Իլհամ Ալիևի նախօրեի սպառնալից հայտարարություններից երկու օր անց Նիկոլ Փաշինյանը տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար Հայաստանի Հանրապետության անունից 12 կետանոց, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու առաջարկ է արել։
Ղարաբաղյան խնդրի կարգավորման համար 33 տարի առաջ ստեղծված Մինսկի խումբը լուծարելու պահանջ տևական ժամանակ հնչեցնում է Բաքուն։ Հեռանկարը չբացառող, բայց և մինչև վերջերս դրա վտանգներից խոսող Փաշինյանն այսօր ինքն է առաջարկել եռանախագահության լուծարում։
Բաքուն Մինսկի խմբի լուծարումն այսպես է փաստարկում՝ «եթե Հայաստանը Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի մաս, իսկ Մինսկի խումբը ղարաբաղյան հարցի լուծման համար էր ստեղծվել, ինչի՞ համար է պետք դրա պահպանումը»։ Ադրբեջանի նախագահի խոսքով, լուծարման համար երկու երկրները պետք է դիմեն, իսկ չդիմելը, ըստ նրա, «խոսում է այն մասին, որ ռևանշիստների ծրագրերը բավականաչափ լուրջ են»։
«Խաղաղությունը երբ որ կայացած փաստ է, էս ձևաչափի գոյությունը, կարծում եմ, իրոք կարող է հարցեր առաջացնել: Խնդիրը էստեղ ժամկետի մասին է, որովհետև իմ տրամաբանությամբ՝ ընդհանրապես որևէ գործում պետք չի կառքը ձիուց առաջ դնել». - ամռանը հնչեցրած այդ հայտարարություններից զատ, դեռ երկու շաբաթ առաջ Նիկոլ Փաշինյանը, կառուցողական արտահայտվելով ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ու Ռուսաստանի եռանախագահությամբ աշխատած Մինսկի խմբի լուծարման գաղափարի մասին, նաև շեշտել էր՝ Հայաստանն ուզում է համոզվել, որ «հենց այս նույն տրամաբանությամբ է հարցին մոտենում Ադրբեջանը, և նրա մղումը, ասենք, օրինակ, այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթի զարգացմամբ Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ ագրեսիվ քաղաքականություն իրագործելը չէ»:
Հենց երեկ արտգործնախարարը «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը Հայաստանի Հանրապետության նկատմամբ տարածքային պահանջ էր որակել։
«Հուսով եմ, որ խաղաղության պայմանագրին վերաբերող մեր բոլոր պայմանները կընդունվեն, որովհետև դրանցում որևէ առանձնահատուկ բան չկա։ Առանց Մինսկի խմբի լուծարման, առանց Հայաստանի Սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի ստորագրումն անհնարին է։ Եթե Հայաստանին խաղաղության պայմանագիրը պետք չէ, ուրեմն մենք էլ դրա կարիքը չունենք». - երկու օր առաջ Հայաստանին անթաքույց սպառնացող Ալիևը խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայմանների շարքում Սահմանադրության փոփոխության կողքին նաև Մինսկի խմբի լուծարումն էր թվարկել։
Արդյոք ԵԱՀԿ արդեն իսկ ներկայացվե՞լ է լուծարման համատեղ պաշտոնական դիմում, կամ կա՞ արդյոք պայմանավորվածություն՝ երբ կներկայացվի, Արտգործնախարարությունից «Ազատության» այս հարցին դեռ չեն արձագանքել։
Չունենք նույն հարցով վարչապետի գրասենյակ ուղարկված գրավոր հարցման պատասխանը: Խնդրել էինք նաև պարզաբանել՝ Հայաստանը պատրա՞ստ է Ադրբեջանի հետ համատեղ դիմել ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման համար, եթե Ադրբեջանը չընդունի այսօր վարչապետի հրապարակած մյուս առաջարկները։ Թե դրանց իրականացումը Երևանը ամբողջության մեջ կամ փաթեթային է պատկերացնում։
12 կետերի շարքում Մինսկի խմբի լուծարման առաջարկն ամենավերջինն է։ Փաշինյանը նախ կոչ է անում փոխադարձաբար հրաժարվել էսկալացնող խոսույթներից, ապա շարունակել սահմանազատման գործընթացը, կնքել Խաղաղության պայմանագիր, ապաշրջափակել կապուղիները՝ Ադրբեջանին փոխանցած Հայաստանի առաջարկներով։ Փաշինյանը կրկնել է նաև հրադադարի ռեժիմի խախտումների համատեղ հետաքննության ու սպառազինությունների փոխադարձ վերահսկման մեխանիզմներ ստեղծելու առաջարկները, որոնց Բաքվից ամիսներ շարունակ պարզապես չեն արձագանքում։
Եռալեզու՝ հայերեն անգլերեն ու ռուսերեն գրառման մեջ կետեր կան նաև պահվող անձանց խնդիրը ամբողջական լուծելու, ինչպես գրել է՝ ներառյալ, բայց ոչ միայն միջազգային դատական ատյաններում միմյանց նկատմամբ առաջադրված պահանջներից հրաժարվելու, երկու երկրներից փախստականների հետ կապված հարցերը քննարկելու մասին։ Եթե, օրինակ, փախստականների հարցը առաջարկել է քննարկել համաձայնագրի ստորագրումից հետո, Մինսկի խմբի լուծարման հարցում ժամկետ չի նշել։
Ընդդիմությունը Փաշինյանի առաջարկը ադրբեջանական հերթական պահանջի իրականացում է որակում
Մինչ Կառավարությունից Մինսկի խմբի լուծարման շուրջ ծագած հարցերի ֆոնին պարզաբանումներ դեռ չկան, ընդդիմությունն Փաշինյանի այսօրվա այդ առաջարկը ադրբեջանական հերթական պահանջի իրականացում է որակում:
«Մինսկի խումբն անգործության է մատնված։ Եթե պահպանվում է, ինչո՞վ է զբաղվելու», - Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն «Ազատության» տաղավարում նաև այս հարցին է արձագանքել. - «Այո, կարող է այս պահին ակտուալ ոչինչ չեն արող անել, միևնույն ժամանակ չի բացառվում, որ վաղը միջազգային կոնյունկտուրան կփոխվի, չի բացառվում, որ վաղը Ուկրաինայում պատերազմը կավարտվի, այլ իրողություներ կձևավորվեն, և կշարունակի այդ ֆորմատը գոյություն ունենալ: Որքան էլ այս իշխանությունները այդպես բարձրագոչ հայտարարություններ անեն, Հայաստանի շահերից չի բխում մնալ միայնակ ընդդեմ Թուրքիայի և Ադրբեջանի»:
Բաքվից կոչ են անում «խոսելու փոխարեն գործել»
Փաշինյանի այսօրվա առաջարկին Բաքվից արձագանքել է արտգործնախարարության խոսնակը՝ դարձյալ սոցցանցային գրառմամբ՝ կոչ անելով խոսելու փոխարեն գործել։ Հայաստանի վարչապետի առաջարկներից և ոչ մեկին բովանդակային առումով չպատասխանելով՝ Այխան Հաջիզադեն Բաքվի թերահավատությունն է արտահայտել, թե Հայաստանը խաղաղություն է ուզում:
«Եթե Հայաստանն իրոք շահագրգիռ է իր հարևանների հետ խաղաղության հաստատմամբ, ինչո՞ւ եք ամեն կերպ հրաժարվում ազատվել Սահմանադրության և ազգային օրենսդրության շրջանակներում հիշատակված տարածքներից , որոնք դուք անվանում եք «Արևմտյան Հայաստան» և «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն»,- նշել է Հաջիզադեն՝ նկատի ունենալով Հայաստանի Մայր օրենքում հիշատակված Անկախության հռչակագիրը։