Մատչելիության հղումներ

Զախարովայի հայտարարությունը Մոսկվայի կողմից Բաքվի պահանջի սատարման հերթական դեպքն է. քաղաքական մեկնաբան


Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան
Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան

Մինսկի խմբի լուծարման մասին Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակի հայտարարությունը Մոսկվայի կողմից Բաքվի պահանջի սատարման հերթական դեպքն է, կարծում է քաղաքական մեկնաբան Տիգրան Գրիգորյանը։

«Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանի և Ադրբեջանի դիրքորոշումները վերջին 2 տարվա ընթացքում գրեթե բոլոր հարցերում համահունչ են, և սա ինչ-որ առանձնահատուկ դեպք չէ, երբ Մոսկվան կրկնում է Բաքվի դիրքորոշումները տարբեր հարցերում», - ասաց Գրիգորյանը:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ զբաղված ԵԱՀԿ Մինսկի խումբը ենթակա է լուծարման, երեկ հայտարարել էր Մարիա Զախարովան՝ ավելացնելով, որ խումբը կորցրել է իր արդիականությունը, քանի որ Հայաստանը Ղարաբաղն Ադրբեջանի մաս է ճանաչել։

«Հիշեցնեմ, որ ամերիկան ու ֆրանսիական կողմերը կամ նրանց հատուկ ներկայացուցիչ համանախագահները ռուս գործընկերների հետ դադարեցրել են աշխատանքը 2022-ի փետրվարին ու դա արել են նախաձեռնողաբար», - նշել է նա։

Զախարովան ավելացրել է, որ «օպտիմալ տարբերակը Բաքվի և Երևանի համատեղ առաջարկն է՝ լուծարել խումբը»։ ԵԱՀԿ կանոնադրության համաձայն՝ Մինսկի խումբը կարող է լուծարվել այդ հարցում կողմերի միջև կոնսենսուսի դեպքում։

Բաքուն անմիջապես 44-օրյա պատերազմից հետո էր դժգոհում Մինսկի խմբից, իսկ դրա լուծարումը պահանջեց այս տարվա փետրվարին, իսկ դեկտեմբերի կեսին արդեն Ադրբեջանի նախագահն արդեն հայտարարեց, որ Երևանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու Բաքվի պահանջներից մեկն այդ ձևաչափի լուծարումն է։ Ալիևի հայտարարությանը Հայաստանի վարչապետն արձագանքեց՝ նշելով, որ խմբի լուծարման գաղափարի հանդեպ ունի կառուցողական դիրքորոշում, բայց նաև ուզում են համոզվել, որ «նույն տրամաբանությամբ է հարցին մոտենում Ադրբեջանը, և նրա մղումը, ասենք, օրինակ, այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթի զարգացմամբ Հայաստանի տարածքի նկատմամբ ագրեսիվ քաղաքականությունը չէ»։

«Երևի փորձում են այս երկու խնդիրների միջև կապ գտնել, այսինքն, եթե մենք կատարում ենք հերթական անգամ ձեր պահանջը, դիմում ենք Մինսկի խմբի լուծարման համար, ապա պետք է դուք էլ վերջ տաք «Արևմտյան Ադրբեջանի» վերաբերյալ նարատիվին, երևի սա է հայկական կողմի բանակցային դիրքորոշումը», - ընդգծեց Տիգրան Գրիգորյանը:

Քաղաքագետ Արեգ Քոչինյանի կարծիքով՝ Մինսկի խմբի լուծարման հարցը բարդ է կապել «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթից հրաժարվելու հարցին, եթե պաշտոնական Երևանը նման փորձ է անում։ Փոխարենն, ըստ նրա, Մինսկի խմբի լուծարումը տրամաբանական է կապել նոյեմբերի 9-ի փաստաթղթից հրաժարվելուն։

«Ինչպես Բաքուն է բարձրացնում Մինսկի խմբի լուծարման անհրաժեշտությունը, նույն տրամաբանությամբ պետք է Երևանն էլ բարձրացնի նոյեմբերի 10-ի փաստաթղթի լուծարման, դրա տակից հայկական ու ադրբեջանական ստորագրությունների հետկանչման անհրաժեշտությունը: Սրանք մոտավորապես նույն պրոցեսներն են, նույն բանի մասին պրոցեսներ են», - նշեց Քոչինյանը:

Երևանը երբևէ չի խոսել նոյեմբերի 9-ի փաստաթուղթը չեղյալ ճանաչելու մտադրության կամ պահանջի մասին, սակայն տարբեր առիթներով նշել է, որ չկա այդ հայտարարության գոնե մի առանցքային կետ, որն անդառնալիորեն խախտված չէ՝ չնայած դրա ներքո Ռուսաստանի ստորագրությանն ու նախատեսված գործընթացներում Մոսկվայի պատասխանատվությանը:

XS
SM
MD
LG