39 մահ ՃՏՊ-ից այս տարի
Երևանի Բագրատունյաց պողոտայի վրա օրերս՝ ցերեկային ժամին, վրաերթի հետևանքով մի տարեց տղամարդ է տեղում մահացել, նա ճանապարհատրանսպորտային պատահարներից Հայաստանում այս տարի մահացած 39-րդ մարդն է: Հայտնի է նաև անցյալ տարվա վիճակագրությունը՝ 2024-ին ՃՏՊ-ներից Հայաստանում մահացել է 333 մարդ, դրա նախորդ տարին՝ 379։
ՃՏՊ-ներից տարեկան զոհերի թիվը բարձր էր և՛ 5 տարի առաջ՝ 341, և՛ 10 տարի առաջ՝ 2014-ին՝ 297 մարդ: Ճանապարհային անվտանգության մասին վերջին հետազոտության համաձայն` Հայաստանը Եվրամիության արևելյան հարևանության երկրների շարքում ամենավատ ցուցանիշն ունի՝ 12.7։ Այս թիվը հաշվարկվում է տարվա ընթացքում 100 հազար բնակչի հաշվով մահերի քանակով: Համեմատության համար նույն ցուցանիշը Վրաստանում 11.5, Ադրբեջանում՝ 8.5 է, իսկ Եվրամիության երկրներում միջինացված ցուցանիշը 3 անգամ պակաս է՝ 4.5 է՝ ըստ Համաշխարհային բանկի տվյալների։
«Յուրաքանչյուր հարց քաղաքական կամքի խնդիր է»
«Յուրաքանչյուր հարց քաղաքական կամքի խնդիր է, եղավ քաղաքական կամք, հարցերը կլուծվեն: Կարծում եմ՝ մեզ մոտ պահից պահ է առաջանում այդ կամքը, օրինակ՝ երբ լինում է մեծ, խոշոր վթար, ցավոք, մարդիկ զոհվում են, միանգամից բոլորն արթնանում են», - «Ազատությանն» ասաց «Ճանապարհային անվտանգության ազգային խորհուրդ» ՀԿ ղեկավար Պողոս Շահինյանը:
Համաշխարհային բանկի՝ ճանապարհային անվտանգության մասին վերջին զեկույցի համաձայն`Հայաստանի նման մտահոգիչ ցուցանիշի պատճառները հստակ չեն ու բազմազան են՝ ճանապարհային ենթակառուցվածքների որակից մինչև մեքենաների անվտանգության չափանիշներ։
30 էջանոց զեկույցի հեղինակները խորհուրդ են տալիս հարցն ուսումնասիրել։
«Հայաստանի ճանապարհատրանսպորտային պատահարների մահացության բարձր մակարդակը հետագա քննության կարիք ունի ճանապարհային անվտանգության քաղաքականության մշակման ու դրա արդյունավետ իրականացման համար: Անհամամասնությունների ըմբռնումը անհրաժեշտ է ճանապարհային անվտանգությունը բարելավելու և մահացության ցուցանիշը նվազեցնելու համար», - գրված է զեկույցում:
Այնուամենայնիվ, որևէ գերատեսչություն այս թեմայով խորը ուսումնասիրություն չի արել։ Ու թեև Հայաստանում ամեն տարի ավելի քան 300 մարդ զոհվում է ՃՏՊ-ների հետևանքով, միևնույնն է՝ հստակ պատասխան չկա՝ որն է ճանապարհային անվտանգության այսպիսի վիճակի պատճառը, և ինչ հստակ ծրագիր ունի կառավարությունը պատահարների ու զոհերի թվի նվազեցման համար:
Այս հարցին ՀԿ ղեկավարող Պողոս Շահինյանը հետևում է արդեն 2 տասնամյակ:
«Մարդը, կյանքը գնաց, ընտանիքը, ընկերները վշտի մեջ են, դրանով սահմանափակվում են, բայց չէ՞ որ այդ մարդը հասարակության մեջ դերակատարություն ուներ, և այն տրագեդիան, որ մենք այսօր տեսնում ենք, շատ տխուր է», - նկատեց նա:
Վիճակագրական փոփոխություններում իրենց նպաստն են բերել պարեկային ծառայողները. ՆԳ նախարար
Ճանապարհային անվտանգության հարցերով Հայաստանում զբաղվում է միանգամից երկու գերատեսչություն՝ Ներքին գործերի և Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարությունները, բայց մասնագետների կարծիքով՝ թվերն են փաստում, որ բարելավում այդ հարցում չկա: Այնուամենայնիվ, ներքին գործերի նախարարը համաձայն չէ: Վերջին ասուլիսին նա նկատեց՝ 2023-ի համեմատ զոհերի թիվը 2024-ին 45-ով նվազել է։
«Սա, իհարկե, խորհելու տեղիք տվող վիճակագրություն է, և մենք առնվազն այս տարվա կտրվածքով արձանագրել ենք, որ գլխավորապես վիճակագրական այսպիսի փոփոխություններում իրենց նպաստն են բերել պարեկային ծառայողներն ավելի ինտենսիվ աշխատանքով», - ասել էր Արփինե Սարգսյանը:
Պատասխանատու պաշտոնյաներն այս թեմային անդրադառնալիս միանգամից նկատում են՝ Հայաստանում ամեն տարի աճում է ավտոմեքենաների թիվը, իսկ մասնագետները հակադարձում են, թե դա պատճառ չէ մահացության բարձր ցուցանիշների համար, օրինակ՝ Դանիայում Հայաստանից 5 անգամ ավելի շատ մեքենա կա, բայց ճանապարհատրանսպորտային պատահարներից մահվան ինդեքսը չի հասնում անգամ 3-ի։
Ճանապարհը շինարարական նորմերի չի համապատասխանում. Քեյան
Մեկ այլ հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Տիգրան Քեյանի կարծիքով՝ արդարացումներ գտնելու փոխարեն պատասխանատուները պետք է մարդկային զոհերի թվի նվազման հարցով զբաղվեն, բայց չեն վերացվում ճանապարհների անգամ ակնհայտ խնդիրները:
«Վերցնենք Երևան-Գյումրի ճանապարհը. արդեն քանի տարի է՝ հեղափոխությունից առաջ էլ էր այդպես վերանորոգման վատ վիճակում, 6 տարի անցել է, էլի նույն վիճակում է, բայց ոչ մի շինարարական նորմերի չի համապատասխանում անվտանգության, և մինչև օրս ոչ մի փոփոխություն չի լինում: Քանի դեպք է եղել, 5-7 հոգի զոհ ենք ունեցել մի վթարից: Հիմա էլ է շինարարություն, հիմա էլ է նույն վիճակը», - ասաց Տիգրան Քեյանը:
2024-ին 10 հազար 337 քաղաքացի զրկվել է վարորդական իրավունքից
Երթևեկության կանոնները խախտող վարորդներին զսպելու համար Հայաստանում վերջին 10 տարիներին և՛ տուգանքն է աճել, և՛ 2020-ից էլ գործում է բալային համակարգ, որի միջոցով ամենաանբարեխիղճ վարորդները զրկվում են վարելու իրավունքից: Ի պատասխան «Ազատության» հարցման՝ Ներքին գործերի նախարարությունից տեղեկացրել են՝ անցյալ տարի 10 հազար 337 վարորդ զրկվել է վարորդական իրավունքից, սակայն զուգահեռ ևս 24 հազար նոր վարորդ ստացել է վարորդական իրավունք:
Բացի այդ, այս տարի իշխանությունը որոշեց օրենքը բարելավել խախտումներ անող վարորդների համար՝ տարեկան բալերի քանակը 9-ից դարձնելով 13: Պողոս Շահինյանը, որը կառավարությունում ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի անդամ է՝ որպես քաղհասարակության ներկայացուցիչ, կարծում է, որ առանձին քայլերով հնարավոր չէ բարելավել երթևեկության անվտանգությունը:
«Այդ ամենը երբ համալիր եղավ, մենք կհասնենք հաջողության: Հակառակ դեպքում այսօր բոլոր գերատեսչությունները գործ անում են, բայց այդ աշխատանքը պետք է համատեղ լինի, իսկ համատեղի համար ռազմավարությունն է ու գործունեության ծրագիրը», - շեշտեց նա:
Համակարգված աշխատանքի համար, ըստ մասնագետի, հարկավոր է ռազմավարություն, որը դեռ 2023-ին պատրաստ էր, սակայն այդպես էլ չի ընդունվել: Ի պատասխան «Ազատության» հարցման՝ Տարածքային կառավարման նախարարությունից ասացին, որ այդ ռազմավարությունը ներառելու են մեկ այլ՝ տրանսպորտի ռազմավարության մեջ, որը դեռ մշակում են, ու պարզ էլ չէ՝ երբ պատրաստ կլինի:
Հայաստանում վերջին 10 տարում ՃՏՊ-ներից մահացել է ավելի քան 3 հազար մարդ, իսկ երթևեկության անվտանգության բարելավումը և՛ ԵՄ-ի հետ համապարփակ գործընկերության համաձայնագրի պահանջ է, և՛ ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակի թիրախ, ըստ որի՝ մինչև 2030 թվականը ճանապարհային երթևեկության մահվան դեպքերի թիվը ՀՀ-ում պետք է առնվազն կիսով չափ կրճատվի։