Մատչելիության հղումներ

Հայաստանը ԵՄ-ում պաշտպանական հարցերով կցորդ կունենա

Լրացված

Հայաստանը Եվրամիությունում պաշտպանական հարցերով կցորդ կունենա: Այսօր հավանության արժանացած այս որոշումը Պաշտպանության նախարարությունը հիմնավորում է վերջին շրջանում պաշտպանական և ռազմական ոլորտներում Բելգիայի և Եվրոպական միության հետ Հայաստանի համագործակցության «էական զարգացմամբ»։

«Եվրոպական խաղաղության գործիքի ներքո ՀՀ-ին տրամադրված աջակցությունը, ԵՄ ճգնաժամային կառավարման առաքելություններում ՀՀ մասնակցության շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկը, Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության նոր օրակարգում անվտանգային և պաշտպանական բաղադրիչի զգալի ընդլայնումը ԵՄ-ի հետ ռազմական համագործակցության հետագա զարգացման համար նպաստավոր պայմաններ են ստեղծել։ Բելգիայի հետ մեկնարկած ռազմական համագործակցությունը ևս երկարաժամկետ հեռանկարում կարող է դրական դեր խաղալ ՀՀ պաշտպանունակության և դիմադրողականության զարգացման գործում», - նշված է փաստաթղթում:

Նախագծից պարզ է դառնում, որ Եվրամիությունում պաշտպանական հարցերով կցորդի պաշտոնը համատեղությամբ ՆԱՏՕ-ում Հայաստանի առաքելությանը կից պաշտպանական հարցերով կցորդն է զբաղեցնելու։ Կառավարության որոշման համաձայն՝ կցորդը համակարգելու է միջազգային կազմակերպությունների հետ ռազմական և պաշտպանական ոլորտի համագործակցությունը։

«Եվրոպական միությունում ՀՀ ներկայացուցչությանը կից գործելը արդյունավետ համագործակցության, ինչպես նաև տարբեր քննարկումներին մասնակցության միջոցով պաշտպանության հարցերով կցորդը հնարավորություն է տալիս ներկայացնելու Հայաստանի ռազմական, ռազմաքաղաքական առաջնահերթությունները և միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման համատեքստում մոտեցումները», - համոզված են Պաշտպանության նախարարությունում։

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը կառավարության որոշումը կապում է Եվրոպական աշխարհամասում տեղի ունեցող վերջին զարգացումներով. «Երևանը պարզապես այս կցորդի միջոցով փորձում է ավելի մոտ լինել այս քննարկումներին և հնարավորության դեպքում նաև այդ օրակարգում ներկայացնել իր շահերը և ակնկալել որոշակի արդյունք»:

«Եթե դիտարկենք այսօրվա մակարդակը պաշտպանական ոլորտում գործակցության, ապա այստեղ, իհարկե, Ֆրանսիայի հետ հարաբերությունները որոշակի դինամիկա ստացել են և որոշակի ծավալ ունեն, բայց Եվրամիության մակարդակում ես կարծում եմ, որ առանձնապես մեծ ծավալի և առարկայական գործակցություն այս պահի դրությամբ չկա: Կարծում եմ՝ սա ավելի շուտ հենց քաղաքական միտումներին համահունչ լինելու նպատակով կայացված որոշում է», - նկատեց նա

Քաղաքական մեկաբանի կարծիքով՝ կցորդը Երևանի ու Բրյուսելի միջև հաղորդակցության հավելյալ մեխանիզմ է լինելու։ Ըստ նրա՝ կցորդի ինստիտուտը հնարավորորություն է տալու ավելի օպերատիվ աշխատել Եվրոպայում տեղի ունեցող գործընթացներում: Ուկրաինային ամերիկյան ռազմական օժանդակության դադարեցումից ու ընդհանուր առմամբ Կիևի նկատմամբ Վաշինգտոնի քաղաքականության կտրուկ փոփոխությունից հետո Եվրոպական միությունում այժմ ակտիվ քննարկումներ են սեփական պաշտպանական կարողությունները բարձրացնելու շուրջ:

XS
SM
MD
LG