Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մտահոգիչ է համարում Ադրբեջանի կողմից հնչող հայտարարությունները:
«Բացի դրանից, մենք տեսնում ենք, որ ինտենսիվ զորավարժություններ են անցկացվում, բացի դրանից տեսնում ենք ինտենսիվ թռիչքներ այլ երկրներից, որոնք, ամենայն հավանականությամբ, ռազմական տեխնիկա են տեղափոխում Բաքու»,- այսօր ճեպազրույցում հայտարարեց ԱԽ քարտուղարը:
Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունը, մինչդեռ, այսօր հրապարակած տարեկան զեկույցում Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ լայնամասշտաբ ռազմական հարձակման հավանականությունը բարձր չի գնահատել:
«Տարբեր փաստերի, տեղեկությունների ու երևույթների վերլուծության հիման վրա սույն զեկույցի հրապարակման պահի դրությամբ Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ լայնամասշտաբ ռազմական հարձակման հավանականությունը բարձր չենք գնահատում», - մասնավորապես նշել է Քրիստիննե Գրիգորյանի գլխավորած կառույցը։
Տարեսկզբին Ադրբեջանի նախագահը մի շարք սպառնալիքներ էր ուղղել Հայաստանի հասցեին, այդ թվում՝ չէր շրջանցել այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի», «Զանգեզուրի» միջանցքի թեմաները: Ալիևը Հայաստանն անվանել էր «ֆաշիստական»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարել էր՝ Բաքուն փորձում է տարածաշրջանում էսկալացիայի «լեգիտիմություն» ձևավորել: