Մատչելիության հղումներ

Մահվան ելքով վթարից 3 օր անց վարորդի նկատմամբ հետախուզում չկա. ինչպե՞ս է կարողացել անարգել հեռանալ Հայաստանից


Երիտասարդ ընտանիքի մահվան պատճառ դարձած ավտովթարից երեք օր անց իրավապահները դեռ հետախուզում չեն հայտարարել դեպքի վայրից փախած վարորդի նկատմամբ։

«Մարդը երկրի ներսում փախել է ոստիկանների ձեռքից, իբր թե շտապօգնության կարիք է ունեցել, դրել են շտապօգնության ավտոն, ճանապարհին մարդը թողել փախել է, այսի՞նքն: Դրանից երևի 5 րոպե հետո պիտի հետախուզում հայտարարվեր էլի», - ասաց իրավապաշտպան Լևոն Բարսեղյանը:

Քննչական կոմիտեում հարուցված քրեական գործը ճանապարհային անվտանգության կանոնները խախտելու, նաև առանց իրացնելու թմրամիջոցներ շրջանառելու մասին է, այնինչ, ըստ իրավապաշտպան Լևոն Բարսեղյանի, Քննչականը պարտավոր էր մեղադրանք ներկայացնել այն իրավապահներին, որոնց թողտվությամբ վթարի մասնակիցներից մեկը հիվանդանոցի ճանապարհից փախուստի է դիմել և հեռացել երկրից։ Ընդ, որում, ըստ ՔԿ-ի, փախուստի դիմածի ավտոմեքենայի ուղևորի նստատեղի վրա մարիխուանայի նման զանգված է եղել, այն այժմ փորձաքննում են։

Լևոն Բարսեղյան
Լևոն Բարսեղյան

«Դրանից երևի թե մեկ օր հետո մենք պետք է լսեինք անփութության հետևանքով կամ, չգիտեմ, պարտականությունները պատշաճ չկատարելու հետևանքով աշխատանքից հեռացված իրավապահների մասին լուրեր», - նշեց իրավապաշտպանը:

Արդյոք փախուստի դիմած վարորդը թմրամիջոցի ազդեցության տա՞կ է եղել, ինչպե՞ս է կարողացել վթարից հետո անարգել հեռանալ Հայաստանից՝ Քննչականն այս ու այլ հարցերի պատասխանները դեռ չի տալիս։ Վթարի 32-ամյա զոհերը՝ Նապոլեոն Մկրտչյանը, կինը Նազելին ու նրանց 7-ամյա որդին՝ Դավիթը, Գյումրիում էին բնակվում։ «Ֆեյսբուք»-ում երիտասարդ ընտանիքի ուրախ լուսանկարների տակ քանի օր է ցավակցություններ են:

«Գյումրի բժշկական կենտրոնի» տնօրենի տեղակալ Արմեն Խաչատրյանն «Ազատության» ասաց՝ ամուսինները տեղում են մահացել, երեխային հասցրել են հիվանդանոց, բայց, ցավոք, նրա կյանքը հնարավոր չի եղել փրկել։

«Երեխային տեղափոխել է պատահական անցորդ, երեխայի մոտ վերակենդանացման միջոցառումները եղել են անէֆեկտիվ», - ասաց Խաչատրյանը:

Հայաստանյան լրահոսը վերջին շրջանում լի է մահվան ելքով ավտովթարների մասին լուրերով։ Ոստիկանության տվյալներով, օրինակ, անցած 3 օրերին արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 36 պատահար. 4 մարդ զոհվել է, 61-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Վերջին 10 տարիների ընթացքում զոհերի տարեկան թիվը հիմնականում գերազանցել է 300-ը, այսինքն՝ գրեթե ամեն օր մեկ մարդ է զոհվել ավտովթարից։

Ինչո՞ւ է մեքենայով երթևեկելը Հայաստանում օր օրի դառնում ավելի վտանգավոր։

«Ինձ թվում է 200-ից ավելի պատճառ ենք գտնելու. արագության գերազանցումը դրանցից ընդամենը մեկն է, մեքենայի սարքին չլինելն է, վարորդական որակն է, վարորդի խմածությունն է, վարորդի թմրանյութեր օգտագործած լինելն է և բազմաթիվ ուրիշ հարցեր», - ընդգծեց Լևոն Բարսեղյանը:

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը տարիներ շարունակ հետևում և ուսումնասիրում է ճանապարհային վթարների վիճակագրությունը, կազմել է գրաֆիկներ, հարցումներ ու առաջարկներ է անում պատասխանատուներին, բայց, ասում է, ոչինչ չի փոխվում։

«Արվող գործողությունները ծայրահեղ անբավարար են, որպեսզի խնդիրը կարգավորեն: Ժամանակին ասացին՝ արագաչափեր ենք դնում, որպեսզի խնդիրը կարգավորվի, չի օգնում, հետո ասում են, թե արագընթաց մեքենաներ են հայտնվել, մենք ի՞նչ անենք, դուք ի՞նչ անեք, վարորդական վկայականները կաշառքով, կոռուպցիայով են ստանում, մենք ի՞նչ անենք, դուք ի՞նչ անեք», - նշեց նա:

«Ճանապարհային պատերազմ»

Բարսեղյանը բազմիցս է առաջարկել իշխանություններին պարզապես որոնել այս ոլորտում հաջողությունների հասած երկրների օրինակները, յուրացնել նրանց փորձը, կատարել ոչ թե հատվածային, այլ համակարգային փոփոխություններ։ Հակառակ դեպքում, ճանապարհային այս պատերազմը սպառնում է է՛լ ավելի շատ կյանքեր խլել։

«Հայաստանի այդ ոլորտները կարգավորող մարմինները՝ Ճանապարհային ոստիկանություն, Ճանապարհային դեպարտամենտ, Ներքին գործերի նախարարություն, չեն կարողանում տիրապետել իրավիճակին, վերահսկել ու հետևողականորեն ջանքեր ներդնել, որպեսզի նվազեցվի այդ ողբերգությունների, պատահարների, փորձանքների թիվը: Իսկ սա իսկապես պատերազմ է ավտոճանապարհներին», - ընդգծեց իրավապաշտպանը:

Բարսեղյանը նկատում է, որ հարկավոր է ունենալ ավտովթարների էլեկտրոնային քարտեզ՝ իր պատճառներով, վեր հանված խնդիրներով և վերլուծել այն, որպեսզի հնարավոր լինի նվազեցնել մահերի վիճակագրությունը։ Մեկ նշան ավելի գծելով կամ արագաչափ տեղադրելով՝ ճանապարհներն անվտանգ չեն դառնա, հարկավոր է նաև հանդիպել փորձառու վարորդներին, լսել նրանց առաջարկները, որոնք մինչև այսօր մնացել են թղթի վրա, պատմում է Բարսեղյանն ու իր օրինակը բերում. նամակ էր գրել Ներքին գործերի նախարարություն, ահազանգել, որ Արմավիրից Երևան տանող ճանապարհի՝ Էջմիածնի հատվածում կարելի է ավելացնել զգուշացնող նշանները, բայց ստացել է ընդամենը շնորհակալություն ու մերժում։

«0-ից հարկավոր է աշխարհի լավագույն փորձով մշակել կարգավորման մեխանիզմներ: Ուրիշ ձև չկա, յոլա տանելով, կոսմետիկ փոփոխություններով, 2 գիծ ավելի գծելով, 3 նշան ավելի դնելով, այս խնդիրը չի լուծվում», - ասաց Բարսեղյանը:

Վթարների մահվան վիճակագրությամբ Հայաստանն ամենավատ հորիզոնականներից մեկում է՝ 2-րդ տեղում Եվրամիության և Արևելյան հարևության 33 երկրների շարքում։ Ներքին գործերի նախարարությունից փոխանցեցին՝ թեև Հայաստանում չկա ճանապարհատրանսպորտային վթարները նվազեցնելու ռազմավարություն, բայց յուրաքանչյուր դեպք վերլուծում են՝ փորձելու գտնել լուծումներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG