Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ Մինսկի խումբը ենթակա է լուծարման․ Զախարովա


Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովա, արխիվ
Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովա, արխիվ

ԵԱՀԿ Մինսկի խումբը ենթակա է լուծարման, նախօրեին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան՝ շեշտելով՝ լավագույն տարբերակը կլինի, եթե Ադրբեջանն ու Հայաստանը նման համատեղ առաջարկ անեն։

Զախարովան ընդգծել է՝ Մինսկի խմբի համանախագահները 2022 թվականի փետրվարից դադարեցրել են շփումները ռուսական կողմի հետ։

Շեշտելով, թե 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում «Հայաստան-Ադրբեջան-Եվրամիություն-Ֆրանսիա գագաթնաժողովի արդյունքներով Հայաստանը Ղարաբաղն Ադրբեջանի անբաժանելի մաս է ճանաչել», իսկ 2023-ի սեպտեմբերին երկրում իրավիճակն արմատապես փոխվել է՝ Զախարովան ասել է, թե ԵԱՀԿ Մինսկի համաժողովի համանախագահների մանդատը Լեռնային Ղարաբաղի կարգավորման շրջանակներում կորցրել է իր արդիականությունը:

Ըստ Զախարովայի՝ այս ձևաչափով աշխատանքները նախ Արևմուտքն է արգելափակել, որից հետո իրողություններն են փոփոխվել, հետևաբար Մինսկի համաժողովի բոլոր կառույցները պետք է լուծարվեն։

«Այս առումով օպտիմալ տարբերակը Բաքվի և Երևանի համատեղ առաջարկն է՝ լուծարել այդ ինստիտուտները», - եզրափակել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակը։

Մի շարք պահանջների թվում Բաքուն ևս պարբերաբար բարձրացնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հարցը։ Դեկտեմբերի կեսերին Ադրբեջանի նախագահը հայտարարեց, որ Երևանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու Բաքվի երկրորդ պայմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումն է, որն էլ, ինչպես Ալիևն էր նշել, ֆորմալ առումով անհնար է անել` առանց Հայաստանի համաձայնության, քանի որ այս հարցը լուծվում է կոնսենսուսով։

Ընդգծելով, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը ստեղծվել է Ղարաբաղի հարցի լուծման համար՝ Ադրբեջանի նախագահը ևս շեշտել էր՝ «եթե Հայաստանը ճանաչել է Ղարաբաղն Ադրբեջանի մաս, ապա ինչի՞ է պետք ԵԱՀԿ Մինսկի խումբը»։

«ԵԱՀԿ Մինսկի խումը լուծարելու Հայաստանի դժկամությունը խոսում է այն մասին, որ ռևանշիստների ծրագրերը բավականին լուրջ են», - կրկին ասել էր Ալիևը։

Ըստ պաշտոնական Երևանի՝ Մինսկի գործընթացի շարունակականության հարցը կարող է դիտարվկել առաջին հերթին՝ խաղաղության պայմանագրի կնքման համատեքստում։ Իշխող «Քաղաքացիական պայմանագրից» էլ ասել էին, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է լուծարվի այն ժամանակ, երբ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրն արդեն ստորագրված լինի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG