Մատչելիության հղումներ

34 փոս տասը րոպեում. վարորդները տարակուսած են ՆԳ նախարարի հայտարարությունից


Ներքին գործերի նախարարը հավանաբար վերջին շրջանում կենտրոնից Մասիվ չի գնացել կամ էլ նրա ավտոմեքենան յուրահատուկ ամորտիզացիա ու աեորոդինամիկա ունի. թե այս ճանապարհին քանի անգամ փոսի մեջ կընկնեք, արդեն հաշվել ենք. փոսերից մեկից անգամ պետհամարանիշ հայտնաբերեցինք։

Մայրաքաղաքի փողոցներով 10 րոպե երթևեկելիս տասնյակ փոսեր հայտնաբերեցինք, մեքենան 34 անգամ ցնցումների մեջ հայտնվեց։ Փոսերից դժգոհ են բոլոր վարորդները։ Տեղանքին ծանոթները փորձում են մանևրել, մյուսները հաճախ ամբողջ թափով ընկնում են փոսը:

Թափքերը կամ անիվները վնասելու ու նույնիսկ պայթելու մասին զրույցներ ամենուր է հնարավոր լսել. վերջերս մեքենան վնասած մի վարորդ խոստացված ասֆալտին չէր սպասել, պայթած անվադողը դրել էր փոսի մեջ, որպեսզի մյուս վարորդները նույն պատմության մեջ չընկնեն։

Վարորդները հակառակ ներքին գործերի նախարարի, պնդում են, թե վթարների հիմնական պատճառներից մեկը հենց փոսերն են։ ՃՏՊ-ների թիվը մայրաքաղաքում տարեց տարի մեծանում է։ 2023-ին ընդհանուր առմամբ 1930 վթար է գրանցվել, 82 մարդ զոհվել է, ավելի քան 2 հազարը վիրավորվել։ 2022-ին վթարների թիվը 133-ով պակաս էր, զոհվել էին 53-ը։

Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, մինչդեռ, միջադեպերի աճող վիճակագրության իր բացատրությունն ունի. ասում է՝ ճանապարհները լավն են, փոսեր չկան. վարորդներն արագություն են հավաքում։ Վարորդները նախարարին լսել են՝ տարակուսած են:

«Գնալով ավելի ա շատանում էս վիճակը, խրամատներ են ոչ թե փոսեր», - նշեց բնակիչներից մեկը:

Աղն է պատճառը. անցած ամիս քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսպես բացատրեց մեծաթիվ փոսերի առկայությունը: Ձյան դեմ պայքարում աղի չափաբաժինն ավելացրել են, որ ճամփան շուտ հալվի ձյունից, չսառչի:

Քաղաքապետարանից տեղեկացնում են՝ աշխատանքները վաղը կմեկնարկեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG