմ պայքարի մեր վճռականությունը անսասան է»: