Հայաստանը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը, «Ազատությանը» հայտնել են վարչապետի գրասենյակից։ Պատասխանից միայն պարզ է դառնում՝ նման դիմում դեռ չի եղել: Իսկ կա՞ արդյոք պայմանավորվածություն, թե երբ, վարչապետի գրասենյակից այս հարցին չեն անդրադարձել:
Այս շաբաթ Ադրբեջանի նախագահի սպառնալից հայտարարություններից երկու օր անց Հայաստանի վարչապետը խաղաղություն հաստատելու համար Երևանի անունից 12 կետանոց առաջարկ հրապարակեց, դրանցից ամենավերջինը հենց Մինսկի խմբի լուծարումն էր։ Մի բան, որը տևական ժամանակ ադրբեջանական կողմն էր պահանջում․ անցած ամռանը Իլհամ Ալիևը հայտարարեց, թե Երևանին առաջարկել են Մինսկի խմբի լուծարման համար միասին դիմել ԵԱՀԿ:
Իշխող քաղաքացիական պայմանագրից այն ժամանակ Ալիևին հակադարձելով հայտարարում էին՝ Մինսկի խումբը պետք է լուծարվի խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո և որ առանց խաղաղության հաստատման այդ քայլը ճիշտ չի լինի։
«Մինսկի խմբի հետ կապված խոսակցություններն, այն խոսակցություններն են, որոնք կարող են լինել խաղաղության պայմանագրի կնքումից հետո, որովհետև, երբ որ խաղաղության պայմանագիր ենք կնքում, իր իմաստն ուղղակի կորչում է... արդեն դրա կարիքն էլ չի լինի», - ասել էր Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։
Այսօր ստացված պատասխանից պարզ չէ նաև հարցի շուրջ իշխանության մոտեցումն այս պահին՝ Մինսկի խումբը կարող է լուծարվել խաղաղության պայմանագրից հետո, թե սա այլևս սկզբունքային չէ։
Տարեվերջին վարչապետը մոտ երեք տասնամյակ արցախյան հիմնախնդրի բանակցային հարթակ հանդիսացած Մինսկի խումբը լուծարելու գաղափարը կառուցողական որակեց: Նիկոլ Փաշինյանի գրասենյակից նաև նրա այդ հայտարարությունն են հիշեցրել․ - «Մենք հասկանում ենք այն դիրքորոշումը, որ եթե չկա կոնֆլիկտ, ինչ իմաստ ունի կոնֆլիկտի կարգավորմամբ զբաղվող ձևաչափի գոյությունը: Բայց մենք նաև ուզում ենք համոզվել, որ հենց այս նույն տրամաբանությամբ է հարցին մոտենում Ադրբեջանը, և նրա մղումը, ասենք, օրինակ, այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթի զարգացմամբ Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ ագրեսիվ քաղաքականություն իրագործելը չէ»:
«Ազատություն»-ը վարչապետից նաև հարցրել էր՝ Հայաստանը պատրա՞ստ է Ադրբեջանի հետ համատեղ դիմել Մինսկի խմբի լուծարման համար, եթե Բաքուն չընդունի իր մյուս առաջարկները: Այս հարցին չեն պատասխանել։
Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ Բաքվին նաև առաջարկել էր փոխադարձաբար հրաժարվել էսկալացնող խոսույթներից, շարունակել սահմանազատումը, հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության համատեղ մեխանիզմը կիրառել, ամբողջական լուծել պահվող անձանց խնդիրը, աշխատել անհետ կորածների ճակատագիրը պարզելու համար և մի շարք այլ կետեր:
Պաստասխան գրությունում վարչապետի գրասենյակից նույն գրառման մեկ այլ հատված են հիշեցնում․ - «Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում չկա և չի կարող լինել Արևմտյան Ադրբեջան և ընդգծել ՀՀ տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնող այդ խոսույթից Ադրբեջանի հրաժարվելու և խաղաղություն հաստատելու անհրաժեշտությունը»:
Վարչապետի այս գրառմանը Բաքվի արձագանքը չուշացավ. առաջարկները նրանց չեն բավարարում, դարձյալ Հայաստանի Սահմանադրությունը փոխելու պահանջից են խոսում:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության խոսնակը, դիմելով անձամբ Նիկոլ Փաշինյանին, գրել էր՝ «եթե Հայաստանն իրոք շահագրգիռ է իր հարևանների հետ խաղաղության հաստատման հարցում, ապա ինչո՞ւ եք ամեն կերպ խուսափում ձեր Սահմանադրության և ազգային օրենսդրության շրջանակներում հրաժարվել այն տարածքներից, որոնք դուք անվանում եք «Արևմտյան Հայաստան» և «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն»։
«Հայաստանի իշխանությունն ընդունում է Ադրբեջանի տարբեր պահանջներ և նաև Հայաստանի իշխանությունները փորձում են իրենք իրենց համոզել, որ դրանք իրենց դիրքորոշումներն են և կատարում են դրանք, բայց ամեն անգամ նոր պահանջներ են ի հայտ գալիս», - «Ազատության» հետ զրույցում ասաց քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը՝ նկատելով՝ Հայաստանն ընդունում է Բաքվի պահանջները, Ադրբեջանը, սակայն, փոխզիջման չի գնում։
Ըստ քաղաքագետի՝ Մինսկի խմբի լուծարումն առաջին հերթին Ադրբեջանին է պետք, մի շարք հարցեր էլ հայկական կողմին են հետաքրքրում։
«Այս տիպի համաձայնության գալը կարող էր ավելի արդյունավետ լինել Հայաստանի համար, եթե Բաքուն ևս որևէ քայլ կատարեր այլ թեմաներով», - ասաց Գրիգորյանը։
«Ազատության» հարցմանն ի պատասխան՝ վարչապետի գրասենյակից նաև ընդգծել էին՝ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Երևանը պատրաստ է դա վերահաստատել խաղաղության պայմանագրի ստորագրմամբ։
«Կարևոր է որ Ադրբեջանը նույնպես միանշանակ և աներկբա ճանաչի Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը», - նշված է գրության վերջում:
Վարչապետի գրասենյակից տեղեկացնում են՝ այս հարցերը Փաշինյանն ու Ալիևը քննարկել են իրենց վերջին՝ հոկտեմբերին Կազանում կայացած հանդիպմանը: