Մատչելիության հղումներ

Հայաստանում աղքատության տոկոսը շարունակում է մնալ բարձր. վարչապետ


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում բյուջետային քննարկումների ժամանակ, 27-ը հոկտեմբերի, 2025թ.
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում բյուջետային քննարկումների ժամանակ, 27-ը հոկտեմբերի, 2025թ.

«Հարգելի գործընկերներ, Հայաստանում աղքատության տոկոսը շարունակում ա մնալ բարձր»: Վարչապետ Փաշինյանն Ազգային ժողովում պետական բյուջեի նախագիծը ներկայացնելիս ընդունեց Կառավարության հասցեին գլխավոր քննադատություններից մեկը՝ չնայած տնտեսական աճին, ֆինանսական ու աշխատաշուկային առնչվող տարատեսակ ռեկորդների մասին պնդումներին, աղքատության մակարդակը նվազեցնել չի հաջողվում. 23.6 տոկոս վերջին տվյալներով, մինչդեռ 2021-ին իրենց գործունեության հնգամյա ծրագրում խոստացել էին այն կրկնակի նվազեցնել:

«Մենք ցույց ենք տալիս, մի կողմից, տնտեսական աճ, փողի մեծ շրջանառություն Հայաստանի Հանրապետությունում, բայց մենք աղքատության էական նվազում չենք ունենում: Ես շատ մտածել եմ էդ երևույթի մասին: Գիտե՞ք ինչն ա դրա պատճառը՝ իմ համոզմամբ. դպրոցների ավերակներն են դրա պատճառը», - հայտարարեց վարչապետը:

Արդեն 7 տարի Հայաստանը կառավարող Փաշինյանը, սակայն, այս դեպքում էլ իր խոսքը լրացրեց արդեն սովորական դարձած թեզով՝ նախկիններն են մեղավոր. - «Դա նրա պատճառով ա, որ դուք ավերել եք դպրոցները, այսինքն ոչ թե ավերել եք, այլ ավերակ են եղել դպրոցները ձեր ժամանակ: Դա նրանից ա, որ ձեր ժամանակ բարձրագույն կրթական համակարգը, ըստ էության, համակարգի որակը գահավիժել ա, գահավիժե՛լ, որ բուհերը եղել են ընդամենը կոռուպցիայի և քաղաքական հարկադրանքի միջոցներ: Էսօրվա աղքատությունը դրա համար ա»:

Կառավարությանը չի հաջողվել ոչ միայն այս խոստումն իրագործել, այլև՝ գոնե վերացնել ծայրահեղ աղքատությունը: Ըստ պաշտոնական վիճակագրության, ավելի քան 30 հազար մարդ բավարար մթերք ձեռք բերել չի կարողանում՝ թերսնված է, ամսական 30 հազար դրամից էլ քիչ է ծախսում:

Հնգամյա ծրագրով հաստատված սոցիալական մի շարք այլ հիմնական թիրախներ նույնպես թղթի վրա են մնացել. նվազագույն աշխատավարձը 85 հազար դրամի հասցնել չի հաջողվել, միջին կենսաթոշակը սպառողական զամբյուղից առայժմ շատ հեռու է, ցանկը շարունակելի է:

Այս պայմաններում պետական բյուջե 2026-ը, թերևս, հնգամյա ծրագրով տրված խոստումներն իրականացնելու՝ գործադիրի վերջին հնարավորությունն է:

Սակայն մինչ բուն փաստաթղթի քննարկմանն անցնելը վարչապետն առավոտյան իրականացրած իր մտավարժանքի արգասիքը ներկայացրեց՝ ասք Ամանորին գնված մեկ տուփ թթվասերի ու դրանից գոյացած հարկերի մասին. -
«Հիմա, հունվարի լույս 1-ի գիշերը արտադրողը թթվասերը արտադրեց, թողարկման պահին գոյանում ա ավելացված արժեքի հարկ, այսինքն, երբ որ ապրանքը թողարկվեց, ինքը դեռ չի վճարվել, բայց իր շուրջ, իր փաթեթավորման հետ ձևավորվում ա նաև ավելացված արժեքի հարկ, բայց էդ հարկը մտնում ա պետական բյուջե էդ ապրանքի շրջանառության արդյունքում; Մասնավորապես՝ բնականաբար, թթվասերը առաքվեց խանութ, և երբ քաղաքացին իր բակի խանութում գնում է թթվասերը, ասենք՝ վճարելով 400 դրամ, էդ պահից սկսվում է բյուջեի համալրման գործընթացը»:

Փաշինյանի պատմությունն ավարտվում է ընտանեկան բյուջեի մասին իր արդեն հայտնի ձևակերպումներով. իսկ ի՞նչ ծախսեր են նախատեսվում հաջորդ տարի, ու կստացվի՞ արդյոք խոստումները կյանքի կոչել:

Ընդհանուր առմամբ, հաջորդ տարի Կառավարությունը նախատեսում է շուրջ 9.5 միլիարդ դոլար ծախսել՝ ավելի քան 5 տոկոսով շատ, քան այս տարի: Ֆինանսավորման մակարդակով բացարձակ առաջատարը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն է՝ 2026-ին նախատեսում են մոտ 2.6 միլիարդ դոլար հատկացնել, առյուծի բաժինը՝ 1.5 միլիարդը կուղղվի կենսաթոշակներին:

Ազգային ժողովում քննարկվող նախագիծը վկայում է՝ այս Կառավարությանն այլևս չի հաջողվի իրագործել խոստումն ու միջին կենսաթոշակը սպառողական զամբյուղին հավասարեցնել:

Հայաստանի շուրջ կես միլիոն կենսաթոշակառուները այժմ միջինը 49 հազար դրամ են ստանում: Նվազագույն սպառողական զամբյուղի վերաբերյալ երկու վիճակագրություն է վարվում՝ մեկն՝ ըստ Համաշխարհային բանկի մեթոդաբանության, մյուսն՝ ըստ Առողջապահության նախարարության տվյալների: Առաջին հաշվարկով 2024-ի վերջին եռամսյակում այն 61 հազար դրամ է կազմել, մյուսով՝ 76 հազար դրամ: Այսինքն՝ միանգամից 12 հազար դրամի ավելացում էր պետք հաշվարկներից մեկին հասնելու համար:

Գործադիրն անկանխիկ առևտրի դիմաց հետվճարի չափը մեծացնելու ճանապարհով է գնում: Ազդարարում են, որ ներկայիս 12 տոկոսի փոխարեն թոշակառուները իրենց անկանխիկ գործարքների 20 տոկոսի չափով քեշբեք կստանան, սակայն՝ առավելագույնը 10 հազար դրամ: Մաթեմատիկայի խորացված գիտելիքներ պետք չեն՝ հաշվելու համար, որ միջին կենսաթոշակը սպառողական զամբյուղին չի հասնի:

Այս խոստումն այդպես էլ չիրագործած Կառավարության ղեկավարը փոխարենը հայտարարեց մի նոր ծրագրի մասին՝ նախընտրական 2026-ին քեշբեք կստանան արդեն բոլոր քաղաքացիները՝ իրենց անկանխիկ գործարքների 2 տոկոսի չափով. - «Այսինքն՝ բոլոր քաղաքացիները անկանխիկ առևտրի դեպքում իրենց առևտրի որոշակի տոկոս հետ են ստանալու»:

Փակագծեր բացեց ֆինանսների նախարարը, Վահե Հովհաննիսյանի խոսքով՝ հետվճար կստանան ArCa համակարգի բոլոր քարտապանները. -
«Եթե դա չի վերաբերվում խաղային ոլորտին, ստանալու են ետվճար 2 տոկոսի չափով: Ես ավելի շուտ կասեի, որ մեր մոտ էժանանալու է անկանխիկ առևտուրը»:

Առողջության համապարփակ ապահովագրության լայնորեն գովազդված համակարգը հաջորդ տարվանից, ըստ Կառավարության, կսկսի գործել, ընդհանուր առմամբ Առողջապահության նախարարությանը մոտ 550 միլիոն դոլար են նախատեսում հատկացնել՝ գրեթե 27 տոկոսով ավելի շատ այս տարվա համեմատ:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ֆինանսավորումը նախատեսում են մոտ 850 միլիոն դոլարի հասցնել:

Զուտ թվերով կաճի նաև Արցախից տեղահանվածներին տրամադրվող աջակցությունը՝ նախատեսում են ավելի քան 140 միլիոն դոլար տրամադրել։ Այս տարվա բյուջեով 91 միլիոն էին նախատեսել։

Այս տարվա համեմատ պակաս ֆինանսավորվող ուղղություններ էլ կլինեն: Ամենաքննարկվողը պաշտպանական բյուջեի ավելի քան 15 տոկոսով կրճատումն է. հաջորդ տարի նախատեսում են մոտ 1.5 միլիարդ դոլար հատկացնել՝ 265 միլիոնով ավելի քիչ:

Դարձյալ կրճատվում է Էկոնոմիկայի նախարարության ֆինանսավորումը, ծրագրում են 2026-ին շուրջ 195 միլիոն դոլար տրամադրել՝ 12 միլիոն դոլարով ավելի քիչ:

Գործադիրը հաջորդ տարի նաև ավելի շատ կծախսի Հայաստանի պետական պարտքը կառավարելու համար՝ 1․1 միլիարդ դոլար կուղղվի միայն պարտքերի տոկոսների վճարմանը։

Ի դեպ, 17 միլիոն դոլարով կամ 20 տոկոսով կկրճատվի գիտության ֆինանսավորումը, փոխարենը ծրագրում են 13 միլիոն ուղղել Ակադեմիական քաղաքի կառուցմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG