Մատչելիության հղումներ

18 հազար մարդ Հայաստանում չի կարողանում ապահովել կյանքի համար անհրաժեշտ սնունդ


Հայաստանում ապրող 18 հազար մարդ, պաշտոնական տվյալներով, ի վիճակի չէ կյանքի համար անհրաժեշտ սնունդ ձեռք բերել: Վիճակագրական կոմիտեի այս ամիս հրապարակված զեկույցը փաստում է՝ 2024-ին ծայրահեղ աղքատ է եղել բնակչության 0.6 տոկոսը, այսինքն՝ հազարավոր քաղաքացիներ ամսական 29 հազար դրամից էլ պակաս են ծախսել:

Առնվազն մինչ 2024 թվականը գործադիրին չի հաջողվել կյանքի կոչել հնգամյա ծրագրի գլխավոր նպատակներից մեկը՝ ծայրահեղ աղքատության չեզոքացումը: Թե ինչ պատկեր կունենա 2025-ը, պարզ կլինի հաջորդ տարի: 2024-ի թվերն այժմ հնարավոր չէ համադրել նախորդ տարիների տվյալների հետ, վիճակագրական կոմիտեն հայտնում է, որ հաշվարկի հիմքն է փոխվել, ճշգրտված տվյալները կհրապարակվեն ավելի ուշ:

Սա, սակայն, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանին չի խանգարել ֆեյսբուքյան գրառմամբ ռեկորդների մասին հայտարարել: Այն, որ իրենց թիմը խոստացել էր ծայրահեղ աղքատությունն ընդհանրապես վերացնել, Թորոսյանը չի հիշատակել:


Սա անցած շաբաթ չվրիպեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի ուշադրությունից. «Պարոն Թորոսյանն իրեն հատուկ ձևով շտապել է իր ֆեյսբուքյան էջում մեծ տառերով գրել, որ 2 տոկոսային կետով նվազել է: Պարո՛ն Թորոսյան, կարո՞ղ է 2 տոկոսային կետով չէ, 6 է, ինչո՞ւ եք շտապում: Համբերեք, կարող է 16 է, կարող է աղքատությունը վերացել է, ինչո՞ւ եք շտապում, ինչո՞ւ եք ոչ համադրելի ցուցանիշներ իրար համադրում, ժողովրդին ձեր սիրած մանիպուլյացիայի ենթարկում»:

Ի տարբերություն կառավարության իր գործընկերոջ՝ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի խոսքերը լիովին այլ տրամաբանություն ունեին. «Հայաստանի Հանրապետությունում աղքատության մակարդակը և գործազրկությունը շարունակում են բարձր մնալ: Եթե գործազրկությունը կարողանայինք նվազեցնել 6.3 տոկոսային կետով՝ այն նվազեցնելու միջազգայնորեն ընդունված 6 տոկոս մակարդակին, դա կհանգեցներ ոչ միայն 85 հազար մարդու աղքատության հաղթահարման, այլ նաև ՀՆԱ-ի 4 տոկոս աճի իր բոլոր հարակից էֆեկտներով»:

Վարչապետ Փաշինյանն ավելի վաղ էր աղքատության խնդրի չլուծման իր պատճառը ներկայացրել ու դարձյալ նախկիններին մեղադրել. «Դա նրա պատճառով է, որ դուք ավերել եք դպրոցները, այսինքն՝ ոչ թե ավերել եք, այլ ավերակ են եղել դպրոցները ձեր ժամանակ: Դա նրանից, որ ձեր ժամանակ բարձրագույն կրթական համակարգի, ըստ էության, որակը գահավիժել է»:

Կառավարության հնգամյա ծրագրում խոսք կա նաև աղքատության ընդհանուր մակարդակը կրկնակի նվազեցնելու մասին:

2021-ին աղքատության մակարդակը պաշտոնապես 26.5 տոկոս էր, 2024-ն ամփոփող օրերս հրապարակված զեկույցում այն 21.7 տոկոս է կազմել, այսինքն՝ գործադիրը դեռ շատ հեռու է սահմանված թիրախից, շուրջ 700 հազար մարդ շարունակում է աղքատության մեջ ապրել, նրանք, 2024-ի տվյալներով, ի վիճակի չեն եղել ամսական գոնե 53 հազար դրամ ծախսել:

XS
SM
MD
LG